Ոստիկանությունը նախազգուշացնում է վարորդներին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է վարորդներին ձեռնպահ մնալ առանց հատուկ թույլտվության վերասարքավորված խլացուցիչներով, գերհզոր հատուկ ձայնային ազդանշան արձակելու սարքավորումներով, ինչպես և լուսաթափանցելիության չափի խախտումով հողմապակիներով կահավորված ավտոմեքենաներով երթևեկելուց:

Ցավոք, դեռևս կան վարորդներ, որոնք անտեսում են այս պահանջը՝ ոչ միայն անհարմարավետություն ստեղծելով երթևեկության մասնակիցների համար, այլև ուղղակիորեն վտանգելով թե իրենց, թե ուրիշներին:

Կրկին կոչ ենք անում վարորդներին առավելագույն կարճ ժամանակում վերացնել հիշյալ խախտումները՝ ավտոմեքենաները բերելով պատշաճ վիճակի:

Հիշեք, որ բացառությունները միայն օրենքով նախատեսված դեպքերի համար են, իսկ վարորդը մեկն է երթևեկության բոլոր մասնակիցներից՝ անկախ իր սոցիալական վիճակից, դիրքից, պաշտոնից և որևէ առավելություն ու արտոնություն չունի մյուսների նկատմամբ:

Ճանապարհային ոստիկանության օրինական պահանջին չենթարկվող վարորդները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել