«ԲիզՊաշտպան»․ բիզնեսի ներկայացուցիչներն այսուհետ կարող են ազատորեն բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրների մասին

«ԲիզՊաշտպան»․նոր հարթակ, որն ուղղված է գործարար միջավայրում առկա խնդիրների վերհանմանը ու դրանց լուծմանը։ Ապրիլի 28-ին «Փաստերի հիման վրա բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ այս նոր վեբկայքի շնորհանդեսը։

Ծրագիրն իրականացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ծրագրի ղեկավար կազմակերպություն)՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ համատեղ:​

«Այս կայքը հենց հանդիսանալու է հարթակ տարբեր խմբերի հաղորդակցման, խնդիրների վեր հանման ու հասարակության համար»,- այսօր կայքի պաշտոնական շնորհանդեսի ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Իրավաբանների հայկական ասոցիացիա նախագահ Կարեն Զադոյանը խոսելով կայքի կարևորության մասին՝ ասաց, որ այն երկու գործառույթ է իրականացնում՝ հակակոռուպցիոն և բիզնեսի խնդիրների վեր հանման։ Ըստ պարոն Զադոյանի՝ կայքը հեղափոխական լուծում է, այսպիսով գործարարները հնարավորություն կունենան վեր հանել խնդիրները՝ վստահորեն իմանալով, որ դրանք կհայտնվեն պետական մարմինների և իրավապահների ուշադրության կենտրոնում, ընդ որում՝ այս գործընթացքում հայտատուները հնարավորություն ունեն մնալ անանուն։

Եվրոպական բիզնես ասոցիացիայի ղեկավար Դիանա Սարումովան, խոսելով բիզնեսի անունից, ասաց, որ այսպիսով լուծվում է տարիներ շարունակ անլուծելի թվացող մի կարևորագույն խնդիր․ «Մենք կազմակերպել ենք հարցում, որին 140 կազմակերպություններից ներկայացուցիչներ են մասնակցել, մենք հասկացանք, որ շատ դժվար է ինֆորմացիա ստանալ, քանի որ մեծամասնությունը հիմնականում վախենում է հնչեցնել խնդիրները։ Այդուհանդերձ, երբ այդ խնդիրները բարձրաձայնվեցին, մենք փորձեցինք լուծումներ տալ դրանց։ Այս կայքի մասով կարևոր է ակնակալել գործարարների ակտիվությունը»,- շեշտեց տիկին Սարումանովան։

«ԲիզՊաշտպան» հարթակը հնարավորություն է տալիս բարձրացնել ոլորտում առկա խնդիրները՝ մնալով անանուն, հատուկ այդ նպատակի համար կայքում տրվել են մի շարք լուծումներ, ինչպես նաև կա ուղեցույց, որին ծանոթանալով գործարարները առավել վստահորեն կներկայացնեն հայտեր։

Գործարարների տրամադրած տեղեկատվությունը կուսումնասիրվի ծրագրի փորձագետների կողմից, որից հետո նրանք կստանա պատասխան:

Բոլոր խնդիրները կլուծվեն ոչ թե տեղական, այլ գլոբալ մակարդակով, այսինքն՝ ծրագրի ներկայացուցիչները չեն սահմանափակվելու միայն գործարարների բարձրաձայնած անհատական խնդիրների մասին բարձրաձայնելով, նրանք նաև բարեփոխումների առաջարկներ են անելու պատկան մարմիններին։

Հարթակը նաև տեղեկատվական գործառույթ է իրականացնելու․ գործարարները կարող են ծանոթանալ իրավական դաշտում կատարված փոփոխություններին, կայքում տեղադրվելու են վերլուծություններ և հետաքննություններ։

Կայքն ունի վիճակագրության բաժին, որի միջոցով ընթերցողները կիրազեկվեն այն մասին, թե որ ոլորտում են ամենաշատ բարձրաձայնված խնդիրները և հայտերից քանի տոկոսն է ընթացք ստացել։

Աստղիկ Կարապետյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել