Հարուցվել է քրեական գործ՝ Եվգենի Կաչակի սպանության դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1970թ. ծնված Եվգենի Ալեքսանդրի Կաչակի սպանության դեպքի առթիվ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. ապրիլի 29-ին Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի «Շահումյան 2» գերեզմանատան 2-րդ հատվածում հայտնաբերվել էր տղամարդու դի՝ մարմնական վնասվածքների հետքերով։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել էր տուժողի ինքնությունը, ով  ազգությամբ ռուս, ՀՀ քաղաքացի, 05.11.1970թ. ծնված Եվգենի Ալեքսանդրի Կաչակն է։

Ե.Կաչակի մահվան հանգամանքները պարզելու համար իրականացվել են անհրաժեշտ գործողություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: Արդյունքում՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Ե.Կաչակի մահը հետևանք է նրա նկատմամբ կիրառված բռնության։

Ըստ դատաբժշկական փորձաքննության տվյալների՝ Ե.Կաչակի դիակի վրա հայտնաբերվել են գանգուղեղային, կրծքավանդակի, որովայնի, գոտկային շրջանների համակցված փակ բութ վնասվածքներ, բազմաթիվ քերծվածքներ գլխի, դեմքի շրջանում, տարածուն արյունազեղումներ և արյունահավաքներ գլխի փափուկ հյուսվածքներում, գլխուղեղի ուղեղանյութում և ուղեղի թաղանթներում, կրծքավանդակի, գոտկային շրջանների հետին մակերեսների փափուկ հյուսվածքներում, մկաններում, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, մակերիկամի շրջաններում, որոնց համակցության արդյունքում էլ վերջինիս մոտ զարգացել է շոկային վիճակ, այն է՝ տրավմատիշոկ՝ հանգեցնելով սիրտ-անոթային անբավարարության, ինչով էլ պայմանավորված է Ե.Կաչակի մահը:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Եվգենի Ալեքսանդրի Կաչակի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Բաժնի պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, մշակվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հանձնարարություններ տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

ՀՀ քննչական կոմիտե

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել