Կաշառք վերցնելու համար մեղադրվող դատավորի գործն անցկացվում է «դռնփակ»

Կաշառք վերցնելու համար մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործով այսօր դատավարությունը շարունակվեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում: Արդեն երրորդ դատական նիստն է, ինչ հարցաքննվում է գործով անցնող էական նշանակություն ունեցող վկան, սակայն դատավարության ընթացքը խիստ անհասանելի է մնում հասարակությանը, թեև «դե յուրե» դատական նիստերը դռնբաց են անցկացվում:

Խնդիրը դատարանի «նորաոճ» կառուցվածքն է. գործի մասնակիցներին ու «հանդիսատեսին» բաժանում է ապակե պատը, ու թեև հնարավոր է տեսնել գործի մասնակիցներին, սակայն ձայնը չի լսվում: Հնարավոր է ամբողջ դատավարությունից պատառիկներ որսալ, երբ համատարած աղմուկի մեջ նաև հասկանալի նախադասություններ են հայտնվում:

Փաստացի, դատավարությունը անցկացվում է փակ դռների ետևում:

Այսօրվա դատական նիստին, երբ ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը միկրոֆոնը վերցրեց ձեռքը, որպեսզի իր խոսքն ավելի լսելի դառնա դահլիճի մյուս կողմում նստածներին, նիստը նախագահող դատավորն անմիջապես նկատողություն արեց և խնդրեց միկրոֆոնն իր տեղը դնել: Իհարկե, դատավորի նկատողությունը ճիշտ էր և միկրոֆոնը պետք է տեղում լիներ՝ անվտանգությունից ելնելով: Սակայն դրա կարիքը չէր լինի, եթե դատավարությունը մատչելի անցկացվեր հասարկության համար:

Հուսով ենք, որ, ի վերջո, դատական դեպարտամենտը և Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմը լուծում կտան այս խնդրին:

Ինչ վերաբերում է արդեն երրորդ օրը հարցաքննվող վկա Նորիկ Հակոբյանին, ապա նրա պատասխանների գերակշիռ մասը «չգիտեմ»-ն ու «չեմ հիշում»- էին: 

Պաշտպանական կողմի այն հարցին, թե արդյո՞ք ԱԱԾ-ում ուղղորդել են իրեն հայտարարություն տալիս, պատասխանեց՝ ոչ: Թե արդյո՞ք մինչ իր դիմելը, ԱԱԾ-ում իմացել են այդ խնդրի մասին, պատասխանեց. «Իմ գնալուց հետո իմացել են, դրանից առաջ՝ չեմ կարող ասել, չգիտեմ»:

Ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը հարց տվեց, թե արդյո՞ք ճանաչում է ԱԱԾ Շենգավիթի բաժնի պետին՝ Արմեն Հովհաննիսյանին, և աշխատակցին՝ Արսեն Բաղդասարյանին, վկան պատասխանեց՝ ոչ, նրանց անուններն էլ իմացել է այս գործի շրջանակներում: Ի. Բարսեղյանն էլ հայտարարեց, որ այս մարդիկ դեռևս 2014 թվականին են իրեն դիմել՝ վկայի գույքային վեճը լուծելու խնդրանքով, այդ ժամանակ ինքն ասել է, որ իրավական առումով էլ դա լուծում չունի:

Այսօրվա դատական նիստին մեղադրողը միջնորդեց դատական նիստը հետաձգել՝ մեկ այլ գործով նիստ ունենալու պատճառով: Վկայի հարցաքննությունը կշարունակվի: Հուսով ենք, արդեն իրապես դռնբաց պայմաններում:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել