«Զենքը բե՛ր, Գևորգ, զենքը բե՛ր». 22-ամյա Լևոն Սահակյանի սպանության գործով հարցաքննվեց դեպքի ականատեսը

«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանն իր աշխատակցուհու՝ Արեգնազ Թովմասյանի մի քանի ամսվա աշխատավարձը չէր վճարել, հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանկահարել էր նրա նշանածին՝ 22-ամյա Լևոն Սահակյանին, ինչի հետևանքով երիտասարդը մահացել էր:

Սպանության գործով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր դատաքննության ժամանակ քննվեց գործով կարևոր վկա հանդիսացող Արտակ Գրիգորյանը: Լևոնին շուրջ 16 տարի ճանաչող ընկերը դանակահարության պահին եղել է նրա հետ միասին:

Գործով վկա՝ Արտակ Գրիգորյանը (Լևոն Սահակյանի ընկերը)

Նախքան դատավարության սկսվելը դատարանում ներկա լրագրողները թույլտվություն խնդրեցին նաև տեսաձայնագրել դատական նիստի ընթացքը, ինչին Վահան Ղազարյանը առարկեց՝ նշելով, թե նախորդ դատական նիստից հետո հրապարակված նյութերից մեկում՝ վերնագրում իր մասին գրել էին՝ «վիժվածք», նա նաև նշեց, թե հանրության մեջ հայտնի մարդ է, թող լրագրողները դատավարության մասին ինֆորմացիան վերցնեն դատական համակարգից: Այնուամենայնիվ նիստը նախագահող դատավոր՝ Արմեն Խաչատրյանը թույլատրեց տեսաձայնագրել դատավարության ընթացքը:

Նշենք, որ մեղադրական եզրակացության համաձայն Վահան Ղազարյանը Թերլեմեզյան փողոցի 3-րդ հասցեում քաշքշուկի մեջ մտնելով Լևոն Սահակյանի հետ իր մոտ առկա ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս ոտքին և մեկ անգամ կրծքավանդակի շրջանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալը 2016 թվականի հոկտեմբերի 19-ին կանչել է Լևոն Սահակյանին իր աշխատավայր՝ պատճառաբանելով, որ նրա նշանածի՝ Արեգնազ Թովմասյանի չվճարված աշխատավարձը պատրաստ է, կարող է մոտենալ վերցնել, ինչի հետևից ուշ երեկոյան Լևոնը գնացել է գործով վկա՝ Արտակ Գրիգորյանի հետ միասին:

«Լևոնն ինձ զանգահարեց, հարցրեց, թե ի՞նչ եմ անում, ասաց, որ պետք է գումար վերցնենք, իր մեքենայով եկավ, գնացինք, հանգամանքներից այնքանով էի տեղյակ, որ իր նշանածն աշխատել է, բայց գումարը չեն տվել: Մանրամասն տեղյակ չեմ եղել, գիտեի, որ մի 100.000 դրամի պատմություն է: Հարցրի, թե ինչի՞ ենք այս ժամին գնում, Լևոնն ասաց, որ զանգահարել կանչել են, ասել են պատրաստ ա, գնում ենք վերցնենք: Գնացինք, սեփական տներ էին, մեզ մի տղա դիմավորեց, կարծեմ անունը Գևորգ էր, ուղեկցեց ներս, Վահանն արդեն սենյակում էր: Հետո Վահանը Գևորգին ասաց, որ դուրս գա սենյակից»,-պատմում էր Արտակ Գրիգորյանը:

Երիտասարդի խոսքով մի քանի րոպե հանգիստ խոսել են, հետո պարզ է դարձել, որ գումարն էլի չկա, ինչպես ինքն է հասկացել, նախնական պայմանավորվածություն են ունեցել, որ եթե գումարը չլինի աշխատանքի վայրից ֆոտոխցիկներից մեկը Լևոնը կվերցնի իր հետ: Լևոնը ձեռքը մեկնել է սենյակում առկա երկու ֆոտոխցիկներից մեկին, հարցրել՝ հիմա ո՞րն եմ տանում, ինչից հետո Վահան Ղազարյանը բորբոքվել է, սկսել գոռգոռալ:

«Ինքը եկավ Լևոնին կպավ, հավաքեց օձիքից: Ես խառնվեցի, կանգնեցի նրանց մեջտեղում, հանգստացավ նստեց Վահանը: Հետո էլի բորբոքվեց, սկսեց գոռալ՝ էդ ու՞մ կամերան ես տանում, բայց Լևոնը կամերան դրել էր արդեն: Հետո գրպանից դանակը հանեց ու սկսեց սպառնալ, ես շատ վախեցա, հայհոյում էր, գոռում, ում կամերան ես տանում»,-մանրամասնում է վկան:

Այնուհետև նման հարձակում տեսնելով Լևոնը մեկ անգամ հարվածել է Վահան Ղազարյանի ճակատային մասին, ինչի արդյունքում Վահանը հետ է գնացել և կիսապառկած դիրքով հայտնվել թինկումքում գտնվող սեղանի վրա: Հետո դանակով հարձակվել է Լևոնի վրա՝ շարունակելով հայհոյել ու գոռալ: Լևոնը հետ-հետ է գնացել, սենյակում ապակի է կոտրվել, ինչը մի քանի վայրկյանով շեղել է նաև վկայի ուշադրությունը, քանի որ նա կարծել է, թե ինքն էլ է վնասվել:

«Դանակով անդընդհատ առաջ էր գնում Լևոնի վրա, ամեն անգամ էլ հնարավոր է հարված հասցրած լիներ, ես չգիտեմ, թե կոնկրետ որ հարվածն է նրան վիրավորել»,- կոնկրետացրեց Գրիգորյանը:

Երբ նկատել են, որ Լևոնը վիրավոր է, փորձել են դուրս փախչել սենյակից: Վահանի աչքերը կարմրած են եղել, շատ ագրեսիվ է իրեն պահել: Դրանից հետո մոտեցել է ներս մտնելիս հանդիպած Գևորգը, ում էլ ամբաստանյալը գոռացել է, թե ՝«Զենքս բե՛ր Գևորգ, զենքս բեր»:

Լևոնի արնահոսող վերքը, վկայի պատմածի համաձայն, երեքն էլ տեսել են: «Ես տեսել եմ զենքը, սև գույն էր, փողը մոտ 20 սմ կլիներ: Հետո արագ մեքենան ենք նստել, ես շապիկով պահում էի վերքը, որովհետև արնահոսություն էր սկսվել: Լևոնն այդ ժամանակ զանգահարել է հորը, ասել, որ վիրավոր է, հայրն էլ ասաց, որ գնան Հանրապետական հիվանդանաոց, քանի որ ամենամոտը դա է եղել: Մենքենան Լևոնն է վարել»:

Վահան Ղազարյանի շահերի պաշտպան Մնացական Սարգսյանը նախաքննական ցուցմունքի հետ որոշ հակասություններ նկատեց, ինչի համար խնդրեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը:

Հոկտեմբերի 20-ին, հարցաքննության ժամանակ վկան երկու անգամ է հարցանքննվել, առաջին անգամ ատրճանակի առկայության ասին չի նշել, չի հայտնել, որ միասին ներս են մտել, ինչի համար էլ նշեց, որ իրականում շատ վախեցած է եղել ու շոկի մեջ: «Ընդմիջումների ժամանակ հիվանդանոց էի գնում, 5 րոպեն մեկ ասում էին Լևոնի սիրտը կանգնեց, աշխատեց, էդ ժամանակ շոկի մեջ եմ եղել, շատ բաներ չեմ հիշել, բայց հիմա ամեն ինչ մանրամասն հիշում եմ, ինչ պատմում եմ հիմա լրիվ ճիշտ է և պատասխանատվությում եմ կրում ասածիս համար: Հիմա ես ամեն առավոտ ու երեկո հիշում եմ դա, բոլոր մանրամասնություններով»,-պարզաբանեց երիտասարդը:

Նիստերի դահլիճում էր նաև Լևոն Սահակյանի ընկերներից Արմեն Ներսիսյանը, ով միջամտեց դատական նիստի ընթացքը, խառնվեց այն պահին, երբ փորձում էին ամբաստանյալից ճշտել, թե ո՞վ է զնգել Լևոնը՝ իրեն, թե ինքը Լևոնին: «Ինքնա Լևոնին զանգել, ես գիտեմ, ասել արի գումարը տար»,-ասաց Արմեն Ներսիսյանը, ինչից Վահան Ղազարյանը շփոթվեց: «Ըտենց մի նայի, արա, դո՛ւ»,-բորբոքված ասաց Ա.Ներսիսյանը: Դրանից հետո դատավորը դատական սանկցիա կիրառեց ունկնդրի նկատմամբ ու  դուրս հեռացրեց դատարանի դահլիճից:

Գործով հարցաքննվեց նաև Լևոն Սահակյանի նշանածը՝ Արեգնազ Թովմասյանը:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել