Դատավորի կողմից կաշառք ստանալու գործով հարցաքննվեց առանցքային վկան

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործով այսօրվա դատական նիստին հարցաքննվեց առանցքային վկա Կիմա Սարյանը, ով փաստաբան է: Նշենք, որ ամբաստանյալի աթոռին է նաև փաստաբան Էլզա Զաքարյանը, ով մեղադրվում է կաշառքի միջնորդության մեջ:

Նա դատարանում պատմեց, որ քաղաքացի Նորիկ Հակոբյանը գույքային վեճի գործով նրա շահերն է ներկայացրել առաջին ատյանի դատարանում: Գործը եղել է Իշխան Բարսեղյանի վարույթում: Վստահորդը անհանգստանալիս է եղել այն բանի համար, որ դատարանը  հայցվոր կողմի պահանջը բավարարելու դեպքում իրեն իրեն պետք է վտարեին իր բնակարանից հոկտեմբերի 30-ին:

Կիմա Սարյանի խոսքով, ինքը վստահորդին ասել է, որ գործում հաղթելու միակ հույսը հակընդդեմ հայց ներկայացնելն է: Սակայն հակընդդեմ հայցը ներկայացնելուց հետո որևէ տեղեկություն չի ստացվել՝ այն վարույթ ընդունելու կամ մերժելու հիմքերի վերաբերյալ: Նորիկ Հակոբյանը սկսել է անհանգստանալ և մեկ անգամ իրեն հարցրել է, թե ինչպես կարող է «տեսնել» դատավորին:

Նորիկ Հակոբյանին ասել է, որ իր միջոցով դա բացառվում է: Միայն մեկ անգամ ասել է, որ այդ նույն դատավորի մոտ  մեկ այլ գործով նիստի է, կարող է ինքն էլ գալ, ճանաչել դատավորին:

Վկայի խոսքով, մինչ հոկտեմբերի 27-ը, երբ դատավոր Իշխան Բարսեղյանին ձերբակալել են, իր հետ հանդիպել է Էլզա Զաքարյանը և հայտնել, որ դատավոր Իշխան Բարսեղյանն իրենից 2000 դոլար փոխառություն է վերցրել և ստացականի ժամկետը լրացել է, սակայն գումարը հետ չի ստացել և ցանկանում է դատարան դիմել: Ինքը հորդորել է դատարան չդիմել և հարցը լուծել արտադատական ճանապարհով:

Կիմա Սարյանը նշեց, որ քանի որ շուրջ երեք ամիս որևէ տեղեկություն չի եղել հակընդդեմ հայցի ընդունման կամ մերժման վերաբերյալ, և իմացել է նաև, որ Էլզան առնչություն ունի Իշխան Բարսեղյանի հետ, դիմել է նրան՝ որպեսզի այդ հարցով օգնի Նորիկ Հակոբյանին:

Վկան դատարանում պնդեց, որ Նորիկ Հակոբյանը որևէ նպատակ չի ունեցել կաշառք տալու միջոցով խնդիր լուծելու և նրան բացառապես մտահոգել է հակընդդեմ հայցի ճակատագիրը:

Նշենք նաև, որ արդարադատության խորհրդի՝ դատավորին կալանավորելու թույլտվություն տալու որոշումից տեղեկանում ենք հետևայլի մասին. «2016 թվականի հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի բնակիչ Նորիկ Քաջիկի Հակոբյանը ՀՀ ԿԱ ԱԱԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը տարբեր պատճառաբանություններով մոտ երեք ամիս վարույթ չի ընդունել իր փաստաբան Կիմա Սարյանի ներկայացրած հակընդդեմ հայցը: Իր «հարցով» դատավորին միջնորդելու համար Կիմա Սարյանն իրեն է փոխանցել ոմն Էլզայի բջջային հեռախոսահամարը: Ինքը զանգահարել և հանդիպել է Էլզային, ում առաջարկով իր ավտոմեքենայով գնացել են դատարանի շենքի մոտ, որտեղ ինքը սպասել է, իսկ Էլզան բարձրացել է դատավորի մոտ: Մոտ 10-15 րոպե անց Էլզան վերադարձել է և ասել, որ դատավորն իր գործին դրական լուծում կտա, եթե մինչև երեկո ինքը տա 1000 ԱՄՆ դոլար գումար: Խնդրել է Էլզային` դատավորից ճշտել գումարը հաջորդ օրը տալու հնարավորության հարցը, քանի որ այդ պահին գումար չի ունեցել, սակայն Էլզան դատավորի մոտ կրկին գնալուց և վերադառնալուց հետո հայտնել է, որ դատավորը պահանջում է գումարը տալ նույն օրը: Համոզվելով, որ դատավորի կողմից իրենից կաշառք է պահանջվում, այդ փաստից վրդովված, որոշել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին տալ հանցագործության մասին հաղորդում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել