Նոր նախագիծ՝ մայրության և խնամքի նպաստների համակարգի և աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ

ՀՀ կառավարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Պետական նպաստների մասին» օրենքում և հարակից իրավական ակտերում փոփոխություն անելու փաթեթը։

Ըստ նախագծի՝ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու, նպաստի իրավունքը դադարեցնելու համար հիմք են հանդիսանում եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ:

Համաձայն «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի՝ գործատուները աշխատանքի ընդունվելու, աշխատանքից ազատվելու, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդը ավարտվելու վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են գրանցման հայտերի հիման վրա։

Գրանցման հայտը ներկայացվում է մինչև այդ հանգամանքն առաջանալու (հաշվետու) ամսվա համար անձնավորված հաշվարկը ներկայացնելը, իսկ հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը:

Նշվում է, որ հաշվի առնելով նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը, գործնականում կարող են առաջանալ իրավիճակներ, երբ աշխատանքի ընդունվելու (աշխատանքից ազատվելու), խնամքի արձակուրդում գտնվելու (արձակուրդն ավարտվելու) վերաբերյալ տեղեկատվությունը ներառվի անձնավորված հաշվառման համակարգ նպաստի վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո, ինչի արդյունքում կարող են առաջանալ ոչ իրավաչափ վճարումների հետ կապված ռիսկեր։

Օրինակ, գործնականում հանդիպում են դեպքեր, երբ խնամքի նպաստի համար դիմած անձի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ տեղեկատվությունը ներառված չի լինում անձնավորված հաշվառման համակարգ, ինչի արդյունքում դիմումը մերժվում է։

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ հանդիպում են նաև դեպքեր, երբ խնամքի արձակորդում գտնվող անձը տվյալ ամսվա 1-ից վերադառնում է աշխատանքի (ընդհատվում է խնամքի արձակուրդը) կամ աշխատանքի է անցնում այլ գործատուի մոտ, սակայն նրան է վճարվում տվյալ և հաջորդ ամիսների նպաստի գումարները, քանի որ արձակուրդի ավարտի մասին տեղեկատվությունը ներակայացվում է հաջորդ ամիս, իսկ յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակները ձևավորվում են ամսվա սկզբին։

Հնարավոր է նաև դեպք, երբ անձը ընդունվի աշխատանքի, տվյալ ամսվա 1-ից, որից հետո դիմի չաշխատող անձի մայրության նպաստ համար։ Նրան կնշանակվի մայրության նպաստ, քանի որ աշխատանքի ընդունվելու վերաբերյալ տեղեկատվությունը (գրանցման հայտը) կարող է ներկայացվել հաջորդ ամսվա 20-ին։

Ընդ որում, խնդրո առարկա է այն հանգամանքը, որ որպես կանոն, քաղաքացին տեղյակ չի լինում կատարվող վճարման ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ և հայտնվում է ավելորդ քաշքշուկի մեջ։

Վերոնշյալ խնդիրները կարգավորելու նպատակով գերատեսչությունն առաջարկում է համապատասխան լրացումներ կատարել «Պետական նպաստների մասին» և «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքներում։

Մասնավորապես առաջարկվում է «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանել վարձու աշխատողին աշխատանքի ընդունելու, վարձու աշխատողին աշխատանքից ազատելու, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդը ավարտվելու դեպքերում գործատուները գրանցման հայտը ներկայացնելու ժամկետ՝ ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը:

Միաժամանակ, առաջարկվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանել, որ խնամքի նպաստի և չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավել վճարված գումարները կարող են դատական կարգով բռնագանձվել գործատուից, եթե  այդ գումարները վճարվել են «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքվ սահմանված՝ գրանցման հայտը ներկայացնելու ժամկետների խախտման հետևանքով։

Ինչպես նաև հստակեցնել խնամքի արձակուրդում գտնվելը դադարելու ժամկետները, ինչպես նաև հստակեցնել «Պետական նպաստների մասին» օրենքի առանձին դրույթներ՝ հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկան։

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել