Պաշտպանության մեխանիզմներ՝ ազդարարների համար

Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության արդունքում մշակվել են «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը։ Այս նախագծերը գործադիրը հաստատեց մայիսի 11-ի նիստին։

Ըստ արդարադատության նախարարության՝ իրավական ակտերը կարգավորման կենթարկեն ազդարարման հետ կապված իրավահարաբերությունները և կերաշխավորեն ազդարարման իրավունքի արդյունավետ իրացումը:

Մասնավորապես, առաջարկվող օրենքով կարգավորվում են ազդարարման, ազդարարման կարգի, ազդարարի իրավունքների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների՝ ազդարարման հետ կապված պարտականությունների, ինչպես նաև ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

Այսօր ներկայացված նախագծով կարգավորվում են քրեադատավարական հարաբերությունները։ Նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առանձին հոդվածներով քրեական պատասխանատվություն նախատեսել կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում տալու համար հաղորդում տվող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքի, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում տվող անձի անձնական տվյալների` իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից ոչ իրավաչափ գաղտնազերծման համար:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել իրավական երաշխիքներ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում ներկայացնող անձանց պաշտպանության համար, մասնավորապես՝ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում ներկայացնող անձանց համար կնախատեսվի տուժողների, վկաների և փորձագետների համար քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված հատուկ պաշտպանության միջոցներից հավասարապես օգտվելու հնարավորություն:

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ կերաշխավորվեն քրեադատավարական օրենսդրությամբ՝ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում տվող անձանց համար նախատեսված պաշտպանության միջոցների իրականացումը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում  լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ներքին և արտաքին ազդարարման ընթացակարգի շրջանակներում իրավասու անձի (իրավասու մարմնի) վրա դրված պարտականությունների չկատարման դեպքում նախատեսել վարչական պատասխանատվության միջոցներ:

Այսպիսով կապահովվի Հայաստանի Հանրապետության՝ ազդարարների պաշտպանության առումով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը: Ազդարարների պաշտպանությանն ուղղված գործուն մեխանիզմների ներդնումը կնպաստի հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարում ազդարարների ներգրավման եղանակով: Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը հնարավորություն կընձեռի ազդարարներին ներկայացնել անանուն հաղորդումներ՝ պահպանելով իրենց անձնական տվյալների գաղտնիությունը:

Բացի այդ, քննարկվող ինստիտուտի ներդրմամբ կբարձրանա կոռուպցիոն դեպքեր բացահայտող մարմինների գործունեության արդյունավետությունը:

Կառավարությունն այսօր հաստատեց նախագծերի փաթեթը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել