Հնգյակի առողջական վիճակը մասնագետները գնահատում են ծայրահեղ ծանր

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 23-ամյա Լուսինե Պողոսյանն այսօր առավոտյան ժամը 4-ին լույս աշխարհ է բերել միանգամից 5 զավակ` չորս աղջիկ և մեկ տղա։

Երիտասարդ կնոջ  հղիության վարումն ու ծննդալուծումն իրականացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

Ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը շտապ բժշկական ցուցումով կեսարյան հատման ճանապարհով կնոջը ծննդալուծել է հղիության 28 շաբաթական ժամկետում։

Հաշվի առնելով սպասվող նորածինների վիճակը` խորը անհասություն և ծայրահեղ ցածր քաշ, մինչև կեսարյան հատման սկսելը ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ։  «Մուրացան»  բժշկական համալիրից հրավիրվել է արագ արձագանքման ռեանիմոբիլը։ Մնաժամանակ նախապատրաստվել է «Էրեբունի» ԲԿ-ի երկրորդ ռեանիմոբիլը`  նորածիններին, ըստ անհրաժեշտության, համապատասխան կլինիկաներ տեղափոխելու համար։

Փոքրիկները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։  Անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ ցուցաբերելուց անմիջապես հետո նորածիններից երկուսը` տղան և աղջիկներից մեկը, տեղափոխվել են  «Մուրացան»  բժշկական համալիր` ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի հսկողության ներքո։

Նույն ժամանակ նորածիններից մեկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի, իսկ մյուսը` Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի  վերակենդանացման բաժանմունքներ։

Փոքրիկներից մեկը մնացել է «Էրեբունի» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում։

Բոլոր 5 փոքրիկները  կյանքի առաջին իսկ րոպեներին  ինտուբացվել են, ապա կլինիկաներում նրանց միացվել են արհեստական շնչառական սարքեր։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ՀՀ  ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանի  հսկողության տակ գտնվող փոքրիկը ժամը  12-ի դրությամբ սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։

Այս պահին բոլոր 5 նորածնի առողջական վիճակը մասնագետները գնահատում են ծայրահեղ ծանր։  Նրանց բուժման ընթացքը գտնվում է  նախարարության և անձամբ նախարարի ուշադրության ներքո։

Մասնագետներն ամեն ինչ անում են փոքրիկների կյանքը փրկելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել