Հուշագիր՝ Հայաստանում ոչ ֆորմալ բնապահպանական կրթության խրախուսման նպատակով

ՀՀ կրթության և գիտության նախարարության և  «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում ոչ ֆորմալ բնապահպանական կրթության իրականացումը խրախուսելու նպատակով: Հուշագիրը ստորագրել են նախարար Լևոն Մկրտչյանը  և հիմնադրամի տնօրեն Ջինմարի Փափելյանը:

Հուշագրի նպատակն է նպաստել բնապահպանական կրթության կարևորմանն ու առավել տարածմանը ՀՀ կրթական տիրույթում` հանրակրթական (այդ թվում` նախադպրոցական) և մասնագիտական կրթության համակարգերում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնում մեկտեղել ջանքերը համապատասխան պետական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ մասնակցել բնապահպանական ոչ ֆորմալ կրթության խթանման համատեղ աշխատանքներին, ինչպես նաև  հնարավորության սահմաններում աջակցել  ոչ ֆորմալ բնապահպանական  կրթության տարածմանն ու առաջընթացին միտված ծրագրերին և գործողություններին` տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն, նպաստել նշված ոլորտում խնդիրների լուծման հանրայնացմանը և լուսաբանմանը:

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը պարտավորվում է մասնագիտական ներուժն ու մյուս կարողությունները ներդնել ոչ ֆորմալ բնապահպանական կրթության ուղղությունների զարգացմանը, ԿԳՆ-ի և այլ շահագրգիռ կառույցների օժանդակությամբ նպաստել ուսուցիչների և դաստիարակների մասնագիտական առաջխաղացման հնարավորությունների ընդլայնմանը` կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ «Միտք սերմանի´ր, ծառ տնկի´ր» ուսումնական ձեռնարկի  և այլ ուսումնական նյութերի հիման վրա:

Ըստ հուշագրի՝ հիմնադրամը աշխատանքներ կիրականացնի նաև քաղաքացիական կրթության  և համապատասխան մեթոդական աջակցություն ապահովելու ուղղությամբ` հանրակրթության՝ նախադպրոցական, տարրական, միջին և ավագ մակարդակներում, ինչպես նաև մասնագիտական կրթության համակարգում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել