Ո՞ր դեպքում չեք տուգանվի արգելված վայրում կանգառ կատարելիս

Վարչական իրավախախտումների վերաներյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Բացի այդ, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելը առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

ՎԻՎ օրենսգիրքում նաև առկա է նախազգուշացում կանգառ կատարելու մասով։ Օրենսգրքում ասվում է․

«Կանգառ կատարելու մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել»:

Վարորդների շրջանում թյուր կարծիք կա ձևավորված, որ նրանք կարող են կանգառ կատարել արգելված վայրում, դուրս գալ մեքենայից և վերադառնալ մեկ րոպեի ընթացքում ու չտուգանվել։ Պատահական չէ, որ տաքսու շատ վարորդներ տուգանվում են այն դեպքերում, երբ արգելված կանգառ են կատարում ու օգնում ուղևորներին իրենց իրերն իջեցնել մեքենայից։

Նախազգուշացման կետից հստակ բխում է, որ վարորդները կանգառ կարող են կատարել միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, ոչ թե սեփական հայեցողությամբ մեքենայից իջնելու, բացի այդ այն չպետք է գերազանցի մեկ րոպեն ու խոչընդոտ կամ վթարային իրավիճակ ստեղծի երթևեկության մյուս մասնակիցների համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել