Փակ տարածքներում սիգարետի, բիդինի և նարգիլեի ծուխն ազդում է չծխող մարդու առողջության վրա

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրները յուրաքանչյուր տարի մայիսի 31-ին նշում են առանց ծխախոտի համաշխարհային օրը՝ կարևորելով առողջության պահպանումը և այն հավելյալ ռիսկերը, որոնք կապված են ծխախոտի օգտագործման հետ, ինչպես նաև քարոզում ծխախոտի սպառման նվազեցմանն ուղված արդյունավետ քաղաքականություն:

Այս տարի ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոսն է. «Ծխախոտը՝ զարգացման սպառնալիք»:

Ծխախոտային համաճարակն ամենամեծ առողջապահական սպառնալիքներից է, ինչի հետևանքով տարեկան 6 միլիոն մարդ է մահանում: Մահացության դեպքերի ավելի քան 5 միլիոնը ծխախոտի սպառման արդյունք է, մինչդեռ ավելի քան 600,000 մահվան դեպք պայմանավորված է պասիվ ծխելով:

Աշխարհի 1 միլիարդ ծխողների գրեթե 80%-ը ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ ծխախոտի հետ կապված հիվանդացության և մահացության թվաքանակի դեպքերն ամենամեծն են: Որոշ երկրներում աղքատ կենցաղային պայմաններում ապրող երեխաները հաճախ ներգրավվում են ծխախոտի արտադրությունում, որպեսզի ապահովեն ընտանիքի եկամուտը: Այս երեխաները հատկապես խոցելի են «կանաչ ծխախոտի հիվանդության» առումով, ինչը պայմանավորված է նիկոտինով, որը ներթափանցում է մաշկի մեջ՝ ծխախոտի թաց տերևներին դիպչելիս:

Պասիվ ծխելը ևս սպառնալիք է: Փակ տարածքներում սիգարետի, բիդինի և նարգիլեի ծուխն ազդում է չծխող մարդու առողջության վրա: Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4000 քիմիական նյութ, որից առնվազն 250-ը հայտնի է իր վնասակար հատկություններով, և ավելի քան 50-ը պատճառ է քաղցկեղի առաջացման համար: Պասիվ ծխելու ազդեցության անվտանգ մակարդակ չկա: Մեծահասակների շրջանում պասիվ ծխելն առաջացնում է լուրջ սրտանոթային և շնչառական հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն և թոքի քաղցկեղ: Հղի կանանց շրջանում, այն հանգեցնում է ծնելության ցածր քաշի: Երեխաների գրեթե կեսը հանրային վայրերում պարբերաբար շնչում է ծխախոտի ծխից աղտոտված օդ: Պասիվ ծխելու հետևանքով տարեկան գրանցվում է ավելի քան 600,000 վաղաժամ մահացության դեպք: 2004թ. երեխաների շրջանում մահվան դեպքերի 28%-ը վերագրվում է պասիվ ծխելուն: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի շնչելու առանց ծխի օդ:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քչերն են հասկանում ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հստակ ռիսկերը: Ծխողները, որոնք տեղյակ են ծխախոտի վնասակար հատկությունների մասին, առավել մեծ ցանկություն ունեն թողնել ծխելը: Հակածխախոտային գովազդները և փաթեթավորման զգուշացումները նվազեցնում են սկսնակ ծխողների` հատկապես երեխաների շրջանում, և մեծացնում ծխելը թողնել ցանկացողների թիվը:

Զանգվածային լրատվամիջոցների արշավները ևս կարևոր են: Սա հնարավորություն է պաշտպանելու ծխախոտ չօգտագործողների շահերը` համոզելով երիտասարդներին դադարեցնել ծխելը:

Ծխախոտային արտադրատեսակների գովազդի խթանման և հովանավորչության բազմակողմանի արգելքը կարող է նվազեցնել ծխախոտի սպառումը միջինում մոտ 7%-ով, որոշ երկրներում՝ ծխախոտի սպառումը հասցնելով մոտ 16%-ի: Միաժամանակ, ծխախոտի սպառման նվազեցման արդյունավետ միջոցն է հարկի բարձրացումը, որն ավելացնում է ծխախոտի գինը 10%-ով, նվազեցնում է ծխախոտի սպառումը շուրջ 4%-ով բարձր եկամուտ ունեցող երկրներում, իսկ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում՝ շուրջ 5%-ով: Ծխախոտի հարկերից ստացված եկամուտը միջինում 269 անգամ ավելի բարձր է, քան ծխախոտի դեմ պայքարում իրականացվող վերահսկողության ծախսերը՝ հիմնված առկա տվյալների վրա:

Կանխատեսումների համաձայն՝ եթե լուրջ միջոցներ չձեռնարկվեն, ապա մինչև 2030 թվականն աշխարհում ծխախոտի բացասական ազդեցությունից կմահանա 8 մլն մարդ, մահերի 80%-ն էլ բաժին կհասնի ցածր և միջին եկամուտ ունեցող բնակչությամբ երկրներին։

Ծխախոտային արտադրատեսակների անօրինական առևտուրն առաջացնում է առողջապահական, տնտեսական և անվտանգության լուրջ խնդիրներ ամբողջ աշխարհում: Համաձայն հետազոտության արդյուքների՝ յուրաքանչյուր 10 ծխախոտից մեկը սպառվում է անօրիանական կերպով: Ծխախոտի ապօրինի առևտրի վերացումը կնվազեցնի ծխախոտի սպառումը՝ սահմափակելով էժան, չկարգավորվող այլընտրանքների արտադրանքի հասանելիությունը և ավելացնելով ծխախոտի արտադրանքի գները:

Այսպիսով` ծխախոտի օգտագործման տարածվածության և դրա առողջապահական, տնտեսական և այլ հետևանքները կանխելու նպատակով ԱՀԿ անդամ երկրները մշակել են «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան», որը հանրային առողջության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն է: Այն ուժի մեջ է մտել 2005թ. փետրվարին, արդեն իսկ վավերացվել է ավելի քան 174 պետության կողմից:

ՀՀ առողջապահության նախարարություն

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել