Կոռուպցիայի կանխարգելման նախագիծը հաստատվեց․ Արդարադատության նախարարությունը չի համագործակցել շահագրգիռ գերատեսչությունների հետ

«Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու փաթեթն այսօր հաստատվեց գործադիրի նիստին։

«Նախագծերով համապարփակ կարգավորում է ստացել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծվում է կոռուպցիայի կանխարգելման մարմին, որն իրականացնելու է կոռուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների պահպանումը, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգերի կենսագործմանը, կրթական, հանրային, իրազեկման բարձրացմանն ուղղված գործառույթներ»,- նիստի ժամանակ զեկուցելով նախագծի մասին՝ ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նշված մարմինն օժտված է լինելու անհրաժեշտ գործիքակազմով և պատասխանատվության միջոց կիրառելու կարողությամբ։

Նախագծով՝ հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև այն հանրային ծառայողները, որոք թեև բարձրաստիճան դիրք չեն զբաղեցնում, սակայն իրենց գործունեությամբ պայմանավորված գտնվում են ռիսկային գոտում, այդ անձիք են գնումների գործընթացում ընդգրկված պաշտոնյաները, քննիչները, դատախազները։

Գործադիրը հաստատեց այս նախագիծը՝ տալով երկու օր, որ վերջնական քննարկում իրականացվի Բարձրաստիճան պաշտոնատար էթիկայի հանձնաժողովի հետ։

Այս և ազդարարության մասին նախագծերի համահեղինակ ճանաչվեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը տեղեկացրեց, որ գերատեսչությունը առաջարկություն է ներկայացրել նախարարությանը, սակայն ամփոփաթերթիկ չի ստացել՝ դրանք ընդունված լինելու կամ չլինելու վերաբերյալ․ «Ես կխնդրեի, որ այս երկու օրվա ժամկետում միասին աշխատենք՝ հստակեցնելու համար մեր նկատառումների հարցը»,- նշեց նա, իսկ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խնդրեց իրենց հետ նույնպես հաշվի նստել, եղան նաև այլ խնդրանքներ․ «Շատ լավ, անհանգստացան բոլորը»,- կատակեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ՝

«Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել