Ադրբեջանական ծագման խնձորները լաբորատոր քննության են ենթարկվել. ՍԱՊԾ

Ադրբեջանական խնձորների աղմկահարույց դեպքի մանրամասները պարզելու համար Իրավաբան.net-ը հարցումներ էր ուղարկել ՀՀ ԳՆ ՍԱՊԾ:

ՍԱՊԾ-ի ն ուղղված մեր հարցին, որ եթե այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ, ապա ինչպե՞ս է ադրբեջանական արկղերով խնձորը հայնտնվել ՀՀ՝ Երևանի և մի շարք մարզերի վաճառակետերում, ստացվել էր հետևյալ պատասխանը՝

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերով ադրբեջանական ծագման որևէ բեռ, այդ թվում խնձոր, չի ներկրվել ՀՀ:

Ադրբեջանական ծագման խնձորը ՀՀ անօրինական ճանապարհով է ներմուծվել, ինչի վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն:

Մեզ հետաքրքիր էր նաև, թե արդյո՞ք իրականացվել կամ իրականացվելու են լաբորատոր փորձաքննություններ նշված սննդամթերքի մասով՝ հանրային առողջության համար վտանգավորությունը ստուգելու վերաբերյալ:

ՍԱՊԾ-ից հայտնում են, որ սննդամթերքի լաբորատոր փորձաքննություն իրականացվել է, որի արդյունքում ադրբեջանական ծագման խնձորների նմուշներում ըստ նախատեսված ցուցանիշների՝ շեղումներ չեն հայտնաբերվել:

Նշենք նաև, որ Հատուկ քննչական կոմիտեի հաղորդմամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչ Դ. Ա.-ն և նույն բաժանմունքի հերթափոխի պետ Վ. Մ.-ն խմբի կազմում` նախնական համաձայնությամբ, անհատ ձեռնարկատերեր Գ. Ա.-ից և Լ. Ս.-ից կաշառք են ստացել, ինչի արդյուքնում Բագրատաշենի մաքսակետով ներկրված միրգ-բանջարեղենը պատշաճ զննության չեն ենթարկվել: ՊԵԿ աշխատակիցները կալանավորվել են:

Իսկ երեկ՝ մայիսի 12-ին ՊԵԿ-ը նոր հաղորդում տարածեց, որի համաձայն Բագրատաշենի բաժանմունքի ևս մեկ մաքսային տեսուչ է ձերբակալվել կաշառքի ստացման կասկածանքով:

Ալիսա Չիլինգարյան

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել