Ոչ հավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում հասարակական և առևտրային կազմակերպությունների միջև

«Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով հասարակական և առևտրային կազմակերպությունների միջև ոչ հավասար մրցակցային պայմաններ է ստեղծված ձեռնարկատիրությամբ զբաղվելու պարագայում։ Այս մասին հայտարարում են ձեռնարկատիրության ոլորտում մասնագիտացած կազմակերպությունները․ «Եթե առևտրային կազմակերպությունները հնարավորություն ունեն աշխատելու շրջանառության հարկով, ապա ՀԿ-ները ավելացված արժեքի հարկում են և նրանք վճարելու են շահութահարկ»,- նշում է Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Սաթիկ Բադեյանը։

Հիշեցնեք՝ նախորդ տարի ընդունված, իսկ այս տարվա փետրվար ամսին ուժի մեջ մտած նոր օրենքն ամրագրում է դրույթ, ըստ որի հասարակական կազմակերպությունները կարող են անմիջական կերպով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, նախկինում կազմակերպությունները նման գործունեություն ծավալելու նպատակով ստեղծում էին առևտրային կազմակերպություններ՝ սահմանափակ պատասխանատվության ընկերություններ։

Այս խնդրի լուծման համար Պետական եկամուտների կոմիտեի հետ քննարկումներ է իրականացնում Իրավաբանների հայկական ասոցիացիան, զուգահեռաբար՝ կազմակերպությունը «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Երևանում և մարզերում իրազեկող դասընթացներ ու խորհրդատվություններ է անցկացնում կազմակերպությունների համար՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ։

Հերթական դասընթացը մայիսի 17-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, որին ներկա էին տեղական կազմակերպություններ։

Դասընթացը վարում էր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։

Պարոն Զադոյանը հայտնեց, որ Պետական եկամուտների կոմիտեն «անհատույց ակտիվներ» եզրույթի ներքո հնարավոր է չդիտարկի դրամաշնորհների շրջանակենրում կազմակերպության տրամադրված անվճար ծառայությունները, տվյալ պարագայում նախատեսվում է շահութահարկի գանձում։ Փաստացի մինչ այս կազմակերպություններն դրամաշնորհների միջոցով իրականացրել են անվճար ծառայություններ իրենց շահառուներին, որոնք նոր օրենքի գործարկման պարագայում հնարավոր է հարկվեն. «Եթե ի վերջո ամրագրվի այդ մոտեցումն, ապա ստացվում է, որ բոլոր հասարակական կազմակերպությունները լուրջ խնդրի առջև կարող են կանգնել, որովհետև բոլորն իրենց շահառուների համար անվճար ծառայություններ են մատուցել՝ դրամաշնորհների հաշվին»:

Բացի այդ, Կարեն Զադոյանն անդրադարձավ նաև կամավորության ինստիտուտին՝ նոր օրենքում․ «Նոր օրենքը հնարավորություն է տալիս, որ դուք կամավորներ ունենաք, եթե նրանք շաբաթը 20 ժամից ավելի են աշխատում, նրանց հետ կարող եք կնքել պայմանագիր՝ սահմանելով նաև այն դրույթները, որ ապահովում եք անվտանգ աշխատանքային պայմաններ և փոխհատուցեծ կամավորական աշխատանքի ծախսերը»,- հայտնեց ԻՀԱ ղեկավարը։

Դասընթացի ավարտին Կարեն Զադոյանը ՀԿ-ների մատուցեց անվճար իրավաբանական խորհրդատվություն իրենց կանոնադրությունների փոփոխությունների կատրման, ինչպես նաև իրենց հուզող այլ իրավական հարցերի վերաբերյալ:

Հայտնենք, որ Սևան քաղաքի այս դասընթացը անց է կացվել Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։

Նշենք նաև, որ դասընթացներն տեղի են ունենում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել