Նոր փոփոխություն կլինի՝ ՀՀ քաղաքացու անձնագրի վերաբերյալ

ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու հետ կապված հարաբերությունները կանոնակագրող` «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված են այն տվյալները, որոնք պետք է ամրագրվեն նշված փաստաթղթերում: Մասնավորապես, հիշյալ օրենքների համաձայն անձնագրում և նույնականացման քարտում, ի թիվս այլ տվյալների, հայերենով և անգլերենով ամրագրվում են քաղաքացու ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը` միայն հայերեն տարբերակում:

Ըստ ոստիկանության՝ իրավակիրառ պրակտիկայում հաճախ խնդիրներ են առաջանում նշված անձնական տվյալների տառադարձման (հայերենից անգլերեն և հակառակը), ինչպես նաև ազգանվան և անվան հայերեն և անգլերեն գրառման ժամանակ: Մասնավորապես, անհամապատասխանություններ են առաջ գալիս այն դեպքերում, երբ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիները կամ օտարերկրյա պետությունում ծնված ՀՀ քաղաքացիները անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար ԱՎ վարչություն են ներկայացնում օտարերկրյա պետության կողմից տրված անձնագրի (կամ պահանջվող այլ փաստաթղթի, ծննդյան վկայականի) օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունները և ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելիս ԱՎՎ կողմից համակարգ մուտքագրվում են անձի հայերեն լեզվով թարգմանված անձնական տվյալները, որոնք ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության կողմից հաստատված կանոններին համապատասխան ծրագրային եղանակով ենթարկվում են ավտոմատ տառադարձման: Սակայն տառադարձման արդյունքում հաճախ առաջանում են անհամապատասխանություններ, երբ անձին օտարերկրյա պետության կողմից տրված անձը հաստատող փաստաթղթում առկա անգլերեն կամ օտարալեզու այլ լատինատառ գրառումը չի համապատասխանում ավտոմատ տառադարձման հետևանքով ՀՀ կողմից տրամադրվող անձը հաստատող փաստաթղթում ամրագրված տվյալներին: Արդյունքում` նույն անձի մոտ առկա է լինում տարբեր անձնական տվյալներով անձը հաստատող երկու փաստաթուղթ: Նշված խնդրի օրենսդրությամբ չկանոնակարգված լինելու հանգամանքը հաճախ առաջ է բերում քաղաքացիների դժգոհությունը, քանի որ նրանք փաստաթղթում ուղղում կատարելու համար ստիպված են լինում կրկին դիմել անձնագրային ծառայություն, ինչն իր հերթին պահանջում է որոշակի ժամանակ, երբեմն նաև` լրացուցիչ վճարումների անհրաժեշտություն:

Նույն խնդիրն առաջանում նաև ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները անձնագրում հայերեն լեզվով ամրագրելու և դրանք ավտոմատ տառադարձելու ժամանակ, քանի որ հաճախ վերջիններս համաձայն չեն լինում տառադարձման արդյունքում անձնագրում ամրագրված տվյալների գրառումների հետ: Տվյալ պարագայում ԱՎ վարչության կողմից անձանցից պահանջվում է ներկայացնել ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության կողմից տրված հավաստում այն մասին, որ տվյալի ամրագումը քաղաքացու նախընտրած տարբերակով չի հակասում տառադարձման կանոններին և հնարավոր է ամրագրել անձը հաստատող փաստաթղթում:

Վերը նշված հարցերին լուծում տալու, քաղաքացիների սպասարկման և մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, միատեսակ վարչարարություն կիրառելու և վարչական մարմնի հայեցողական լիազորությունների չարաշահման ռիսկերը նվազեցնելու նպատակով «Նույնականացման քարտերի մասին» և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքներով նախատեսվել է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթերում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը:

Այս նախագիծը վաղը նախատեսում է ընդունել կառավարությունը՝ վաղվա նիստին։ Այն ներառված է չզեկուցվող հարցերի շարքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել