Նորություններ

Ապօրինի հարստացումը քրեականացվեց Հայաստանում

Ապօրինի հարստացումն այսօրվանի՝ հուլիսի 1-ից սկսած համարվում է քրեական հանցագործություն։ Մինչ այս ՀՀ քրեական օրենսգրքում ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ հոդված չկար։

«Հուլիսի 1-ից մեր իրավապահ մարմինների գործիքակազմը համալրվում է նորով` ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ հոդվածով, կոռուպցիոն դեպքերը քննարկելիս մեր իրավապահները կարող են գործեր հարուցել՝ օգտագործելով նաև այս հոդվածը»,- ասում է Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։

Ապօրինի հարստացման քրեականցման հանցագործությունները կբացահայտի Հատուկ քննչական ծառայությունը, այդպես է նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

Այս ինստիտուտը ներդրվեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի ջանքերով՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում․ «Մեզ համար սա շատ կարևոր ռեֆորմ է, մենք կարևորում ենք, որ այն թղթի վրա չմնա, այս պարագայում ունենք մեկ հնարավորություն՝ հասարակական դիտարկում իրականացնելը։ Սկսած հուլիսի 1-ից մենք դիտարկելու ենք այս ռեֆորմի իրականացումը և պարբերաբար կկազմենք զեկույցներ ու այն կներակայացնենք և՛ հանրությանը, և՛ կառավարությանը, և՛ միջազգային մարմիններին։ Այսինքն՝ իրականացնող մարմինները լինելու են հանրային աչքի, մասնագիտական վերահսկողության տակ»,- ասում է ԻՀԱ ղեկավար Կարեն Զադոյանը։

Ապօրինի հարստացման քրեականցումը դեռ չի ենթադրում, որ Հայաստասնի բանտերը այսօրվանից լցվելու են նման ճանապարհով կարողություններ կուտակած անձանցով, անելիքներ շատ կան․ «Ռեֆորմը իրականացնելու մյուս գործիքները ցավոք հուլիսի 1-ից ներդրված չեն, խոսքը ազդարարների իրավունքների պաշտպանության, հարթակի ինչպես նաև Հակակոռուպցիոն կանխարգելիչ այդ հանձնաժողովի մասին է, դրանք օրենքի ուժ կստանան 2018թ․-ին»,- նշում է Կարեն Զադոյանը։

Ապօրինի հարստացման բացահայտման գործում բացի իրավապահ մարմիններից դերակատարություն պետք է ունենա նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որն օրենքի ուժով պարտավոր է պաշտոնյաների հայտարարագրերում առկա կասկածելի տեղեկատվությունը փոխանցել դատախազությանը։ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասում է․ «Փոխադարձ է՝ նրանք աշխատելու են հարցումների դեպքում, ինչպես նաև վերլուծական գործիքներ են մշակում, ռիսկեր են գնահատելու, եթե ռիսկ բացահայտեն ապօրինի հարստացման պարտավոր են այն փոխանցել իրավապահ մարմիններին»։

Կարեն Զադոյանի փոխանցմամբ՝ նախկինում այս ինստիտուտի առկայության մասին քննարկումները ավարտվում էին հուսալքող դիտարկումներով, թե այն անհնար է ներդնել մեր երկրում, սակայն ապացուցվեց հակառակը․ «Սրանով մենք ապացուցեցինք, որ որևէ բան անհնար չէ, պետք է հետևողականություն կամք և միասնական ներուժ՝ հանրության և իշխանությունների, այդ դեպքում յուրաքանչյուր ռեֆորմ ոչ միայն կարող է իրականություն դառնալ օրենքի կամ իրավական ակտի տեսքով, այլ նաև կատարման և դրանից բխող արդյունքներով, որոնք հանրության համար տեսանելի կլինեն»,- շեշտեց պարոն Զադոյանը։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել