«Շատ-շատ եմ զղջում». անչափահասին պոռնկություն կատարելուն նպաստելու համար դատապարտյալ

Անչափահաս աղջկան պոռնկությամբ զբաղվել նպաստելու գործով այսօր հրապարակվեց դատավճիռը: Գործը քննվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Համաձայն գործի նյութերի՝ 1962 թվականին ծնված 55-ամյա Աշոտ Դաշտոյանը 2014-ի օգոստոսին պատահմամբ հանդիպել է մարզից միայնակ Երևան եկած  15-ամյա աղջկան, ով օթևան է փնտրելիս եղել: Աշոտն առաջարկել է աղջկան իր տանը վարձակալությամբ մնալ: Այնուհետև առաջարկել է նրան մարմնավաճառությամբ զբաղվել: Աղջիկը յուրաքանչյուր հաճախորդից վերցրել է 10 հազար դրամ, որից 5000-ը տվել է Աշոտ Դաշտոյանին:

Նրան մեղադրանք է առաջադրված նաև սուտ մատնություն կատարելու համար: Նա ոստիկանության բաժին է ներկայացել և հայտնել, որ մեկ այլ քաղաքացի դանակի սպառնալիքով իրենից գումար է ցանկացել վերցնել:

Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել տուժող ճանաչված աղջիկը: Մեղադրող դատախազը դատարանին հայտնեց, որ վերջինս բնակության վայրը փոխել է և մեկնել է արտերկիր: Ավելին, քանի որ իր բնակության վայրը փոխելու մասին չի տեղեկացրել նախաքննական մարմնին, ապա ընդունելի համարվեց, որ նրա բացակայությամբ դատական նիստը շարունակվի: Նշվեց նաև, որ տուժողի բացակայությամբ պատճառով նիստերը մի քանի անգամ հետաձգվել են և ոտնահարվել է ամբաստանյալի՝ ողջամիտ ժամկետներում դատավարության իրականացման իրավունքը:

Ամբաստանյալը, թեև նախաքննության ժամանակ իր մեղքը չէր ընդունել, այսօր միջնորդեց արագացված կարգով դատավարություն անցկացնել, հայտնեց նաև, որ իրեն մեղավոր է համարում, զղջում է արարքների համար և այս միջնորդությունը ներկայացնում է կամովին, խորհրդակցել է իր փաստաբանի հետ և գիտի դրա հետևանքների մասին: Դատարանն այս միջնորդությունը բավարարեց:

Այնուհետև մեղադրողը միջնորդեց նրա հանդեպ վերջնական պատիժ նշանակել 4,5 տարվա ազատազրկում: Պաշտպանը միջնորդեց պայմանական պատիժ նշանակել՝ հաշվի առնելով, որ գործում ծանրացուցիչ հանգամանքներ չկան, իսկ մեղմացուցիչ է այն, որ նա կատարված արարքի համար զղջում է, թեև նախկինում մի քանի անգամ դատաված է եղել, սակայն դատվածությունները մարված են համարվում, նրա խնամքին է կինը:

Ամբաստանյալն իր վերջին խոսքում ասաց. «Զղջում եմ, շատ-շատ եմ զղջում: Խնդրում եմ, որ հնարավորինս մեղմ լինեք»:

Դատավարության մասնակիցներին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և որոշ ժամանակ անց հրապարակեց դատավճիռը: Աշոտ Դաշոտյանը կատարած արարքների համար դատապարտվեց 4 տարվա ազատազրկման:

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել