Իմ արածն ինձ բավարար չէր լինի, եթե դիրքերում չլինեի. Գևորգ Մանուկյան

Արցախի ՊԲ նախկին զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Մանուկյանը ՀՀ «Արիության» մեդալակիր է, ինչպես նաև Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ։ Ապրող ու ապրեցնող հերոսը ծնունդով Շիրակի մարզի Արթիկի շրջանի Հոռոմ գյուղից է, տան կրտսերն է, երկու քույր ունի:

-Ծառայությունդ սկսել ես Մուղնու հակաօդային պաշտպանության ուսումնական զորամասում, 6 ամիս անց բարձրացել ես դիրքեր ու վերադարձել միայն զորացրվելիս, տարի ու կես դիրքերում. ինչպե՞ս ստացվեց:

-Ես այդքան էլ չեմ հասկանում շարայինով, երգելով ճաշարան գնալու իմաստը: Իմ արածն ինձ բավարար չէր լինի, եթե դիրքերում չլինեի: Քիչ կլիներ: Իսկ դիրքերում դու հասկանում ես արածիդ արժեքը: Ու էնպես ստացվեց, որ Եղնիկներ տեղափոխվելուց մեկ օր հետո դիրքեր բարձրացա ու իջա, երբ արդեն զորացվելուս ժամանակն էր:

2016 թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Գևորգը նկատել է թշնամու ՄԻ-8 ուղղաթիռը, որը դեսանտային ուժեր էր մոտեցնում հայկական տարածքին: Երիտասարադը  արագ լիցքավորելով զենքը, մոտ 3 կիլոմետր հեռավորությունից «Իգլա» համալիրից հրթիռ է արձակում և խոցում հակառակորդի ուղղաթիռը։

-Ե՞րբ ես գիտակցել արածդ:

-Չգիտեմ, երևի այդ պահին: Բայց հիմա որ հոգեբանական առումով ասեմ, երևի մինչև հիմա էլ չեմ հասկանում:

-Սաստո՞ղ հարված էր:

-Այո՛, սաստող էր, դրանից հետո մի քանի ժամ կրակոցները քչացել էին: Երևի հասկացել էին:

-Փոքր տարիքում ցանկություն ես ունեցել ծառայելու հատուկ ստորաբաժանումում, ինչու՞:

-Ավելի կոնկրետ՝ դեսանտային ուժերում: Իսկ ուղղաթիռը, որ խփեցի 22 դեսանտային էր տեղափոխում:

-Սրտիդ վրեժը լուծեցի՞ր:

-Այո՛:  😀

-Բանակում հիմանականում ինչ խնդիրների ե՞ք բախվում: Ի՞նչը կարիք ունի փոփոխության:

-Հիմա որ ասեմ ամեն ինչ նորմալ է՝ չեք հավատա, բայց իսկապես՝ ոչինչ: Եթե փոխելու բան էլ կա պետք է արդարացված փոփոխություն լինի:

Քառօրյա պատերազմի մասնակիցներ Շուլի Հակոբյանը, Գևորգ Մանուկյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը

-Ապրիլյան քառօրյայից հետո հասարակությունը քննարկում էր այն հարցը, թե մայիսի 9-ի կապակցությամբ հնարավոր է հակառակորդը նոր հարձակում նախապատրաստի, իսկ դուք սպասու՞մ էիք:  

-Պարտադիր չէ, որ ապրիլյան դեպքերը լիներ, դրանից հետո նոր ենթադրեինք, որ հարձակում կլինի, կամ չէ: Մենք ապրիլից առաջ էլ միշտ սպասել ենք:  Եթե ունենք հակառակորդ պետություն, թշնամի, այն էլ Ադրբեջանի նման, միշտ պետք է սպասել նրանց հարձակմանը: Ավելի ճիշտ ոչ թե միշտ սպասել, այլ՝ միշտ պատրաստ լինել:

-Օրերս թշնամին նորից դիվերսիոն փորձ էր կատարել ու չնայած, որ տղաները խմբին ետ էին շպրտել, այնուամենայնիվ, ըստ քեզ, ի՞նչն է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ ակտիվանում է հակառակորդը, մեր զգոնության պակա՞սը:

-Հակառակորդը զուտ փորձում է հոգեկան առումով մեզ ճնշել: Բայց նրանք էլ լավ գիտեն, որ մեր զինվորների բարոյահոգեբանական տրամադրվածությունը շատ բարձր մակարդակի է գտնվում, ու իրենց այդ գործողություններով փորձում են փչացնել այդ ամենը՝ չգիտակցելով, որ չի ստացվում միևնույն է: Մենք պատրաստ ենք նոր հարձակումներին: Մեզ երբեք դա պետք չէ, բայց մենք միշտ էլ պատրաստ ենք եղել:

Գևորգը պատմում է, որ իրեն շատ հետաքրքիր ու հաճելի է գրքեր կարդալը: Երբ հարցրի, թե ի՞նչ գրքեր ես կարդացել, ո՞րն ես հավանել, հեղինակների ու վերնագրերի տարափ սկսվեց, որոնցից էին ինչպես հայտնի դասականները, այնպես էլ արտասահմանյան գրականության ոչ շատ հայտնի հեղինակներ: Դոստոևսկուց մինչև Դանթե, Թեոդոր Դրայզեր, Հերման Հեսսե ու Նիցշե:

Զարմանալի հիշողությամբ, հրաձիգը տող առ տող հիշում էր կարդացած յուրաքանչյուր գիրքը՝ իր ողջ պատմությամբ: Իսկ երբ հարցրի, թե այդքան դիպուկ կրակելու պատճառը և՞ս դա էր, պատասխանը կարճ էր ու հստակ՝ միանշանակ:

-Ամենամեծ առավելությունդ ու թերությունդ ո՞րն է:

-Առավելությունս երևի, որ երբեք չեմ մերժում իմ ծանոթներին ու հարազատներին: Ես, ամեն պահին ինչով կարողանամ կօգնեմ: Սա երևի հենց առավելությունս է ու միաժամանակ էլ թերությունս: Չեն չարաշահում, բայց երբեմն դիմացինիդ օգնելու համար կարող է քեզ էլ նեղություն տալով լինի, բայց անես: Անթերի որ լինեի, հետաքրքիր չէր լինի:

 -Բանակից քեզ ովքեր ընկերներ մնացին:

-Շատերը, աչքի ընկած տղաներից շատերի հետ ծանոթացել եմ պարգևատրումների օր: Մենք միգուցե իրար չենք ճանաչում, կապ չի լինում, բայց այդ օրերին էլ իմանում էինք, որ այսինչ տեղն այս անունով զինվորը ինչ-որ բան է արել: Ու արդեն ցանկություն էր լինում ճանաչելու, իմանալ՝ ով է: Հիմա էլ, շատ լավ ընկերներ ենք իմ սպայի հետ, կապը պահում ենք, իր հետ շատ մոտ եմ:

Ալիսա Չիլինգարյան

Այս թեմայով այլ հարցազրույցներ կարդացեք Ապրող և ապրեցնող հերոսներ շարքում 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել