Մի չվերթի պատմություն․ ինչպես պետական գնման մրցույթին հաղթեց թանկ գին ներկայացնող ընկերությունը

Քաղաքապետարանի կարիքների համար գնումների վարչության պետ Գ․Չթրյանը 2016թ․ հոկտեմբերի 10-ին պայմանագիր է կնքել «Ավիատուր Գրուպ» ՍՊԸ-ի հետ՝ էկոնոմ դասի մեկ ավիատոմսեր ձեռք բերելու նպատակով։ Այս մրցույթին մասնակցելու երկու հայտ է ներկայացվել, երկրորդը «ՎինդՌոուզԹրավել-Պրո» ՍՊԸ-ն էր։

«ԵՔ-ԲԸԱՀ-ԾՁՎ-16/131» ծածկագրով կազմակերպված գնման մրցույթային հանձնաժողովի նիստի արձանագրությունը կազմվել է հենց նույն օրը հոկտեմբերի՝ 10-ին, հանձնաժողովը որոշել է հավանության տալ ավելի բարձր գնային առաջարկ ներկայացրած ընկերությանը՝ «Ավիատուր Գրուպ» ՍՊԸ-ին։

Երևան-Մոսկվա-Ռիգա-Մոսկվա-Երևան ուղղությամբ էկոնոմ դասի ավիատոմսի համար «Ավիատուր գրուպ» ՍՊԸ-ն ներկայացրել էր 412 հազար դրամի առաջարկ, իսկ «ՎինդՌոուզԹրավել-Պրո» ՍՊԸ-ն՝ 250 հազար դրամի։

Հոկտեմբերի 10-ին հանձնաժողովը միաձայն՝ 5 կողմ և 0 դեմ հարաբերակցությամբ արձանագրել է, որ «ՎինդՌոուզԹրավել-Պրո» ՍՊԸ-ի հայտը չի բավարարում հրավերի պահանջներին և մերժել է այն և հաղթող ճանաչել «Ավիատուր գրուպ» ՍՊԸ-ին։ Նույն օրն էլ տնկերության հետ պայմանագիր է կնքվել։

Հետաքրքիր է, որ հանձնաժողովի վերջին որոշման մեջ, որը կայացվել է 11․10․2016թ․-ին նշված է, որ ընկերությունը գնումն իրականացնելու է 250 հազար դրամով, սակայն արդեն նախորդ օրը կնքվել էր 412 հազար դրամի պայմանագիր։

Ինչո՞ւ է մերժվել ավելի ցածր գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։ Քաղաքապետարանից ի պատասխան մեր գրավոր հարցմանը հայտնեցին /PDF/ հետևյալը․ ««ՎինդՌոուզԹրավել-Պրո» ՍՊԸ-ի հայտով ներկայացված փաստաթղթերում տնօրենի անունը և ազգանունը չի համապատասխանում դրանք էլեկտրոնային ստորագրությունով հաստատած անձի անվան և ազգանվան հետ, ով լիազորված չէր այդ փաստաթղթերը վավերացնել: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գնահատող հանձնաժողովը որոշեց մերժել»։

Կարգը նաև թույլ է տալիս շտկել առկա անհամապատասխանությունները, այդ մասին հիշատակվել է նաև քաղաքապետարանի պատասխանում՝ հղում անելով ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կարգի 45-րդ կետին, ըստ որի՝ եթե հայտերի բացման նիստի ընթացքում իրականացված գնահատման  արդյունքում հայտերում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտում բացակայում է գնային առաջարկը կամ հայտի ապահովումը կամ գնային առաջարկը կամ հայտի ապահովումը ներկայացված է հրավերի պահանջներին անհամապատասխան, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը։

«ՎինդՌոուզԹրավել-Պրո» ՍՊԸ-ն փորձել է շտկում կատարել, սակայն ապարդյուն։ Մեզ հետ զրույցում ընկերության ներկայացուցչը հայտնեց․ «Ես հիշում եմ, որ ինչ-որ տեխնիկական խնդիր կար «ARMEPS»-ի հետ, գինը ներկայացված էր, քաղաքապետարանում բացվում էր, մեր մոտ բացվում էր այդ արժեքն, իսկ իրանց (այսինքն՝ գնահատող հանձնաժողովի –Գ․Թ․) մոտ չէր բացվում, դրա համար մեզ մերժեցին, ես տենց էլ չհասկացա ի՞նչն էր պատճառը, մենք անգամ վերցրեցինք այն համակարգիչը, որի վրա այդ տենդերը տեղադրված էր, գնացինք ու չկարողացանք ոչ մի բան ապացուցել քաղաքապետարանին»։

Մրցակցություն՝ մեկ մրցակիցով

Առաջին անգամ չէ, որ «Ավիատուր Գրուպ» ՍՊԸ-ն մասնակցում է քաղաքապետարանի գնումներին, և հաղթում։ Նախորդ տարի քաղաքապետարանի կարիքների համար ավիատոմսեր ձեռք բերելու նպատակով մի քանի մրցույթներ են հայտարարվել, համակարգից դուրս ենք բերել դրանցից 4-ի մասին տեղեկատվությունը։

Այս չորս գնումներին էլ մասնակցել է մեկ ընկերություն՝ «Ավիատուր գրուպ» ՍՊԸ-ն, բնականաբար այդ չորսում էլ այն հաղթել է․ տվյալ պարագայում «սխալ» հայտ ներկայացրած այլ ընկերություն չի հայտնվել, որ հեռացնեն մրցույթից։

2016թ․ սեպտեմբերի ամսին 3 պայամանագիր է կնքվել ընկերության հետ, հոկտեմբերին՝ մեկը։

Ստորև ներկայացնում ենք գնման մասին տեղեկատվությունը՝

1.  ԵՔ-ԲԸԱՀԾՁԲ-16/112 ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի փաստաթղթեր

2. ԵՔ-ԲԸԱՀԾՁԲ-16/114 ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի փաստաթղթեր

3. ԵՔ-ԲԸԱՀԾՁԲ-16/115 ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի փաստաթղթեր

4. ԵՔ-ԲԸԱՀԾՁԲ-16/131 ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի փաստաթղթեր

5․ ԵՔ-ԲԸԱՇՁԲ-16/125 ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի փաստաթղթեր

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել