Հայտնի է Վանաձորում վերելակի անկման պատճառը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 01.06.2017թ. թիվ 600 հրամանով ստեղծվել էր հանձնաժողով, որն իրականացրել է 2017թ. մայիսի 30-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան 74/1 շենքում տեղի ունեցած ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքի տեխնիկական քննություն և կազմել եզրակացություն:

Արտադրական վտանգավոր օբյեկտի նկարագրություն

Վերելակը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան 74/1 շենքում: Այն մարդատար է, 320 կգ բեռամբարձությամբ, 0,71 մ/վ անվանական արագությամբ և 9 հարկային կանգառով:
Վերելակը 04.09.2006թ. գրանցված է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, «Նարեկ» համատիրության կազմում՝ ԱՎՕ 6/2-0083, հերթական ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթարկվել է 23.12.2016թ. և ստացել է դրական եզրակցություն:

Արտադրական դժբախտ դեպքի հանգամանքները

Ժամանելով դեպքի վայր, հանձնաժողովը պարզեց՝ վերելակը հոսանքազրկված է, իսկ խցիկը գտնվում է 8-րդ և 9-րդ հարկերի արանքում: Բոլոր հարկերում հորանի դռները փակ էին, իսկ վերելակի խցիկի դռները կիսափակ վիճակում արգելափակված էին:
Հանձնաժողովը հիմնվելով ականատեսներ Նունե Մխիթարյանի, Վարդան Մխիթարյանի և Վիկա Արզումանյանի բացատրությունների վրա պարզեց, որ՝ ս/թ մայիսի 30-ին, ժամը 18:30-ի սահմաններում Վիկա Արզումանյանը, Լուսինե Զաքարյանը և Նունե Մխիթարյանը մտնում են Աղայան 74/1 շենք հասցեում գտնվող մարդատար վերելակը և սեղմում 3-րդ հարկի կոճակը: Վերելակը կանգնում է 3-րդ հարկում, Նունե Մխիթարյանը դուրս է գալիս վերելակից և նկատում, որ վերելակը հորանի և խցիկի բաց դռներով սկսում է շարժվել վերև: Լուսինե Զաքարյանը, տեսնելով, որ վերելակը շարժվում է բաց դռներով, փորձում է դուրս գալ վերելակից, ինչի հետևանքով, կորցնելով հավասարակշռությունը, խցիկի հատակի ու հորանի դռների շեմի միջև առաջացած բացվածքով ընկնում է հորանը, իսկ վերելակը շարունակում է ընթացքը մինչև 6-րդ և 7-րդ հարկերի արանքը, որտեղ և Վիկա Արզումանյանը, տեսնելով, որ խցիկի դռները սկսում են փակվել, ոտքերով պահում է դռները և օգնություն կանչում: Հարևանները, լսելով վերելակից եկող օգնության կանչերը, Վարդան Մխիթարյանի օգնությամբ վերելակից դուրս են բերում Վիկա Արզումանյանին, ապա իմանալով, որ Լուսինեն խցիկից ընկել է հորանը, իջնում են 1-ին հարկ և հորանի գետնախորշից հանում Լուսինեին, որին շտապօգնության մեքենայով տեղափոխում են հիվանդանոց:

Արտադրական դժբախտ դեպքի պատճառը

Արտադրական դժբախտ դեպքի պատճառ է հանդիսացել վերելակի բաց դռներով շարժվելը` դռների փակման էլեկտրական շղթայի չգործելու հետևանքով: Համաձայն «Վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 09.02.2006թ. N 692-Ն որոշման պահանջների թիվ 307 կետի՝ «Հորանի և խցիկի դռների փակման հսկող անջատիչները պետք է անջատեն էլեկտրական շղթան, եթե հորանի և խցիկի դռների փեղկերից թեկուզ մեկը չի փակվում» և ըստ թիվ 310 կետի՝ «Հորանի դռների ավտոմատ փականների փակվելը վերահսկող անվտանգության էլեկտրական սարքավորումը պետք է անջատի անվտանգության շղթան` դռները փակված չլինելու դեպքում»:

Տուժող Լուսինե Զաքարյանն ինքնուրույն փորձել է դուրս գալ շարժվող՝ վերև ընթացող, վերելակի խցիկից, այսինքն՝ ինքնաէվակուացման հետևանքով էլ ընկել է հորանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել