Աշխատա՞նք եք փնտրում․ ի՞նչ պետք է իմանաք ու ո՞ւմ դիմեք

«Սուտ իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ են», «անիմաստ թվեր են շարադրել», «Հայաստանում այդքան աշխատատեղ չկա»․ ահա նման կերպ են, որպես կանոն, սոցիալական ցանցերի օգտատերերն արձագանքում զբաղվածության կենտրոնների հայտարարություններին` թափուր հաստիքների առկայության մասին։

Իրավաբան.net-ը պարբերաբար հրապարակում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թարմացումները՝ թափուր հաստիքների վերաբերյալ։

Վերջերս տեղեկացրել էինք Երևան քաղաքում առկա աշխատատեղերի մասին, արձագանքը նույնն էր․ ոմանք թերհավատորեն են մոտենում նման հայտարարություններին։

Այդ նպատակով ինքներս փորձեցինք պարզել՝ արդյոք գերատեսչության կայքում հրապարակվող թվերը իրակա՞ն են, թե՞՝ ոչ, պատահականության սկզբունքով զանգահարեցինք Երևանի 4 վարչական շրջանների զբաղվածության կենտրոններ՝ ներկայանալով որպես աշխատանք փնտրող, ով գրանցված է քաղաքի տվյալ հատվածում։ Բոլոր կենտրոններից մեզ տեղեկացրին, որ իրենք հայտարարվող աշխատատեղերի մասին տեղեկատվություն ունեն․ «Վարորդի աշխատանք կա շատ, առաքիչի էլ, բարմենի նույնպես»,- ասաց զբաղվածության կենտրոններից մեկի աշխատակցուհին, մեկ այլ կենտրոնից մեզ առաջարկեցին այցելել և գրանցվել՝ պնդելով, որ իրենք ունեն ինչպես մենեջերի, այնպես էլ գանձապահի թափուր հաստիքի մասին տեղեկատվություն։

Պետք է արձանագրել, որ բոլոր 4 կենտրոններից մեր հեռախոսազանգերին անիմջապես պատասխանեցին, այսինքն՝ ստիպված չեղանք մի քանի անագամ զանգ կատարել։ Այս կենտրոնների աշխատակցուհիները փորձում էին մեզ ուղղորդել ու հնարավորինս շատ տեղեկատվություն տալ առկա հաստիքների մասին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով աշխատանք փնտրողները, նախ պետք է այցելեն գերատեսչության կայք՝ «թափուր աշխատատեղեր» բաժին, գտնեն սեփական վարչական շրջանը կամ էլ մարզը, պարզեն՝ կա արդյոք նախընտրելի հաստիքն ու դիմեն իրենց բնակավայրում գտնվող զբաղվածության կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, աշխատանքային գրքույկ։

Մեր հարցմանն ի պատասխան՝ Զբաղվածության պետական գործակալությունից տեղեկացրին, որ 2017թ.-ի մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 95 հազար 400, որից 61,7 հազարը կանայք են, 22,2 հազարը` երիտասարդներ։

Ըստ գործակալության՝ աշխատանք փնտրողների թիվն աճել է 0․6 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հետ, սակայն նվազել է գործազուրկների թվաքանակը։

Գործազուրկ կանանց թիվը, ինչպես երևում է վիճակագրությունից, շարունակում բարձր մնալ։

Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12.0%-ը,  միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 17.7%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 5.5%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.6 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները ` 9.2 %-ը:

Բարձրագույն կրթություն ունեցողների 24.8%-ը հումանիտար գիտությունների ոլորտ մասնագետ է, 18.4 -ը տնտեսություն և կառավարում, 14.7 %-ը կրթություն և մանկավարժություն, 5.6 %-ը մշակույթի և արվեստի, 5.9- %-ը  ֆիզիկա-մաթեմատիկական, 4 %-ը բնական գիտությունների,  2.6 %-ը առողջապահության  մասնագետ է, 1.3-%-ը սոցիալական գիտությունների ոլորտի  մասնագետ է:

Միջին մասնագիտական կրթություն ունեցողների մեջ համեմատաբար մեծ թիվ են կազմում առողջապահության (19 %),  կրթության (13,4 %),    տնտեսագիտության և կառավարման (11 %), սպասարկման ոլորտների մասնագետները (8.3 %):

Իսկ ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում  16-29 տարեկանները կազմում են 23.6%, 30-44 տարեկանները` 39.5 %, 45-54 տարեկանները` 20.5 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 16.4 %:

Գործակալությունից հաղորդոմ են, որ 2017թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում աշխատանքի է տեղավորվել 2738 աշխատանք փնտրող, նրանցից 1709-ը կանայք են, 916-ը՝ երիտասարդներ, 59-ը հաշմանդամություն ունեցող անձիք, 1988-ը` աշխատաշուկայում անմրցունակներ։

Նրանք աշխատանքի են տեղավորվել հիմնականում արդյունաբերության (17.7%),  մեծածախ և մանրածախ առևտրի (17.8%), սպասարկման (18.7 %) և այլ ոլորտներում:

2017թ. տարեսկզբից տարածքային կենտրոնների կողմից հավաքագրվել է 2940 չկրկնվող  թափուր աշխատատեղ, որոնցից 124-ը նոր ստեղծվող: Թափուր աշխատատեղի հայտ ներկայացրած գործատուների թիվը կազմել է 1283: Գործակալությանը ներկայացված աշխատատեղերի համար նախատեսվող աշխատավարձերը տատանվում են նվազագույնից մինչև  300 հազարի սահմաններում:

Աշխատաշուկայում պահանջարկված են  բարձրագույն  կրթությամբ, նեղ մասնագիտացուներով բժիշկներ (մարզերում), ատամնաբույժներ, դասավանդողներ, տեղեկատվական տոխնոլոգիաների ոլորտի տարբեր նեղ մասնագիտացումներով մասնագետներ, ինչպես նաև հաշվապահներ, դեղագետներ, դիզայներներ, ճարտարագետներ, մենեջերներ, շուկայագետներ և այլն։

Հաղորդվում է, որ աշխատատեղերի չլրացման պատճառները հաճախ պայմանավորված են ցածր աշխատավարձերով, աշխատանքային ոչ բարենպաստ պայմաններով, մասնավորապես սպասարկման, առևտրի ոլորտներում:  Առկա է նաև մարզերի անհամաչափ զարգացման խնդիրը, այսպես մարզերում մշտապես առկա է բժիշկական նեղ մասնագիտությունների գծով աշխատատեղեր, մինչդեռ գործազուրկ բժիշկները փոքրաթիվ են և գրանցված են հիմնականում Երևանում: Նմանատիպ խնդիր առկա է նաև դասավանդողների, տարատեսակ տեխնոլոգների պարագայում:

Գործազուրկների՝  աշխատանք չգտնելու պատճառների թվում պահանջարկի և առաջարկի անհամապատասխանությունն է. աշխատաշուկայի պահանջարկը ավելի քիչ է,  քան  աշխատաշուկա մտնող  մասնագետների թիվը, բացի այդ, առկա թափուր աշխատատեղերի գերակշիռ մասը` ազգային մտածողությամբ պայմանավորված,  տղամարդկանց համար է, մինչդեռ գործազուրկների շուրջ 70%-ը կանայք են:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել