Նախադեպային նոր որոշում է կայացվել ՃՈ տուգանքների վերաբերյալ

Թիվ ՎԴ3/0196/05/16 վարչական գործերով 2017 թվականի հունիսի 19-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման առանձնահատկությունների վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործը վարչական դատարանում կարող է հարուցվել միայն օրենքով սպառիչ թվարկված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում, որոնց բացակայության դատավարական հետևանքը հանգում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.3-րդ հոդվածի հիմքով հայցադիմումը վերադարձնելուն:

ՀՀ վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարել իրավակիրառ պրակտիկայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավակարգավորումներին տրված այն մեկնաբանությունը, որ օրենքով նախատեսված զանցանքների համար նշանակված տուգանքի չափի ավելացումը կատարվում է ինքնաբերաբար, իրավունքի ուժով և չի հաստատվում իրավասու վարչական մարմնի կողմից ընդունված առանձին վարչական ակտով: Սակայն ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ եթե հանրային իրավական դրամական պահանջի հիմքում ընկած է ֆիզիկական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ տուգանք նշանակելու մասին անբողոքարկելի վարչական ակտ, որով առաջադրված տուգանքի չափը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը, ապա տվյալ դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «ա» կետով սահմանված՝ հանրային իրավական դրամական պահանջով նախատեսվող գումարը դատական կարգով բռնագանձելու հիմքը բացակայում է՝ անկախ այն հանգամանքից, որ անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված տուգանքի և դրա՝ իրավունքի ուժով ավելացած մասի հանրագումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը: Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վերը նկարագրված դեպքում բացակայում են նաև այդ հանրային իրավական դրամական պահանջը դատական կարգով հարկադիր կատարելու մյուս հիմքերը, ապա վարչական դատարանը պարտավոր է որոշում կայացնել վարչական մարմնի հայցադիմումը վերադարձնելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել