Պարզվում են ջրատարում հայտնաբերված տղամարդու մահվան հանգամանքները. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 74-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ:

2017 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 18:27-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցով անցնող ջրատարում տղամարդու դի կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաև՝ դիակի արտաքին զննություն. դիակի ձախ և աջ նախաբազուկների դաստակային հոդերի շրջաններում հայտնաբերվել են օղակաձև, ներհրված եզրերով կարմրավուն ճյուղավորվող տեղամասեր, իսկ գոտու աջ և ձախ հատվածներում՝ ամրակապված մետաղական լարեր:

Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 03.06.1942 թվականին:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել