Նորություններ

Հայաստանում համաշխարհային քաղաքացիության կրթական ծրագրի ավարտին աշակերտները կկիսվեն իրենց կողմից իրականացված նախագծերի արդյունքներով

2017թ.-ի ապրիլի 27-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում տեղի կունենա Mission Possible համաշխարհային քաղաքացիության գաղափարին վերաբերող կրթական ծրագրի եզրափակիչ միջոցառումը` ծրագրում ընդգրկված ավագ դպրոցների աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ: Հայաստանում ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության (ՄԱԿ ԱՀԴ) կողմից ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի (ՄԱԿ ՀԱ) հետ համագործակցությամբ: Միջոցառումը իրականացվում է ՄԱԿ ՀԱ-ի գործընկեր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:

Ծրագիրը մեկնարկել է 2016թ. սեպտեմբերին` ընդգրկելով Երևանի 5 ավագ դպրոց: Ծրագրի ընթացքում 84 աշակերտ, գիտելիքներ ձեռք բերելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և ծրագրերի կառավարման վերաբերյալ, իրականացրեցին իրենց սեփական նախագծերն` ուղղված ԿԶՆ-երից որևէ մեկին, ինչպիսիք են, օրինակ, Որակյալ կրթությունը (Նպատակ 4), Պատասխանատու սպառում և արտադրությունը (Նպատակ 12), Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատությունները (Նպատակ 16):

Աշակերտներին ուղորդում և աջակցում էին 9 ուսուցիչ և Mission Possible հայաստանյան ծրագրի համակարգող Նոննա Հովհաննիսյանը: Վերջինս կիսվեց ծրագրի մասին ունեցած իր տպավորություններով. «Ծրագրի ընթացքում ես հանդիպեցի խելացի, ստեղծարար և եռանդուն աշակերտների, ովքեր, չնայած իրենց վաղ հասակին, արդեն բավականին հասուն երիտասարդներ են` պատրաստ դիմակայելու համաշխարհային մարտահրավերներին, վերլուծելու և համատեղ ուժերով քայլեր ձեռնարկելու դրանք հաղթահարելու ուղղությամբ: Ինձ համար շատ հաճելի էր ճանաչել նրանց, հետևել նրանց ծրագրերի զարգացումներին, աջակցություն ցուցաբերել իրականացման գործում և ականատեսը լինել նրանց մեծ հաջողություններին:

Ամփոփիչ միջոցառման ընթացքում մասնակիցները կպատմեն իրենց ճանապարհորդության մասին` որպես «փոփոխության գործակալներ», և կկիսվեն Կայուն զարգացման նպատակներից որևէ մեկին ուղղված իրենց կողմից իրականացված 12 համայնքային ծրագրերի արդյունքներով: Այս տարվա ընթացքում աշակերտերի կողմից նախաձեռնված ազդեցիկ ծրագրերի շարքում են թղթի վերամշակմանը, հանրային կանաչապատմանն ուղղված ծրագրերը, երեխաների համար կրկնուսուցուցման ծրագրերը, ինչպես նաև դպրոցական օրենսդիր մարմնի` Աշակերտական խորհրդարանի ստեղծումը և այլն:
Միջոցառումը նաև հնարավորություն է ընձեռում աշակերտներին և ուսուցիչներին ներկայացնելու իրենց ձեռքբերումներն ու հաջողությունները, գաղափարներ փոխանակելու, ինչպես նաև հիմքեր ստեղծելու հետագա համագործակցության համար:

«Մասնակցելով Mission Possible ծրագրին՝ ես անմոռանալի փորձառություն ձեռք բերեցի ծրագիր նախաձեռնելու և իրականացնելու ոլորտում, գիտակցեցի նախկինում ունեցած իմ սխալ մոտեցումներն և արդյունավետ համագործակցություն հաստատեցի իմ ընկերների հետ: Ես և մեր թիմի անդամ Արամը նախկինում էլ ենք փորձել նմանատիպ ծրագիր իրականացնել մեր դպրոցում, բայց սխալ գործելու արդյունքում ձախողել ենք: Այժմ գիտենք՝ որտեղից սկսել և ինչպես զարգացնել ծրագիրը: Ես շատ ուրախ եմ, որ մեր խումբն իր ներդրումն ունեցավ կայուն զարգացման գործում, և այժմ մեր դպրոցում գիտակցում են թղթի վերամշակման կարևորությունը», -նշում է Mission Possible ծրագրի մասնակից Քնար Օհանջանյան:

The Mission Possible ծրագիրը Հայաստանում իրականություն դարձավ Հարավային Կորեայի կառավարության Միավորված Ազգերի ակադեմիական ազդեցություն նախաձեռնության և կորեական «Մարդը սիրո մեջ» ՀԿ-ի համատեղ օժանդակությամբ: Mission Possible ծրագրի մասին առավել մանրամասն` այստեղ։ Մանրամասների համար, զանգահարել ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա հետևյալ հեռախոսահամարով: +374 (10) 565595։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել