Ելք դաշինքի ամենահարուստ թեկնածուների դրամական միջոցներն ու գույքը

Ելք դաշինքը ՀՀ քաղաքապետի և ավագանու ընտրություններին մասնակցում է՝ կազմում ունենալով երեք կուսակցություն՝ «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղացիական պայմանագիր»։ Առանձնացրել ենք ամեն կուսակցությունից երեք թեկնածուների, որոնք, ըստ հայտարարագրերի, ամենահարուստներն են։

Նշենք, որ թեկնածուները հայտարարագիր են ներկայացրել 01․04․2016թ․- 01․04․2017թ․-ի հաշվետու ժամանակահատվածի համար։

Ելք դաշինքի՝ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ըստ ներկայացրած հայտարարագրի, ունի 2500 ԱՄՆ դոլար, նրա եկամուտները գոյացել են ՀՀ ԱԺ պատգամավորի աշխատավարձից, հաշվետու ժամանակահատվածում նա ստացել է 6,4 մլն դրամ։

«Հանրապետություն» կուսակցությունից Թեհմինա Վարդանյանը, թեև չի աշխատում, սակայն ունի 1,3 մլն դրամ, 300 ԱՄՆ դոլար ու 7500 եվրո, ըստ նրա հայտարարագրի՝ թեկնածուն որևէ գույքի չի տիրապետում։

1,2 մլն դրամ ու 3000 եվրո ունի նույն կուսակցությունից, կրկին գործազուրկ Հովհաննես Իգիջյանը։

Ամենահարուստն այս կուսակցությունից Հովհաննես Կատվալյանն է, ով աշխատում է «Էլբատ» ՓԲԸ-ում, այս ընկերությունից հաշվետու ժամանակաշրջանում ստացել է 2,1 մլն դրամ, ունի նաև 650 հազար դրամ, 80 հազար դոլար ու 60 հազար ռուբլի դրամական միջոցներ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ավագանու թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանը, ով նաև Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենն է, ունի բնակարան և ավտոմեքենա՝ «Nissan Tida» մակնիշի՝ 2004թ․ արտադրության։

Նա եկամուտներ է ստացել նույն ինստիտուտից՝ 2,1 մլն դրամի չափով, ունի 4500 դոլար ու 700 հազար դրամ։

Մյուս թեկնածուն Մանվել Սիմոնյանն է, ով ունի երկու հողամաս և 1,1 մլն դրամ։

ԼՀԿ-ից Սրբուհի վարդանյանը, թեև չի աշխատում, սակայն տիրապետում է 7000 ԱՄՆ դոլարի։

«Քաղացիական պայմանագիր» կուսակցությունից Ալեն Սիմոնյանն ունի 56 հազար դրամ և Mitsubishi ASX մակնիշի 2011թ․ արտադրության ավտոմեքենա, նա եկամուտներ է ստացել «Մեդիա գրուպ» ՍՊԸ-ից՝ 1,4 մլն դրամի չափով։

Նույն կուսակցությունից դաշինքի միջոցով ավագանի թեկնածու առաջադրված Տիգրան Ավինյանը հանդիսանում է «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենը։ Հաշվետու ժամանակահատվածում նա երեք կետով հայտարարագրել է այլ եկամուտներ՝ Նյու Յորքում գրանցված «Հաթըն Գրուպ»-ից՝ 49 հազար 870 դոլարի չափով, Ավստրալիայի  «Տռայբեկա Ֆայնենշըլզ»-ից՝ 4391 դոլար, Մեծ Բրիտանիայում գրանցված «Լոսոն Քոնըռ»-ից՝ 2590 դոլարի չափով, ինչպես նաև ստացել է 6991 դոլար նվիրատվություն՝ Միրաք Միաքայանից և Մարինե Ավինյանից։ «ՇՏԸ» ՍՊԸ-ից աշխատավարձի տեսքով ստացել է 693 հազար դրամ։

Դրամական միջոցներից ունի՝ 429 դոլար ու 300 հազար դրամ։

Մեկ այլ թեկնածու Էդուարդ Ավետիսյանը ունի երկու մոտոցիկլ՝ 2011 և 2006թթ․ արտադրության, 2,6 մլն դրամ և 2960 դոլար, նրա եկամուտները գոյացել են ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացած աշխատավարձից և «BigBek LLC»-ից՝ 1,8 մլն դրամի չափով։

Ի դեպ, ամենահետաքրքիրը դեռ առջևում է, երբ կներկայացնենք ՀՀԿ-ի թեկնածուների գույքն ու դրամական միջոցները, տվյալ դեպքում «զրոներն» ու անշարժ գույքի միավորներն մի քանի անգամ ավելի շատ են։

Գ․Թ․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել