Բարեփոխումներ են նախատեսվում ԴԱՀԿ ծառայությունում

Դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում ՀՀ կառավարությունը, կառավարության նոր ծրագրով, նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը կանոնակարգել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հայցի ապահովման նպատակով իրականացվող գործողությունները՝ սահմանելով արգելադրվող գույքի պարտապանի ընտրության, ինչպես նաև հայցի ապահովման միջոցների վերացման առավել պարզեցված ընթացակարգ.

2) մինչև 2017 թվականի ավարտը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հասանելի դարձնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի, ինչպես նաև կենսաթոշակ ստացող քաղաքացիների տվյալների ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական բազան.

3) մինչև 2018 թվականի ավարտը հստակեցնել կատարողական գործողությունների՝ ներառյալ փորձաքննությունների կատարման ժամկետները՝ հասցնելով դրանք նվազագույնի և համապատասխանեցնելով հարկադիր կատարման մարմնի գործիքակազմին.

4) մինչև 2019 թվականի ավարտն իրականացնել հարկադիր կատարողների և կատարողական վարույթների մասնակիցների միջև առկա փաստաթղթաշրջանառությունը՝ մեծապես էլեկտրոնային եղանակով, կատարողական գործողությունների ժամկետների հստակ ամրագրմամբ.

5) մինչև 2019 թվականի ավարտը ներդնել որոշակի կատարողական վարույթների շրջանակներում տեսաձայնագրման միջոցներ՝ ուղղված կոնկրետ կատարողական գործողություններին.

6) մինչև 2019 թվականի ավարտն ստեղծել էլեկտրոնային համակարգ դատարանների և դատական ակտերի հարկադիր կատարման մարմնի միջև՝ միաժամանակ վերացնելով դատավարության մասնակիցներին կատարողական թերթ տրամադրելու գործընթացը:

Նշենք, որ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը ԱԺ-ն կքննի հունիսի 21-ին:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել