Մտածել արկղից դուրս․ Կարեն Զադոյանի առաջարկը՝ Գևորգ Կոստանյանին և մյուս պաշտոնյաներին

«Պետք է մտածել արկղից դուրս»․ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի խորհուրդն է Գևորգ Կոստանյանին և մյուս պաշտոնյաներին, ովքեր գտնում են, որ կոռուպցիայի դեմ պայքարում հարկավոր է բավարարվել արդեն իսկ առկա իրավական լուծումներով։

Հիշեցնենք՝ մայիսի 30-ին, պատասխանելով Իրավաբան.net-ի հարցերին, նախկին գլխավոր դատախազը դեմ էր արտահայտվել այն մոտեցմանը, թե կոռուպցիայի դեմ պայքարելու համար հարկավոր է ստեղծել նոր մարմին իրավապահ գործառույթներով․ «Եթե մենք Սահմանադրություն ենք փոխում և ստեղծում ենք լրացուցիչ նոր հանգամանք, որը կունենա կոռուպցիայի հանցագործությունների քննության իրավունք, այսինքն՝ կոռուպցիոն հանցագործությունները քննող քննիչ և դատախազ, այդ նույն սկզբունքից ելնելով վաղն էլ մենք կարող ենք ստեղծել առանձին քննիչ և դատախազ երեխաների իրավունքների պաշտպանության համար, կոնցեպցիան կխախտվի»,- ասել էր պարոն Կոստանյանը։

Մեզ հետ զրույցում, Գևորգ Կոստանյանի դիտարկումներին անդրադառնալով, Կարեն Զադոյանն առաջարկեց ձևավորված կարծրատիպերից վերանալ և ուսումնասիրել միջազգային փորձը․ «Եթե պարոն Կոստանյանը միջազգային փորձն ուսումնասիրեր, կտեսներ, որ այնպիսի երկրներում, որոնք սկսել են կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար (կարող եմ նշել Մալազիան), այսօր մասնագիտացված դատարաններ են ձևավորել, որոնք քննում են նման հանցագործություններ»,- այսինքն այս պայքարում հաջողությունների հասած երկրներն էլ ավելի առաջ են գնացել՝ ոչ միայն կոռուպցիոն գործը քննող քննիչների ու դատախազների ինստիտուտներ են հիմնել, այլ նաև մասնագիտացված դատարաններ։

Կարեն Զադոյանը հիշեցնում է՝ նախկինում պաշտոնատար անձիք նման կերպ էին արտահայտվում ինչպես ապօրինի հարստացման քրեականացման, այնպես էլ ազդարարների համակարգի ներդրման վերաբերյալ, սակայն ժամանակը ցույց տվեց, որ նրանք սխալ էին․ «Մենք դուրս եկանք այդ կաղապարված մոտեցումներից, ես վստահ եմ, որ մենք այստեղից նույնպես պետք է դուրս գանք։ Ուշ թե շուտ մենք Սահմանադրական դրույթները պետք է փոխենք և նախատեսենք իրապես անկախ հակակոռուպցիոն մարմնի հնարավորություն»,- իսկ դրա համար ներկայիս Սահմանադրությամբ բոլոր նախադրյալները առկա են․ «Պատգամավորների 2/3-ով հնարավոր է այդ փոփոխությունները կատարել, նախատեսել հակակոռուպցիոն մարմինը, ինչպես նաև նրա լիազորությունները»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Կարեն Զադոյանն ասում է՝ Սահմանադրությունն Ավետարան չէ, այլ հասարակական հարաբերությունների կարգավորիչ, և այն պետք է արտահայտի հանրության սպասելիքներն ու ակնկալիքները․ «Եթե ինչ-որ փուլում այդ ակնկալիքները փոխվում են, ուստի անհրաժեշտ է, որ փոխվի Սահմանադրությունը, տվյալ պարագայում վերջին մի քանի տարիներին հանրության վարքագիծը ցույց է տվել, որ կա վստահության մեծ ճգնաժամ և հասարակությունը ցանկանում է տեսնել կոռուպցիայի դեմ պայքարի ռեալ արդյունքներ, այդ թվում՝ և կանխարգելման, և՛ կրթության, և՛ պատժի անխուսափելության, առավելապես որ դիտարկենք՝ ցանկանում է տեսնել պատժի անխուսափելիությունը։ Հանրությունը ցանկանում է, որ բոլորը հավասար լինեն օրենքի առջև»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ կոռուպցիոն հանցագործություններ քննող մասնագիտացված դատարաններ կան, ոչ միայն Մալազիայում, այլ նաև Ինդոնեզիայում, Բոտսվանայում, որն ի դեպ առաջատար երկրներից է հակակոռուպցիոն պայքարում, ինչպես նաև Բուլղարիայում, Խորվաթիայում, Սլովակիայում և այլն։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել