Նոր կանոններ՝ հասարակական կազմակերպությունների հիմնադրման գործընթացում․ մանրամասնում է Կարեն Զադոյանը

Ոչ մի դեմ ձայն․ այսուհետ հասարակական նոր կազմակերպությունների հիմնադրման մասին որոշումը պետք է ընդունվի միաձայն։ Սա «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի պահանջներից մեկն է։ Այսօր Երևանում տեղի ունեցավ արդեն երրորդ դասընթացը՝ փոփոխված իրավական ակտի վերաբերյալ։

Դասընթացներն իրականացվում են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, դրանք վարում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, նույն ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը։

Պարոն Զադոյանի խոսքերով` կազմակերպությունը չի կարող հիմնադրվել, եթե որևէ անդամ դեմ քվեարկի․ «Օրենքը հնարավորություն է տալիս, որ նախաձեռնողները հիմնադիր պայմանագիր կնքեն և նկարագրեն այն պայմաններն ու ժամկետները, թե երբ ու ինչ պայմաններում պետք այն հիմնադրվի, որպեսզի հետագայում անակնկալներ չլինեն»,- հայտնեց բանախոսը։

Հասարակական կազմակերպությունների գործառույթներին վերաբերող մյուս որոշումներում քվեարկության մեխանիզմներն այլ են․ «Կազմակերպության կանոնադրությունը հաստատվում է ձայների 2/3-ով, մնացած բոլոր որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ՝ դա կարող է լինել գործադիր մարմնի ղեկավարի վերաբերյալ որոշումը, ինչպես նաև եթե այլ մարմիններ է կազմակերպում կազմակերպությունը»,- մանրամասնեց պարոն Զադոյանը։

ԻՀԱ ղեկավարի փոխանցմամբ՝ հիմնադիր ժողովի արձանագրությունը պետք է պարունակի ժողովի գումարման կամ կազմակերպման օրը և վայրը, ժողովին մասնակցելու իրավունք ունեցող և ժողովին մասնակցած անձանց անունները, ազգանունները, իսկ մասնակիցների թիվը տասից ավելի լինելու դեպքում՝ միայն ժողովին մասնակցելու իրավունք ունեցող և ժողովին մասնակցած անձանց քանակը, ժողովի օրակարգը, քվեարկության դրված հարցերը, քվեարկության արդյունքները, ընդունված որոշումները, հիմնադիր իրավաբանական անձի անվանումը և գրանցման համարը, ինչպես նաև հիմնադիր ժողովի արձանագրությունը ստորագրում են ժողովի նախագահողը և քարտուղարը:

Արդյոք ժողովի գումարման կամ կազմակերպման վայրը պետք է հստա՞կ նշել, թե միայն քաղաքի անվանումը բավական կլինի, հարցին պարոն Զադոյանը պատասխանում է․ «Ընդհանրապես վայր ասելով մենք նկատի ունենք կոնկրետ բնակավայրը, որտեղ տեղի է ունենում, սակայն ԱՆ-ի գրանցման համապատասխան գործակալության կողմից լինում են դեպքեր, երբ վայր ասելով հասցեն են նկատի առնում, սակայն վայրը ընդհանուր բնակավայրն է։ Օրենքի ճիշտ մեկնաբանման խնդիր կա այստեղ, պետք է նշեք, օրինակ՝ «վայր՝ Երևան քաղաքում», և վերջ, այո, կարող եք հստակ հասցեն գրել, օրենքը չի արգելելու, միաժամանակ չի էլ պարտադրում»,- պատասխանեց բանախոսը։

Նկատենք, որ ծրագրի շրջանակներում իրականացվում են նաև անհատական խորհրդատվություններ, առաջիկայում իրավաբանական թիմը կաջակցի ՀԿ-ներին կանոնադրությունները համապատասխանեցնել նոր պահանջներին։

Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել