ԿԳՆ-ն նոր ծրագիր է հանրային քննարկման դրել

ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել Լեզվական քաղաքականության 2018-2023 թթ. պետական ծրագիրը՝ հրապարակելով այն e-draft.am կայքում։

Նշվում է, որ ծրագրի իրավական հիմքերն են` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, հայերենի գործառությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներ և իրավական ակտեր, միջազգային համաձայնագրերը:

Ծրագրի բնագավառներն են` օրենսդրական դաշտի կատարելագործումը, գրական հայերենի կանոնարկումը, կրթության համակարգը, համացանցում հայերենի  լիածավալ ներկայացման  ապահովումը, հայերենի հանրային ուսուցման ապահովումը, զանգվածային լրատվության միջոցներին աջակցությունը, հրապարակային գրվածքները, ազգային փոքրամասնությունների լեզվական խնդիրները, Հայաստան-Սփյուռք լեզվահարաբերությունները, օտար լեզուների ուսուցման համակարգը:

Նշվում է, որ վերջին տարիներին առաջ եկած տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական ու հոգեբանական նոր իրողություններն ու իրավիճակը պահանջում են վերանայել և արդյունքում ունենալ լեզվական քաղաքականության այնպիսի ծրագիր, որը նախորդի համեմատությամբ առավել իրատեսական և իրականանալի է: Այս նախագիծը նպատակ ունի առավել համակողմանի, ճշգրտված, ժամանակին համահունչ դարձնելու պետական լեզվահարաբերությունները հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Ըստ ԿԳՆ-ի՝ ներկայիս համաշխարհայնացման գործընթացների պայմաններում առավելագույնս կարևորվում են պետական լեզվի` ՀՀ տարածքում լիակատար գործառության և պաշտպանվածության, ինչպես նաև օտար լեզուների ուսուցման, նրանց բաշխվածության խնդիրները: Դրանց արդյունավետ լուծման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել մշակութային ներդաշնակ համագործակցության զարգացում` բացառելով օտար լեզվամշակութային ներխուժումն ու հայերենի իրավունքների սահմանափակումը:

Նախագծին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել