Կուրսանտի սպանության գործով անցնող վկան դեպքից հետո հոգեկան խնդիրներ ունի

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով անցնող վկա Նորիկ Օհանջանյանը դեպքից հետո խորը հոգեկան ապրումների մեջ է հայտնվել, անգամ բուժում է անցել: Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած հերթական դատական նիստի ժամանակ վկան հայտնեց, որ դեպքի օրը` 2015թ. հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը նկատել է՝ ինչպես են ամբաստանյալներից երեքը` Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը և Վաչե Սահակյանը մտել նույն ննջասենյակ, որտեղ Հայկազ Բարսեղյանն էր քնում, ինքը և մի քանի այլ կուրսանտներ. «Ես ձեներ էի լսում, մի պահ ինձ թվաց, թե երազում եմ, հետո պարզվեց, որ իրականություն է, եթե չեմ սխալվում Վաչեն անկողնու վերջում էր, դեպի իմ կողմ` Հայկազի ոտքերի հատվածում: Երկար ժամանակ չքաշեց, ես այդ երեքին եմ տեսել, Հայկազը պառկած էր, թեքված էին դեպի Հայկազը մյուսները»,- դժվարությամբ վերհիշելով դեպքի մանրամասները` պատմում էր վկան, թեև նա ուղիղ կերպով չէր պնդում, թե նշված դեպքի ժամանակ Հայկազին սպանել են, սակայն ասում էր. «Սաղիս էլ պարզ էր, թե ինչ էր տեղի ունենում, առավոտ հելանք տեսանք` տենց է»: Դատախազի ճշտող հարցին, թե արդյոք հարվածներ նկատել է, ասաց, որ չի կարող հստակ պատասխանել, փորձե՞լ է արդյոք միջամտել` բացասական պատասխանեց և հիմնավորեց. «Դե հիմի չգիտեմ` այդ պահին հետս ինչ կատարվեց, բայց ինձնից անկախ գլուխս անջատվեց: Հնարավոր է, որ վախեցած լինենք, այդ դեպքից հետո ես հիվանդանոց եմ ընկել ու սթրես եմ տարել, մինչ այսօր ես շուտ բորբոքվում եմ, հետքերը մնացել են»,- ըստ վկայի` այս հոգեկան ապրումների համար հիմք է հանդիսացել ինչպես գիշերը տեղի ունեցածը, առավոտյան Հայկազին կախված տեսնելու փաստը:

Հունվարի 29-ի առավոտյան «վեր կաց» հրահանգից հետո կուրսանտները արյան հետքեր են նկատել Հայկազ Բարսեղյանի անկողնու վրա. «Եթե չեմ սխալվում` զարթնեցինք, որ գնանք ֆիզոյի, սաղս հելանք, նայեցինք, տեսանք, որ Հայկազ Բարսեղյանը տեղում չի, հետո տեսանք, որ արյուն է տեղերի մեջ, կանչեցինք հերթապահին ու օրվա պատասխանատուին ու ֆիզհրապարակում նրան կախված գտանք, կոնկրետ ես տեսել եմ Հայկազին կախված վիճակում, թե չեմ սխալվում տուռնիկից էր կախված»,- նշեց վկան:

Ընդհանուր առմամբ, Օհանջանյանը բավականին դժվարությամբ էր վերհիշում դեպքի մանրամասները, պատճառաբանեց, որ երկու տարուց ավելի է անցել, բացի այդ, մասնակցել է 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմին, ինչ արդյունքում հիշողության կորուստն էլ ավելի է խորացել. «Ես իմ ցուցմունքների մեջ տվել եմ այն ամենը, որը ճիշտ է և ավելացնելու ոչինչ չունեմ, ես ինչ-որ գրել եմ, դա էլ իրականությանն է համապատասխանում: Ապրիլյան պատերազմին մասնակցել եմ, հիշողություններ են մնացել, դրա համար երկու տարի ավելի է հիշողություններ չկան դրանից»,- նշեց վկան։

Գնել Թևոսյանի իրավունքների պաշտպան Արա Զաքարյանը հետաքրքրվեց, թե երբ է վկայի մոտ առաջացել հիշողության կորուստները, Օհանջանյանը հստակ ժամկետ նշել չկարողացավ, այնուհետև հարցաքննության ընթացքում պարզաբանեց` հիշողության կորուստն առաջացել է նախաքննական ցուցմունքները տալուց հետո:

Արա Զաքարյանի հարցին, թե արդյոք Ռազմական ոստիկանությունում նրա հանդեպ ճնշում կամ սպառնալիք գործադրվե՞լ է, վկան պատասխանեց՝ նման բան չի գրանցվել, փաստաբանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է վկան շատ լավ հիշում նման դեպքերը, իսկ երբ խոսք է գնում դեպքի օրվա մանրամասների և այլ հանգամանքների մասին, դժվարանում է մանրամասներ պատմել, վկան պատճառաբանեց, թե այն բոլոր հանգամանքները, որոնք իրեն են վերաբերում, լավ հիշում է:

Վկայի հարցաքննությունից հետո մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքները, միջնորդությունը պաշտպանեց նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, սական պաշտպանական կողմը դեմ էր` պատճառաբանելով, որ վկայի հարցաքննությունը ոչնչով չի հակասել նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներին, ըստ Արա Զաքարյանի՝ Օհանջանյանը գրեթե բոլոր հարցերին պատասխանում էր նույնաբովանդակ՝ ասելով, թե ոչինչ չի հիշում։ Լսելով կողմերին դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ արձանագրելով, որ վկայի ցուցմունքներում առկա են եղել էական հակասություններ:

Ըստ նախաքննական ցուցմունքների՝ դեպքից առաջ վիճաբանություն է տեղի ունեցել Հայկազ Բարսեղյանի և գործով անցնող ամբաստանյալների միջև, նույն օրը վկան արձանագրել է մի դրվագ, երբ Հայկազ Բարսեղյանը իր հագուստը առաջարկել է մյուս կուրսանտներին, երբ հետաքրքրվել են, թե ինչու է նման քայլի գնում, պատասխանել է, որ սպասում է նոր փոփոխությունների, որից կտեղափոխվի ռազմական հաստատությունից։

Դեպքի օրը վկան եղել է ննջասենյակում, արթնացել է Բարսեղյանի ձայնից ու նրա մահճակալի ճռճռոցից, արթնանալով նա լսել Հայկազի խոսքերը․ «Բա՛ց թողեք ինձ, ձեր հետ հետո վատ ա լինելու», այնուհետև նկատել է երեք ամբաստանյալներին, ովքեր կանգնած են եղել Հայկազի անկողնու մոտ, Բարսեղյանը հայհոյել է իր շուրջը հավաքված երիտասարդներին, ընդ որում՝ հայհոյանք է հնչեցրել նրանց ընտանիքի անդամների հասցեին, այդ լսլով՝ վկան խորը վախի զգացում է ունեցել, մտածել, որ լուրջ միջադեպ է գրանցվում, ինչից հետո ընկել է շոկի մեջ և չի ցանկացել որևէ կերպ միջամտել, որոշ ժամանակ անց Հայկազին տարել են։

Պաշտպանական կողմը նախաքննական ցուցմուններում հակասություն տեսավ, մասնավորապես՝ հարցաքննություններից մեկի ընթացքում վկան հայտնել էր, թե Հայկազին տարել են կուրսանտներից երկուսը, այնուհետև պնդել, որ երեքն են եղել, դատարանում Օհանջանյանն ասաց, որ երեք ամբաստանյալներն են Հայկազին դուրս բերել ննջարանից։

Այդ դեպքից հետո Գնել Թևոսյանը վերադարձել է ննջարան և հայհոյանքներով հնչեցնելով սպառնացել բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն միջադեպի մասին պատմել վերադաս սպաներին։

Սպանության դեպքից հետո Նորիկ Օհանջանյանի ծնողները դեմ են եղել, որ երիտասարդը շարունակի ուսումը ռազմական հաստատությունում, հիասթափված է եղել նաև երիտասարդը, և հրաժարվել զինվորական համակարգում ծառայելու գաղափարից:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել