Երկրաշարժից տուժած 553 ընտանիքի բնակարանային խնդիրներն անլուծելի են մնում

ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաշվառված և աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում 2008-2016 թվականների ընթացքում ծրագրի շահառու է ճանաչվել 5381 ընտանիք: Այս մասին ասվում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ներկայացրած նախագծում, որը նա ներկայացրեց այսօր՝ կառավարության նիստի ժամանակ։
Նշված 5381 ընտանիքից 2008-2016 թվականներին՝ մոտ 64 մլրդ. դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4728 ընտանիքի բնակարանային խնդիր,
Արդյունքում դեռ լուծում է պահանջում ծրագրի շահառու ճանաչված, սակայն բնակարանային պայմանները չբարելաված 653 ընտանիքի բնակարանային խնդիր:
Որոշման նախագծի նպատակն է՝ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված 560 մլն դրամ հատկացումների հաշվին ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի բնակավայրերում ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող ընտանիքներին տրամադրվող պետական աջակցության մոտեցումների և աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված հարցերի ամրագրումը:

Մասնավորապես, որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված 560 մլն դրամ միջոցների հաշվին ֆինանսական աջակցության տրամադրմամբ լուծել ծրագրի շահառու ճանաչված մոտ 100 ընտանիքի բնակարանային խնդիր, որոնցից`

– Գյումրի քաղաքում մոտ 90 ընտանիքի (այդ թվում՝ ամբողջական փաստաթղթային փաթեթներ ներկայացրած, սակայն շահառուների ճանաչման գործընթացի ժամանակ հանրապետությունից բացակայած ընտանիքներին) բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման միջոցով, որով կավարտվի ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների նկատմամբ ձևավորված պարտավորությունների կատարումը:

– Սպիտակ քաղաքում 1 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով: Ընտանիքը բնակապահովման իրավունքը 2016 թվականին վերականգնել է դատական կարգով, ճանաչվել է 4-սենյականոց բնակարանի շահառու և չբաշխված 2 հատ 2-սենյականոց բնակարան չլինելու պարագայում խնդիրը կարող է կարգավորվել բնակարանի գնման վկայագրի տրամադրմամբ: Ընդ որում, Սպիտակ քաղաքում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների նկատմամբ ձևավորված պարտավորությունները կատարվել են՝ 2 և 3-սենյականոց բնակարանի շահառու ճանաչված ընտանիքներինը՝ մինչև 2015 թվականը, քաղաքի Վարպետաց թաղամասում կառուցված 2 և 3-սենյականոց բնակելի տների հատկացմամբ, իսկ մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքներինը՝ 2016 թվականին, ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմամբ:

– ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի գյուղական բնակավայրերում բնակապահովման իրավունքը 2016 թվականին դատական կարգով վերականգնած՝ մեկ սենյակի շահառու ճանաչված 3 ընտանիքի (Շիրակ-1, Լոռի-2) ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով՝ յուրաքանչյուրին 3.0 մլն. դրամի չափով:

Արդյունքում, դեռևս լուծման կարիք կունենա ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերի 553 ընտանիքի բնակարանային խնդիր, որի լուծման համար կպահանջվի մոտ 4.0 մլրդ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել