Փողերի լվացման գործով ամբաստնյալը հրաժարվեց փաստաբան Ճարոյանից․ համբերության բաժակը լցվել է

«Հայբիզնեսբանկ»-ի փողերի լվացման գործով անցնող Արա Կիրակոսյանը այսօր դատարանում հրաժարվեց իր պաշտպանյալից՝ Հակոբ Ճարոյանից, պատճառաբանեով՝ ստիպված էր, ընդ որում՝ ամբաստանյալն այս քայլին գնաց դատական վիճաբանության փուլում՝ վերջին խոսքն ասելու փոխարեն։

«Ուղղակի բաժակը լցվեց, երբ նա հրաժարվեց պաշտպանական ճառ արտասանելուց։ Դեռ շատ-շատ հանգամանքներ կան, դրա համար էլ ես ստիպված հրաժարվեցի»,- շեշտեց պարոն Կիրակոսյանը՝ միջնորդելով նոր պաշտպան ներգրավվել Հայկ Ալումյանին։

Մեղադրող դատախազը թեև չառարկեց ամբաստանյալի միջնորդության դեմ, բայցև արձանագրեց, որ նիստերը անհարկի հետաձգվում են․ «Ներգարվվումը բացառող հանգամանքներ չկան, սակայն ամենևին էլ չվիճարկելով ամբաստանյալի պաշտպանության իրավունքը, հարկ եմ համարում նշել, որ պաշտպանի փոփոխությունը, իմ կարծիքով դատաքննությունն անհարկի ձգձգելու միտում է»,- շեշտեց կողմը։

Այս պատճառաբանությունները լսելուց հետո նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց բավարարել միջնորդությունը․ այսուհետ Հայկ Ալումյանը կիրականացնի Արա Կիրակոսյանի իրավունքների պաշտպանությունը։

Այնուհետև ամբաստանյալի միջնորդությամբ դատարանը հետաձգեց դատական նիստի ընթացքը, դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարզաբանեց, որ գործը բազմահատոր է, ավելի քան երեսուն հատոր, փաստաբան Հայկ Ալումյանը խնդրեց ամեն մի հատորի համար մեկ օր տրամադրել, ինչպես նաև հատկացնել դատաքննության ձայնագրությունները։ Ի վերջո որոշվեց հաջորդ դատական նիստը նշանակել հունիսի 26-ին։

Հիշեցնենք՝ Արա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումարը հափշտակելու, ապա օրինականացնելու համար։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Կիրակոսյանը, 2006 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ ժամանակահատվածում հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության Վարչության նախագահը, բանկի 07.10.2011թ. հաստատված Կանոնադրության 9.3 կետով սահմանված իր կարգադրիչ և այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ՝ իր և ուրիշ անձանց օգտին օգտագործելով, նույն բանկի վարչության նախագահի տեղակալ–Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Ռոբերտի Եսայանի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Զեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Սերուժի Մանուկյանսի, Շվեյցարիայի Համադաշնության ժնև քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Աբրահամի Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Վաչիկի Դաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊ հիմնադիր֊տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Ամիրբեկի Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ամիսը ներառյալ ժամանակահատվածում, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր և վճարման հանձնարարականներ, խարդախությամբ՝ խաբեության եղանակով հափշտակել, ապա օրինականացրել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից, «Սբերբանկ» ՓԲ ընկերության միջոցով (միջնորդությամբ), «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերություն (այսուհետ սույն որոշման մեջ կարող է նշվել նաև Բանկ) փոխանցված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումար, որից՝ 1.000.000 եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, Բանկում թղթակցային հաշվեհամարներ բացած, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» ընկերության համար, իսկ 9.980.000 եվրոն՝ «SWIFT» հաղորդագրություններում անճշտություններ լինելու և վերջնական շահառուն նշված չլինելու պատճառով, ենթակա է եղել վերադարձման ուղարկող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» և «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերությունները իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ երկայացնել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ, որը հատուցման պարտավորություն է ստանձնել։

Գործի դատաքննությունն անցկացվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Գ․Թ․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել