Ի՞նչ խնդիրներ կան հացամթերքի ոլորտում և ի՞նչ կանոներն են խախտվում հացի փռերում

Հացը սննդամթերքի այն տարատեսակներից է, որը սպառվում է ամեն օր և վաճառվում գրեթե բոլոր խանութներում:

Չնայած սրան, քիչ չեն դեպքերը, երբ արտադրամասից խանութ տեղափոխելիս ոչ այնքան հաճելի տեսարանների ենք ականատես լինում: Հաց ու հացաբուլկեղեն թխում են որտեղ ասես, ով ասես, իրացնում՝ նույն կերպ: Մասնագետների կարծիքով ոլորտում շատ են բացերն ու խախտումները:

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը նշում է, որ քանի որ հացը ամենօրյա օգտագործման ապրանք է, իսկ հայերն ազգային խառնվածքով ու ապրուստից ելնելով հաց շատ են օգտագործում, հիմա մի մարդն օրական 350-400 գրամ հաց է ուտում: Ինչպես ինքն է նշում՝ այդպես պատերազմի թվին է լինում, ինչը վատ ցուցանիշ:

Պողոսյանն ընդգծում է, որ թեև նախորդ տարիների համեմատ հացի որակն անհամեմատ լավացել է, սակայն դրանից խնդիրները չեն վերացել:

Քաշից բացի ևս մեկ խնդիր է հանդիսանում հացի ներկումը: Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը նշում է, թե հացը հաճախ ներկվում է, այն էլ ոչ սննդային ներկով: Այսինքն երբ մենք խանութից գնում ենք մուգ հաց, իրականում այն տարեկանի ալյուրով չի լինում պատրաստված, այլ միայն ներկում են ու սպիտակ հացի փոխարեն ստանում սև հաց:

«Երկար տարիներ հորդորում ենք, որ պետք է գոնե մակնշվեն նվազագույն պահանջները՝ տեսակ, քաշ, խոնավություն, բայց հիմա  իրացվող հացի միայն 10-15 տոկոսն է մակնշված: Մյուսների համար կարող ենք ասել, որ դրանք անհայատ ծագում ունեն, քանի որ բացակայում է մակնշումը»,-ընդգծում է Հայթյանը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում՝ փորձեց հնարավորինս մեղմ գնահատական տալ, նա ասաց, որ առնվազն պետք է նշել, որ ոլորտում ոչ գոհացուցիչ պայմաններն են: Իրացման ցանցում առկա խնդիրներից սկսած մինչև իրացման ցանց հայտնվելը, մինչև արտադրական պրոցես, յուրաքանչյուր ոլորտում խնդիրներ ունենք:

«Իրացման ցանցում ունենք խնդիր մասնավորապես այն մասով, որ չի նշվում, թե ինչ ալյուրից է պատրաստված, ինչ բաղադրությմաբ և ինչ քաշի հացի հետ գործ ունենք, որպեսզի կարողանանք նույնականացնել, համապատասխանություն կամ անհամապատասխանություն հայտնաբերել: Չմակնշվող հացի հետ կապված՝ բացակայում են փաստաթղթեր, համապատասխան տեղեկատվության մասին: Բաղադրությունը հատկապես կարևոր է թիրախավորված խմբերի համար, այսինքն այն մարդկանց, որոնց համար առողջապահական նշանակություն ունի հացի տեսակը, ալյուրի տեսակը և այլն:

Ունենք խնդիր արտադրությունից տեղափոխման հետ կապված, ինչպես նաև արտադրություններում տիրող սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված»,-նշում է Պիպոյանը:

Իրավաբան.net-ը փորձեց նաև հարցում անցկացնել քաղաքացիների շրջանակում: Հետաքրիր է, որ պատահականության սկզբունքով 7 հարցվողներից 3-ը նշում են, որ չեն վստահում վաճառավող հացի որակին և իրենք են տանը հաց թխում:

Մեկ այլ խնդիր էր նաև ալյուրի հարստացման ծրագրի նախագիծը: Այս մասին որոշակի պարզաբանումներ տվեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ, որակի վերլուծության դեպարտամենտի ղեկավար, որակի աուդիտոր Միլետա Արիստակեսյանը:

Նշենք, որ միայն այս տարվա հունվարի 1-ից մինչև ապրիլի 20-ը ՀՀ ցորենի և այլ հացահատիկի շուրջ 3. 515.434 կիլոգրամ ալյուր է ներմուծվել:

Ինչպես Բաբկեն Պիպոյանը նշեց, որ իրականում, եթե պահանջարկը չլիներ ներմուծումն էլ չէր լինի. «Մենք դեռևս ցորենի բերքի հավաքի փորձ չունենք, բայց կարծես թե ոչ մեկ այդ խնդրին չի անդրադառնում, ամեն դեպքում, եթե նայում ենք ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ հացի արտադրության ծավալները նվազել են»:

Ձեզ ենք ներկայացնում այս տարվա ներմուծումների խմբաքանակներն ըստ ամսաթվի՝

Պիպոյանի հետ զրույցում մեր այն դիտարկմանը, թե յուրաքնաչյուր շենքի տակ կարող ենք հացի փռեր նկատել, ու արդյո՞ք դրանք նորմալ վերահսկվում են և ի՞նչ կոռուպցիոն ռիսկերի ենք բախվում այստեղ, Պիպոյանը պատասխանեց.  «Չեմ ուզում կոռուպցիոն ռիսկեր առանձնացնել, քանի որ այն ոլորտը, որը կարգավորված չի ամբողջությամբ, միանշանակ կան կոռուպցիոն ռիսկեր, կամայական չկարգավորված ոլորտում են հենց կոռուպցիոն ռիսկերը:

Սակայն այնուամենայնիվ չեմ կարծում, թե տիրող իրավիճակն ամբողջությամբ կոռուպցիոն ռիսկերի հետևանք է:

Մի կողմից փոքր բիզնես է, մյուս կողմից՝ սպառողի առողջություն, պետք է կարողանալ գտնել ոսկե միջինը, որ մի կողմից փոքր բիզնեսը կարողանա աշխատել, մյուս կողմից չվտանգենք սպառողի կյանքն ու առողջությունը»,-ընդգծեց ՀԿ նախագահը:

Հացի փուռ աշխատեցնող մի գործարարներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ պատմեց, որ երբ իր բիզնեսր նոր էր սկսում, մինչ այդ հացի փռեր ունեցող ծանոթ գործարարներից հարցրել է ոլորտի նրբությունները: Նրա խոսքով հիմնական խախտումները հենց հացի քաշի և բաղադրության հարցում են լինում: «Լինում է գալիս հարցնում են, ինչ մեքենաներով եք հացը ցրում, կամ որտեղ եք թխում, ինչ պայմաններում, բայց հայկական իրականության մեջ այդ ամենը կոծկելը մի քանի թղթադրամի հարց է: Բարեբախտաբար մինչ հիմա նման խնդիրներ ինքս չեմ ունեցել, մեր թխած հացը գնում են նաև մեր շրջապատում բնակվողները, ովքեր ամեն օր հաց են առնում, իրենց էլ հո խաբել չե՞մ կարող: Բայց դե եթե գործը հասնում է տեսուչներին, հնարավոր է և տեսնես ու չարձանագրեն խախտումը, իսկ թե ինչի՝ բոլորիս է հայտնի»,-ասաց գործարարը:

Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատանքի, նրանց հետևողականության ու նախաձեռնությունների մասին Բաբկեն Պիպոյանը առանձնացնում է. «Պետք է նշեմ, որ վերջին ժամանակահատվածում ՍԱՊԾ-ն մի շարք հայտարարություններ է արել, որով փորձ է անում կարգավորել շուկայում առկա խնդիրները, ինչը ողջունում եմ, բայց մի բան է ցանկանալ, մի բան է՝ արդյունք ապահովել, իմ տրամաբանությամբ աշխատանքը սկսվել է հակառակ հերթականությամբ, աշխատանքներ տարվում են, բայց չափերի արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է»:

Ալիսա Չիլինգարյան

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Այս թեմայով կարդացեք նաև՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել