Դաբաղի դեմ պատվաստանյութեր. պետական գնումներում խնդիրներ են արձանագրվել

Դաբաղի դեմ պատվաստանյութեր. պետական գնումներում խնդիրներ են արձանագրվել

Նախորդ տարվա հունվարին ռուսաստանյան լրատվամիջոցներից հայտնի դարձավ, որ Հայաստանից մսի և կաթնամթերքի ներկրումը Ռուսաստան ժամանակավորապես դադարեցվում է՝ դաբաղի պատճառով: Մինչդեռ վերջին տարիներին գյուղատնտեսական կենդանիների համար գնվող պատվաստանյութերի մեջ ամենամեծ հատկացումները արվում են դաբաղի դեմ պատվաստանյութերին:

Այսպես, 2014 թվականին պատվաստանյութեր են ձեռքբերվել 578,22 միլիոն դրամ, 2015-ին՝ 567,61 միլիոն դրամի, 2016-ին՝ 487,46 միլիոն դրամի, 2017-ի մայիսի 12-ի դրությամբ՝ 253,29 միլիոն դրամի. այս մասին  Իրավաբան.net-ին հայտնում են գյուղատնտեսության նախարարությունից: Ներկայացնենք, թե այս տարիների ընթացքում, որքա՞ն դրամն է ծախսվել դաբաղի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման համար:

2014 թվականի հունվարի 22-ին  գյուղատնտեսության նախարարությունը դաբաղի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար պայմանագիր է կնքել «Բիո Ունիվերսալ» ընկերության հետ: 2 072 333 միլիոն դեղաքանակի համար վճարվել է 448.66 միլիոն դրամ: Այսինքն, 1 դոզայի համար վճարվել է 216 դրամ: Պայմանագրով, պատվաստանյութի մատակարարման վերջնաժամկետը եղել է 2014-ի հունիսի 2-ը:

2014-ին գյուղնախարարությունը դաբաղի դեմ պատվաստանյութի մեկ այլ պայմանագիր կնքել է նոյեմբերի 14-ին՝ «Ամասիա» ընկերության հետ: Գնման պայմանագրի համաձայն՝ 2 169 741 դոզայի ընդհանուր արժեքը կազմել է 465.27 միլիոն դրամ: 1 դոզայի արժեքը կազմել է 214.44 դրամ: Պատվաստանյութերի մատակարարման վերջնաժամկետը հաջորդ տարվա՝ 2015-ի հունիսի 1-ն է եղել:

2016 թվականից գյուղնախարարությունը պատվաստանյութեր ձեռք է բերում նաև ռուսաստանյան կազմակերպություններից: Մասնավորապես, փետրվարի 12-ին պայմանագիր է կնքվում ՌԴ «Կենդանիների առողջության պահպանման ֆեդերալ կենտրոն» ՖՊԲԿ-ի հետ՝ 1,2 միլիոն քանակությամբ պատվաստանյութերը 184.83 միլիոն դրամով ձեռք բերելու համար: Մեկ միավոր դոզայի գինը այս պայմանագրով կազմում է 154.03 դրամ:

2016-ին դաբաղի դեմ պատվաստանյութեր է գնվել նաև ռուսաստանյան «Շչոլկովսկի բիոկոմբինատ» ԴՊՈՒՁ-ից. հունիսի 16-ին կնքված պայմանագրի համաձայն՝ 1 073 900 քանակությամբ պատվասանյութերի արժեքը կազմել է 177.19 միլիոն դրամ: Մեկ միավորի գինը կազմել է 137,49 դրամ:

Այս տարի, 2017-ի փետրվարի 15-ին գյուղատնտեսության նախարարությունը 2 554 101  քանակությամբ դաբաղի դեմ պատվաստանյութ ձեռքբերելու համար պայմանագիր է կնքել ՌԴ «Կենդանիների առողջության պահպանման ֆեդերալ կենտրոն» ՖՊԲԿ-ի հետ: Պայմանագրի արժեքը կազմել է 352 465 938  դրամ: Այսինքն, մեկ միավոր դոզայի արժեքը եղել է 138 դրամ:

Ինչու՞ է ավելի ցածր գնով կնքված պատվաստանյութի ձեռքբերման գործարքը դադարեցվել

 2016 թվականի համար դաբաղի դեմ պատվաստանյութի ձեռքբերման գնման գործընթացում հաղթող է ճանաչվել «Ագրոխիմպրոմ» ընկերությունը, որի ներկայացրած գնային առաջարկը, ի տարբերություն նախորդ տարիների, բավականին մատչելի է եղել՝ 1 դոզայի գինը՝ 147,9 դրամ:

ԳՆ-ՇՀԱՊՁ-15/5 ծածկագրով գնման ընթացակարգի հանձնաժողովի կողմից «Ագրոխիմպրոմ»-ը հաղթող է ճանաչվել 2015 թվականի դեկտեմբերի 1-ին: Իսկ դեկտեմբերի 7-ին նույն հանձնաժողովի արձանագրությամբ հաստատվել է, որ ընկերությունը բավարարում է մրցույթի պահանջներին:

Իսկ ահա հունվարի 20-ին հանձնաժողովը գնման ընթացակարգը համարել է չկայացած: Ի դեպ, հենց այս նույն օրվանից էլ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը ժամանակավոր արգելք է մտցրել դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանի կենդանիների գենետիկ նյութի և մսի, վերամշակում չանցած ենթամթերքի, ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքի հումքի՝ Հայաստանից Ռուսաստան ներմուծման համար:

Հանձնաժողովի կողմից այս որոշման հիմքում կառավարության չորս օր առաջ ընդունած որոշումն է (14.01.2016, 12-Ն): Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան, գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ գնման գործընթացը չկայացած համարելու հիմքում եղել է գյուղնախարար Սերգո Կարապետյանին ուղղված սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Ա. Հայրապետյանի հունվարի 13-ին գրված նամակը, որում նշվում է.

«Հաշվի առնելով ՀՀ սահմանակից երկրներում (Իրան, Թուրքիա) արձանագրված կենդանիների դաբաղ հիվանդության դեպքերը, տիրող իրավիճակը և շրջանառվող դաբաղի վիրուսի տիպերը, ինչպես նաև հիմք ընդունելով Ռուսաստանի «Կենդանիների առողջության համառուսական գիտահետազոտական ինստիտուտ» Դաշնային պետական բյուջետային հաստատության կողմից, ՀՀ-ում արձանագրված դաբաղ հիվանդության տեսակը հաստատելու, և գենետիկական ուղղվածությունը (հակածնային ազգակցական կապը) պարզելու վերաբերյալ ստացված գրությունը՝ ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների դաբաղ հիվանդության դեմ արդյունավետ կանխարգելիչ պատվաստումներ իրականացնելու նպատակով առաջարկվում է 2016 թվականի ընթացքում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի»շրջանակներում նախկինում նախատեսված A Iran-05, O PanAsia 2, Азия 1–Vrastan 2001 տիպերի հակադաբաղային պատվաստանյութի փոխարեն ձեռք բերել A Iran 05 և A G-VII, O PanAsia 2, Азия 1-Sindh-08 շիճուկաբանական տիպերով արտադրված պատվաստանյութ»:

Այսինքն, պարզվել է, որ պետք է գնվի այլ բաղադրությամբ պատվաստանյութ:

«Ագրոխիմպրոմ» ընկերության տնօրեն Գագիկ Գասպարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ գնման գործընթացի դադարեցման հետևանքով ընկերությունը չի տուժել. «Ի՞նչ խնդիր պիտի ունենայի, շահույթ կարող էի ունենալ, եթե գործարքը արվեր: Բայց դե նախարարությունն է որոշում՝ որտեղից է հարմար վերցնելը»:

Այն հարցին, թե արդյո՞ք իրենց ընկերությունը չէր կարող պահանջված պատվաստանյութը մատակարարել, պատասխանեց. «Կկարողանայինք, բայց ոչ էժան: Իրենք (գյուղնախարարությունը) գործարանից են բերել, նույնն էլ էս տարի է եղել: Ո՞նց կարող էի ես արտադրողից էժան բերել»,- Գ. Գասպարյանը հավելեց, որ այս տարի էլ ցանկացել է մասնակցել գնման մրցույթին, սակայն տեղեկացել է, որ ռուսաստանյան արտադրող ընկերությունն էլ է մասնակցելու և հայտ չի ներկայացրել:

Գագիկ Գասպարյանը նաև պարզաբանեց այն հարցը, թե ինչպես է ստացվել, որ օրինակ 2014 թվականին 1 դոզայի գինը եղել է 216 դրամ, 2015-ին՝ 214 դրամ, իսկ 2016-ին «Ագրոխիմպրոմ»-ն առաջարկել է 147.9 դրամ: Պատճառը եղել է  ռուսական ռուբլու այս շրջանում կտրուկ արժեզրկումը. «Մինչև դա ռուբլիի արժեքը 12.5 դրամ էր, ես երբ մասնակցել եմ 7.5 դրամ է եղել»:

Ի դեպ, 2016 թվականի հունվարի 22-ին ՍԱՊԾ-ի պարզաբանող հաղորդագրության մեջ նշվել էր հետևյալը. «…առաջիկայում Հայաստան կժամանի ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետի տեղակալը՝ տեղում ծանոթանալու կանխարգելիչ միջոցառումների ընթացքին»:

Եվ Ռուսաստան հայաստանյան մսամթերքի ներկրումն արգելելուց հետո գյուղնախարարությունը  դաբաղի դեմ պատավաստանյութերը գնել է բացառապես ռուսական հիմնարկներից:

Անազնի՞վ մրցակցություն. ընկերությունը 75 տոկոսով ցածր գին է առաջարկել

Սակայն պարզվում է, որ մինչ այս գնման ընթացակարգի դադարեցման մասին կառավարության որոշումը, մրցույթին մասնակից մյուս երկու ընկերությունները բողոքարկել են գնահատման հանձնաժողովի որոշումը՝ «Ագրոխիմպրոմ» ընկերությանը հաղթող ճանաչելու վերաբերյալ:

Այսպես, մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև «Ամասիա» ընկերությունն ու «Շչոլկովսկի բիոկոմբինատ» ԴՊՈՒՁ-ն: Եվ 2 273 900 դոզա պատվաստանյութի մատակարարման համար նրանք ներկայացրել են հետյալ գնային առաջարկները՝ 474.62 միլիոն դրամ և 425.21 միլիոն դրամ: Իսկ ահա «Ագրոխիմպրոմ» ընկերության գնային առաջարկը էապես ցածր է եղել՝ 336.52 միլիոն դրամ:

«Շչոլկովսկի բիոկոմբինատ» ընկերության ներկայացուցիչ Նարեկ Աբրահամյանը բողոքարկման խորհրդի նիստի ժամանակ նշում է, որ ցածր գնային առաջարկը կասկածներ է հարուցում: Մասնավորապես, «Շչոլկովսկի բիոկոմբինատ»-ը արտադրող ընկերություն է և գնային առաջարկ է ներկայացրել 1 դոզայի համար 187 դրամ, մինչդեռ ներկրող «Ագրոխիմպրոմ»-ի առաջարկը պակաս է գնման հայտով նախատեսված առավելագույն գնի՝ 198 դրամի 75 տոկոսից:

Իր առաջարկած բավականին ցածր գինը հիմնավորելու համար «Ագրոխիմպրոմ»-ը ներկայացրել է ռուսաստանյան «Ստավրոպոլսկայա ֆաբրիկա» ՖԿՊ-ի հետ նամակագրության պատճենը, որում նշվում է, թե այն «Ագրախիմպրոմ»-ին կարող է վաճառել պատվաստանյութի 1 դոզան՝ 108 դրամով: Նարեկ Աբրահամյանն ընդգծում է, որ  «Ստավրոպոլսկայա ֆաբրիկա» ՖԿՊ-ն արտադրող ընկերություն չէ և այն էլ իր հերթին պետք է պատվաստանյութը գնի արտադրողից: Այսինքն, ենթադրելի է, որ նույնիսկ 108 դրամից ցածր է եղել խոստացված պատվաստանյութի ինքնարժեքը:

«Եթե շուկայում չկա նման գին, ապա դա կարող է երկու բան նշանակել՝ կամ ապարանքը չի համապատասխանում պատվիրատուի սահմանած որակական պահանջներին: Եվ դա շատ մեծ վնաս կարող է հասցնել, հաշվի առնելով, թե ինչ մեծ մասշտաբներով է կիրառվելու: Երկրորդ եզրակացությունն այն է, որ կա հակամրցակցային համաձայնություն ռուսաստանյան արտադրողների և «Ագրոխիմպրոմ»-ի միջև, որովհետև կա գին գցելու միտում: Երկուսն էլ հակասում են օրենքին»,- նշում է Նարեկ Աբրահամյանը:

Ի դեպ, բողոքարկման խորհրդի նիստերին կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ հաղթող «Ագրոխիմպրոմ» ընկերությունը Արցախում է գրանցված: Իրավաբան.net-ը ավելի վաղ անդրադարձել էր խնդրին, երբ ՀՀ պետական գնումներին մասնակցում և հաղթում են Արցախում գրանցված ընկերություններ, որոնց վերաբերյալ բավականաչափ տեղեկություններ ստանալու հնարավորություններ չկան: Օրինակ, իրավաբանական անձանց գրանցման ռեգիստորի տվյալները հասանելի չեն և կանգնում ես պատի առջև, երբ փորձում ես հասկանալ, թե ովքեր են մատակարարների իրական սեփականատերերը:

Պետական գնմանը մասնակից ընկերությունը աշխատում է ոչ թափանցիկ

Ինչպես արդեն իսկ նշեցինք, պատվաստանյութերի ձեռքբերման մրցույթների հաղթող ընկերություններից է եղել «Ամասիա» ՍՊԸ-ն, որը հրաժարվել է ստուգման համար փաստաթղթեր տրամադրել Վերահսկիչ պալատին: Մասնավորապես, ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2015 թվականի մարտի 16-ի թիվ 6/7 որոշման հիման վրա կազմվել է ընթացիկ հաշվետվություն, որում  նշվում է հետևյալը.

«ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի 2015 թվականի սեպտեմբերի թիվ 23 հրամանի համաձայն «Ամասիա» ՍՊԸ-ի մոտ ՀՀ վերահսկիչ պալատին վերապահված իրավասու­թյան սահմաններում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ամասիա» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը վերա­բե­րող հարցերը ճշտելու նպատակով պետք է իրականացվեր հանդիպակաց ստուգում: Վերա­հսկո­ղություն իրականացնող հանձնաժողովի կողմից վերը նշված հանդի­պա­կաց ստուգման հրամանի շրջանակներում «Ամասիա» ՍՊԸ-ից պահանջվել է  տեղեկատվություն: «Ամասիա» ՍՊԸ-ն, խախտելով «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի մաս 2-ի բ) և գ) կետերով և նույն հոդվածի մաս 3-ով սահմանված պահանջները, չտրամադրեց վերը նշված փաստաթղթերն ամբողջությամբ, որի արդյունքում կազմվեց խոչընդոտման արձանագրություն»:

Այս դեպքի վերաբերյալ հարցում էինք արել Վերահսկիչ պալատին այն մասին, թե արդյո՞ք բացի արձանագրության կազմումից այլ իրավական հետևանքներ եղել են այս ընկերության համար կամ որևէ կերպ պարտավորեցվե՞լ է ընկերությունը՝ ամբողջական փաստաթղթերը ներկայացնել: Սակայն  Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան, Վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանը նշել է միայն, որ «2014-2015 թվականներին մատակարարված պատվաստանյութերի ձեռքբերման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի չտրամադրման վերաբերյալ կազմվել է խոչընդոտման արձանագրություն»:

Այսինքն, իրականում որևէ գործուն քայլ չի կատարվել հետագայում նման խնդիրներից խուսափելու համար: Ավելին, այս ընկերության հետ պատվաստանյութերի ձեռքբերման պայմանագիր է կնքվել նաև 2016 թվականին:

Այլ խնդիրներ

Դաբաղով կենդանիների հիվանդանալու պատճառները կարելի է գտնել Վերահսկիչ պալատի վերոնշյալ հաշվետվությունում: Նախ նշվում է, որ «իրականացված վերահսկողության ընթացքում բացահայտվել են դեպքեր, երբ համայնքների կողմից հաշվարկված անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանել տվյալ համայնքում փաստացի առկա անասնագլխաքանակի մասին տվյալներին»: Ավելին, «Դաբաղ հիվանդության նկատմամբ մանր եղջերավոր կենդանիներն  ամբող­ջու­թյամբ չեն պատվաստվում, օրինակ՝ առկա են համայնքներ,  որտեղ մանր եղջերավոր կեն­դանի­ների մի մասը պատվաստվում են, իսկ մյուս մասը՝ ոչ, այստեղ բացակայում է որևէ տրամաբանություն»:

Սրա վերաբերյալ գյուղնախարարությունից Իրավաբան.net-ին ուղղված գրության մեջ նշվում է, որ պետպատվերի շրջանակում իրականացվող ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումներում ընդգրկված վարակիչ հիվանդությունների ցանկը և համայնքների ընտրությունը՝ ելնելով առաջնային անհրաժեշտությունից (կախված հիվանդության բնույթից, կենդանատեսակից, հարևան երկրներում տիրող անասնահամաճարակային իրավիճակից) ներկայացնում է լիազոր մարմինը՝ նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը. «2015 թվականին մանր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության նկատմամբ կանխարգելիչ պատվաստումները նախատեսվել է իրականացնել բուֆերային մարզերում և համայնքներում: Բացի այդ, դաբաղի նկատմամբ մանր կանխարգելիչ նպատակներով պատվաստվել են նաև այլ համայնքների այն մանր եղջերավոր կենդանիները, որոնք տեղափոխվել են բուֆերային համայնք»:

Բացի նրանից, որ ոչ բոլոր կենդանիներն են պատվաստվում, կա նաև պատվստանյութի պատշաճ պայմաններում պահպանման խնդիր: Չկան համապատասխան սառնարաններ և թերմոճամպրուկներ: Վերահսկիչ պալատը արձանագրել է, որ, օրինակ, 2014 թվականին պատվաստանյութը պահվել է  Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակչի սառնարանում, այլ գյուղերում պատվաստանյութերը պահվել են նկուղներում:

Գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ ներկայումս սառնարանների և թերմոճամպրուկների խնդիրը լուծված է. «2016 թվականին ձեռք է բերվել 650 թերմոճամպրուկ և տրամադրվել անասնաբույժներին, ինչը լիովին բավարար է պատվաստանյութերի պահպանման և անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովման համար»: Ըստ, գյուղնախարարության, լուծված է նաև պատվաստանյութերի որակի վերահսկողության խնդիրը:

Իսկ ահա գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալում և հաշվառում չի իրականացվում: Նախարարությունը սա բացատրում է ֆինանսական միջոցների բացակայությամբ և նշում, որ ներկայումս աշխատանքներ են տարվում դոնոր կազմակերպությունների հետ համապատասխան ֆինանսական միջոցներ ներգրավվելու ուղղությամբ, ինչի արդյունքում հնարավոր կլինի այս խնդիրն էլ լուծել:

Այսինքն, քանի դեռ կենդանիների թվաքանակի վերաբերյալ հստակ տեղեկություններ ունենալու հնարավորություն չկա, ենթադրվում է, որ կարող են առաջանալ այլ խնդիրներ՝ կապված գնվող պատվաստանյութի քանակի հետ, և ոչ բոլոր կենդանիները կարող են պատվաստվել:

Ներկայիս իրավիճակի վերաբերյալ Վերահսկիչ պալատը նոր տվյալներ չունի: Մեզ ուղղված պատասխանում ՎՊ աշխատակազմի ղեկավարը նշում է. «ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության  տարեկան ծրագրում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող միջոցների կառավարման օրինականության նկատմամբ վերահսկողություն նախատեսված չէ»:

Աստղիկ Կարապետյան

 Իրավաբան.net     

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել