Անձի նույնականացում՝ բջջային հեռախոսի միջոցով․ կառավարության նոր առաջարկն է

Կառավարությունն առաջարկում է բջջային հեռախոսների միջոցով իրականացնել անձի խիստ նույնականացում։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն այսօր գործադիրի նիստին ներկայացրեց առաջարկի փաթեթը՝ նշելով, որ այս քայլն առաջին անգամ ձեռնարկվել է Էստոնիայում 2007թ․-ին, որից հետո այն արագ տարածվել է Եվրոպական երկրներում և մեր տարածաշրջանում․ «Դա հնարավորություն կտա՝ առանց «սմարթֆոնի», ամենաէժան բջջային հեռախոսի միջոցով իրականացնել անձի խիստ նույնականացումը: Անձը պետք է իմանա իր բջջային հեռախոսի համարը և հիշի երկու թիվ՝ PIN 1-ը և PIN 2-ը, մեկն օգտագործվում է անձի նույնականացման համար, իսկ երկրորդը, եթե անձը որոշել է ինչ-որ փաստաթուղթ էլեկտրոնային եղանակով ստորագրել»,- նշեց պարոն Հարությունյանը։

Նրա խոսքերով՝ այս համակարգին միանալու համար չի պահանջվում որևէ լրացուցիչ գիտելիք և ծրագրային ապահովում․ բջջային հեռախոսում տեղադրված քարտն ակտվացվում է ընդամենը մեկ անգամ։

Կառավարությունն արդեն իսկ փորձնական ներդրել է այն ինտերնետային առողջության և «e-citizen» համակարգերում․ «Յուրաքանչյուր անձ այսօր իսկ կարող է օգտվել էլեկտրոնային առողջապահության ծառայությունից՝ օգտագործելով բջջային համապատասխան նույնականացումը, ինչպես նաև «e-citizen» համակարգը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր քաղաքացուն ստանալ պետության կողմից ցանկացած ծանուցում, օրինակ՝ Հարկադիր կատարման ծառայության ծանուցումները»,- նշեց պարոն Հարությունյանը։

Բացի այդ, նույնականացումը միտված է նաև այլ խնդիրների լուծմանը, մասնավորապես Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ ներկայումս ցանկացած վճարումների կատարումը մեզանում ամբողջապես կարգավորված չէ․ «Մենք շատ հաճախ բացահայտում ենք անձի անձնական տվյալները, որովհետև ուղղակի համակարգերը կատարյալ չեն, այսօր ես կարող եմ գնալ ու վճարել որևէ այլ սպառողի փոխարեն իր հաշիվը, ստանալ այն, այս համակարգը թույլ կտա խուսափել այդ ռիսկերից»,- շեշտեց պարոն Հարությունյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել