Այսօրվանից ուժի մեջ մտավ նոր փոփոխություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության մայիսի 18-ի որոշման համաձայն՝   ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի «Արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման կարգը հաստատելու մասին» N 1442-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ (ԿԱՄ) ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի վերաբերյալ` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից սահմանված և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցված ծավալների և ձևերի:

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ (ԿԱՄ) ՌԱԶՄԱԿԱՆ ԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ կարգով սահմանվել է հետևյալը՝

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակներում, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման գործընթացը:

2. Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի կառավարումն ու շահագործումն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, սույն կարգի և այլ իրավական ակտերի:

3. Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ յուրաքանչյուր տեսակի կապուղիների առաջնահերթ օգտագործման իրավունք ունեն` ըստ հաջորդականության` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի Հանրապետության մարզպետարանները:

4. Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ կապի ցանցերը և կապի միջոցներն առաջնահերթ օգտագործվում են արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման, փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման, պետության պաշտպանվածության, անվտանգության, ինչպես նաև իրավակարգի պահպանման միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով:

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ բոլոր էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի կառավարումն ու շահագործումն ապահովելու նպատակով նախապատրաստական շրջանում իրականացվող միջոցառումներն են`

1) էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և համակարգերի կառավարման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումն ու համակարգումը.

2) էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը տիրապետող մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիության ապահովումը:

6. Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող միջոցառումներն են`

1) էլեկտրոնային հաղորդակցության կապուղիների տրամադրումը` համաձայն սույն կարգի 3-րդ կետում նշված առաջնահերթության սկզբունքի.

2) օպերատորների կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիության ապահովումը.

3) վթարավերականգնողական աշխատանքների օպերատիվ կազմակերպումը:

7. Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և (կամ) Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված հայտերի հիման վրա, հաշվի առնելով սույն կարգի 3-րդ կետում նշված առաջնահերթության սկզբունքը, կապուղիների առանձնացումը և տրամադրումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մուտքագրվելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետներում:

8. Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ներկայացված հայտերին համապատասխան:

9. Հայտը ներառում է այն վայրը, որն անհրաժեշտ է ապահովել կապով, նշելով հասցեն, կամ աշխարհագրական կոորդինատները, պահանջվող կապի տեսակը և աշխատանքների իրականացման ժամանակահատվածը:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից ներկայացված հայտն ստանալուց հետո 6 ժամվա ընթացքում այն ուղարկում է էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորներին` հայտում նշված վայրում կապի ապահովման համար տեխնիկական հնարավորությունների և այդ աշխատանքների իրականացման նպատակով պահանջվող ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սույն կարգի 10-րդ կետով պահանջվող տեղեկատվությունն էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորներից ստանալուց հետո ամփոփում և հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, որից հետո պատվիրում է համապատասխան օպերատորին` իրականացնելու հայտում նշված վայրում կապի ապահովման աշխատանքները:

12. Սույն կարգի 11-րդ կետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո կազմվում է ընդունման-հանձնման ակտ, և ակտի մեկ օրինակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված ընդունման և հանձնման ակտը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մուտք լինելուց հետո 1-օրյա ժամկետում դրա պատճենը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

14. Համագործակցությունը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և օպերատորների միջև իրականացվում է երկկողմանի համաձայնագրերով կամ պայմանագրային հիմունքներով` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

15. Սույն կարգի պահանջների համաձայն էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի, տեխնիկական միջոցների օգտագործման դիմաց հասցված իրական վնասը և բաց թողնված օգուտի փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել