Վիրուսային հարձակումների կանխարգելման նպատակով օպերատորներն արգելափակել էին նամակագրությունը

 Տնտեսվարող սուբյեկտների շրջանում օրերս մտահոգություն էր առաջացրել հաշվետվությունների էլեկտրոնային նոր համակարգից օգտվելու համար միայն որոշ էլեկտրոնային հասցեներ գրանցել կարողանալու հանգամանքը, ինչի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել:

Ինտերնետային նամակագրություն ապահովող օպերատորները, հաշվի առնելով վերջին օրերին համացանցում նոր տեսակի վիրուսային հարձակումների տարածումը, բարձրացրել են անվտանգության պայմանները և արգելափակում են մի խումբ էլեկտրոնային հասցեներին ուղարկվող նամակները՝ դիտարկելով որպես հնարավոր վտանգ: Առցանց նամակագրության այդպիսի կայքերից են, օրինակ՝ @gmail.com, @outlook.com, @yandex.ru, @live.com և մի շարք կազմակերպությունների սերվերները: Մինչդեռ այդ ընթացքում անխափան գործում էին այլ օպերատորներ և կազմակերպությունների սերվերներ, մասնավորապես՝ @mail.ru և @yahoo.com:

Խնդրի առաջանալուն պես ՊԵԿ-ն անհապաղ միջոցներ է ձեռնարկել. կոմիտեի սերվերները վստահելի սերվերների ցանկում ներառելու նպատակով կապ է հաստատվել անվտանգությունն ապահովող համապատասխան  հաստատությունների հետ, և մայիսի 20-ի դրությամբ հաջողվել է վերականգնել հիմնական սերվերային համակարգերի հետ հաղորդակցությունը: Այս պահին ևս աշխատանքներ են կատարվում՝ պահպանելու նամակագրության ապահովությունը և կանխարգելելու նմանատիպ խնդիրներն այլ օպերատորների հետ:

Հաշվի առնելով առաջացած անհարմարությունները՝ հաշվետվությունների ներկայացման նոր համակարգի ներդրման ժամկետը հետաձգվել է մինչև 2017թ. նոյեմբերի 1-ը: Խնդրի կարգավորումից հետո հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից օգտվելու համար արդեն կարողացել է գրանցվել ավելի քան 395 հարկ վճարող:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել