Ադրբեջանական խնձորի ապօրինի ներկրման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

Պետական եկամուտների կոմիտեն տեղական շուկայի տարբեր վաճառակետերում, այդ թվում սուպերմարկետներում և ՍԱՊԾ-ի տրամադրած այլ հասցեներում, ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու դեպքի մանրամասները ճշտելու նպատակով իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք, ովքեր առևտուր իրականացնելու նպատակով պարբերաբար հատել են սահմանը, մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության որոշ աշխատակիցների կաշառք տալու միջոցով ակնհայտ առևտրային քանակ հանդիսացող գյուղմթերքը ներկրել են հանրապետություն: ՊԵԿ աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի՝ կաշառք ստանալու հատկանիշներով: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաև մի շարք քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստերի վերաբերյալ, որոնց հիման վրա Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով ևս հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

ՊԵԿ նախագահի հանձնարարականով սահմանային բոլոր անցակետերում խիստ հսկողություն է իրականացվում նմանատիպ երևույթները բացառելու նպատակով:

Նյութը հրապարակվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել