Քննարկվեցին պետական գնումների ոլորտում առկա խնդիրները

«Գնումների մասին» նոր օրենքում կան որոշ խնդրահարույց նորմեր, կան նաև գործոններ, որոնք  կարող են խոչընդոտել պետական գնումների  առավել մրցակցային արդյունավետ ընթացակարգերի անցկացմանը. այս խնդիրների վերհանման նպատակով այսօր կլոր սեղան էր կազմակերպված «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում: Քննարկմանը ներկա էին ծրագիրն իրականացնող կազմակերպությունների և բիզնես կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառման մասնակիցների խոսքով, ներկայումս պետական գնումների գործընթացին մասնակցելուց հրաժարվելու հիմանական երկու պատճառ կարող է լինել՝ թղթաբանությունը (թեև այժմ որոշակիորեն պարզեցվել է ընթացակարգը, սակայն դեռևս պահանջները շատ են) և անվստահությունը գնման ընթացակարգի վերաբերյալ. կա թերահավատություն, որ հաղթողը նախապես որոշված է և  իրենք անիմաստ ռեսուրսներ կվատնեն՝ մրցույթին մասնակցելով:

«Գնումների մասին» նոր օրենքի համաձայն՝ բողոքարկման խորհուրդը բաղկացած է մինչև երեք անդամից: Քննարկման ժամանակ կարծիք հնչեցվեց, որ ցանկալի կլիներ խորհուրդն ավելի շատ անդամներից բաղկացած լինի և ընդգրկի տարբեր ոլորտներից անձանց՝ նաև քաղհասարակության կազմակերպություններից:

Բարձրաձայնվեց նաև գնման պահանջի դադարեցման հետ կապված գնման գործընթացը կասեցնելու խնդիրը. այս դեպքում կարող են փասի առջև կանգնել մրցույթում հաղթած մասնակիցները:

Կարևոր խնդիր է նաև այն, որ երբեմն մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնողների համար այնպիսի պահանջներ են ներկայացվում, որ դրանց կարող են բավարարել կոնկրետ ընկերություններ/անձիք, այսինքն՝ ուղղակիորեն մրցույթում հաղթելու հնարավորություն տրվի կոնկրետ անձանց:

Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է պետական գնումների ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ միջոցառում, որի ժամանակ կներկայացվեն առաջարկություններ՝ ռիսկերի նվազեցման ուղղությամբ:

«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) կողմից:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել