Բարի գալուստ Հայաստան օտարերկրյա պատվիրակներ՝ հարկատուների հաշվին 38 մլն դրամով․ «բարձրակարգ» ընդունելություն քաղաքապետարանի կողմից

«Էրեբունի-Երևան 2798» միջոցառման ժամանակ 2016թ․ հոկտեմբեր ամսին Երևան են ժամանել տարբեր երկրներից պատվիրակության անդամներ, հիմնականում Ռուսաստանից։

Քաղաքապետարանը հոգացել է, որ պատվիրակությունների անդամները շքեղ հանգիստ ունենան Հայաստանում։

Տոնակատարության միջոցառումների շրջանակներում Երևան ժամանող պատվիրակության հյուրընկալության, զբոսաշրջության և միջոցառումներին մասնակցելու համար ամեն մի վարչական շրջանի համար մրցույթ է հայտարարվել։ Քաղաքապետարանի գնումների համակարգից մենք առանձնացրել ենք 12 վարչական շրջաններից 11-ի համար կնքված պայմանագրերը։ Բոլոր այս գնումների մրցույթներին յուրաքանչյուր մասնակցել է մեկական ընկերություն, բնականաբար հանձնաժողովը բավարարել է առաջարկները։ Հարկ ենք համարում շեշտել, որ այս պայմանագրերով քաղաքապետարանը հոգացել է պատվիրակության անդամների ծախսերը Հայաստանում, այսինքն՝ պայմանագրի գումարի մեջ չի մտնում ինքնաթիռի տոմսի գումարը։

Ընդհանուր առմամբ օտարերկրյա պատվիրակների համար մեր երկրում «բարձրակարգ» ընդունելություն կազմակերպելու նպատակներով հարկատուների հաշվին ծախսվել է 38 մլն դրամից ավելի գումար։

Մանրամասներն՝ ըես վարչական շրջանների։

Նորք-Մարաշ վարչական շրջան։ Այս վարչական շրջանի համար քաղաքապետարանը 1,7 մլն դրամի պայամանագիր է կնքել «Հաղթանակ 2000» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրով նախատեսված էր երեք հոգանոց պատվիրակության դիմավորում Արարատի մարզում, այցելություն կոնյակի գործարան և Մեծ եղեռնի հուշահամալիր, ամենօրյա սնունդ։ Պատվիրակությունը Երևանում է եղել 2016թ․հոկտեմբերի 7-9-ը, գիշերել են Հրազդան հյուրանոցում։

Ավան վարչական շրջան։ Աշխատակազմը հոկտեմբերի 7-11-ն հյուրընկալել է Կրասնոդարի քաղաքի պատվիրակությանը, պայմանագիր է կնքվել «Հատիսի լանջին» ՍՊԸ-ի հետ՝ 2,2 մլն դրամով։ Պայմանագրով նախատեսվել է 5 օրվա ընթացքում ճաշի և ընթրիքի կազմակերպում 12 աձի համար, ինչպես նաև ժամանցային ծրագրի ապահովում։

էրեբունի վարչական շրջան։ «Էլիտ Էսվե» ՍՊԸ-ն 4 մլն դրամով է ընդունել պատվիրակությանը։ Քաղաքապետարանի հետ կնքված պայամանագրի համար ընկերությունն ճաշ և ընթրիք է կազմակերպել 20 անձի համար, ինչպես նաև էքսկուսիա դեպի Սուրբ Սարգիս, Սուրբ Հովհաննես ու Սևանի եկեղեցիներ, Էջմիածին, Գառնի և Գեղարդ, Խոր վիրապի եկեղեցի։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան։ Պայմանագիր է կնքվել «Ալվիրջին» ՍՊԸ-ի հետ, արժեքը 2 մլն դրամ։ Պայմանագրով նախատեսված է եղել երեկոյան ընթրիք՝ Երևան քաղաքի որևէ բարձրակարգ ռեստորանում, հատուկ շեշտվել է՝ «Փարվանա» ռեստորանային համալիրը կամ այդ մակարդակի։ Պայմանագրով կազմակերպվել է նաև այցելություն Էջմիածին, Գառնի-Գեղարդ, Տաթևի վանք, ինչպես նաև մատուցվել է հրաժեշտի տոնական հյուրասիրություն։ Յուրաքանչյուր հյուրին նվիրել են Հայաստանի վերաբերող ռուսերեն լեզվով գիրք, հայկական կոնյակ և բնանկար՝ Մասիս սարի ֆոնի վրա, շեշտվել է, որ հուշանվերները պետք է լինեն գեղեցիկ փաթեթավորված։

Արաբկիր վարչական շրջան։ Պայմանագիրը կնքվել է «Ակումբ Համալիր» ՍՊԸ-ի հետ, արժեքը 1,9 մլն դրամ։ Պայմանագրի շրջանակներում ընկերությունը պարտավորվել է ընդունել 4 անձի, մատուցել հետևյալ տրանսպորտային ծառայությունները՝ Երևան-Սևան-Ստեփանավա-Դիլիջան-Երևան երթուղով, Երևանի ողջ տարածքում, դեպի Տաթև։ Հյուրասիրություն իրականացվել է առնվազն 10 անձի համար՝ «բարձրակարգ ռեստորանային համալիրում» օրական երկու անգամ՝ ճաշ և ընթրիք։ Պատվիրակության 4-օրյա շքեղ ընդունելությունն այսքանով չի ավարտվել, հատուկ նրանց համար նախատեսվել են հուշանվերներ և ծաղիկներ, պայմանագրում նշված է՝ «հուշանվերները պետք է լինեն 5 հատ հայկական բարձրակարգ կոնյակ՝ «Նաիրի» կամ համարժեք, 5 հատ Հայաստանը խորհրդանշող հուշանվեր», հատուկ ուշադրություն են դարձրել նաև ծաղիկների ընտրությանը, պատվիրակությանը նվիրել են «4 փունջ ծաղիկներ՝ յուրաքանչյուրում 11 հատ սպիտակ, թարմ, 80սմ-ից ոչ պակաս երկարությամբ վարդ, փաթեթավորված թափանցիկ թղթով»։

Նոր Նորք վարչական շրջան։ Երևան քաղաքապետարանի կարիքների համար պոշտոնական հյուրասիրության ծառայության նպատակով տրամադրվել է 1,3 մլն դրամ, պայմանագիրը քաղաքապետարանը ստորագրել է «Արմքոմփվիններ» ՍՊԸ-ի հետ։ Ընդունել են պատվիրակություն Նովոսիբիրսկ քաղաքից՝ 3 անձ։ Հինգ օրվա ընթացքում նրանք գիշերել են Մետրոպոլ հյուրանոցում, տրվել է ճաշ և ընթրիք՝ 6-9 անձի համար։ Ռուս պատվիրակները պտտվել են Երևանում, էսկուրսիա ունեցել Գեղադրում, Մայր տաճարում, գնացել Սևան, նրանց նվիրել են «շախմատ, նարդի, փատյա, Երևանի նկարների փորագրությամբ, թվով 3 հատ և «Նաիրի» կոնյակ, 20 տարվա հնեցմամբ, կրկին երեք հատ»։

Նուբարաշեն վարչական շրջան։ Այս վարչական շրջանի հյուրերի համար ծախսվել է 700 հազար դրամ։ Պայմանագիր է կնքվել «Նուբարաշեն» ՓՊԸ-ի հետ, նախատեսվել է հյուրասիրություն՝ ֆուրշետ 25 անձի համար, ընթրիք և ճաշ՝ 12 անձի։ Նշենք, որ քաղաքապետարանի կայքում այս առաջարկի գնման ընթացակարգի արձանագրությունը բացակայում է։

Աջափնյակ վարչական շրջան։ «Վագր Գրուպ» ՍՊԸ-ն պարտավորվել է ընդունել ու հոգալ այս վարչական շրջանի հյուր-պատվիրակների կեցությունը, 3 մլն դրամի պայմանագիր է կնքվել։ Ընդունել են Քիշնև քաղաքի պատվիրակությանը՝ 3 անձ, ճաշ և ընթրիք կազմակերպել 12-ի համար։ Պատվիրակները պտտվել են Երևանով և Հայաստանի այլ տեսարժան վայրերով։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան։ 2 մլն դրամ է տրամադրվել այս վարչական շրջանի հյուրերի ընդունելության համար, կատարողը՝ «Էլիտ Էսվե» ՍՊԸ-ն է։ ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի պատվիրակության համար կազմակերպել է տուրիստական շրջագայություն Հայաստանով, ճաշ, ընթրիք, իսկ հրաժեշտի տոնական հյուրասիրությունը եղել է 60 անձի համար, մի խոսքով՝ բոլորով հրաժեշտ են տվել ռուս պատվիրակներին։

Դավթաշեն վարչական շրջան։ Այս վարչական շրջանի պատվիրակների ընդունելությանը տրամադրվել է 3 մլն դրամ, Երևան են ժամանել Իտալիայի Կարարա քաղաքի 3 պատվիրակները, վարչական շրջանի ղեկավարած պատվիրակության կազմում եղել են 7 անձիք։ Իտալացի հյուրերը գիշերել են «Կոնգրես» հյուրանոցում, նրանց տրամադրել են բարձրակարգ ճաշ և ընթրիք։ Ճանաչողական շրջագայություն կազմակերպել Ծաղկաձորում, Սևանում ու Դիլիջանում, իհարկե ճաշել են նաև տեղի բարձրակարգ ռեստորաններում, իսկ վերջին ընթրիքի կազմակերպումը այնպես է արվել, որ իտալացիներն իրենց զգան՝ ինչպես հայրենի երկրում․ այն կազմակերպել է «իտալական բարձրակարգ ռեստորանում»։

Կենտրոն վարչական շրջան։ Ամենաթանկարժեք ընդունելությունն կատարվել է Կենտրոն վարչական շրջանի պատվիրակության համար՝ 4 մլն 765 հազար դրամով։ Պայմանագիրը կնքվել է «Սիթիթայմ» ՍՊԸ-ի հետ։ Նշվում է, որ հյուրերին դիմավորել են «Զվարթնոց» օդանավակայանի ՎԻՊ սրահից։ Ընթրիքը իրականացվել է բարձրակարգ ռեստորանում, պայմանագրում հատուկ ֆիքսել են, որ այն իր ստանդարտով պետք է համապատասխանի «Ջոսս» ռեստորանային համալիրին։ Պատվիրակության անդամները եղել են Էջմիածինում, Գառնի-Գեղարդում, Խորվիրապում, Նորավանքում և Տաթևի վանքում։ Վարչական շրջանի աշխատակազմի և պատվավոր հյուրերի մասնակցությամբ՝ թվով 25 անձ, իրականացվել է հրաժեշտի տոնական հյուրասիրություն։ Իհարկե, պատվիրակներին ձեռնունայն չեն ճանապարհե, պայմանագրով յուրաքանչյուր հյուրին նվիրել են «Երևանին վերաբերվող ռուսերեն կամ անգլերեն լեզվով գիրք ևւ Հայաստանի գեղատեսիլ վայրերի պատկերներով յուղանկար», հուշանվերները գեղեցիկ փաթեթավորված են եղել։ Հյուրերը Հայաստանում եղել են 2016թ․ հոկտեմբերի 6-11-ը։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել