Աջակցում եք սոցիալական ձեռնարկատերերին, շահում է համայնքը

Հայաստանում փորձ է արվում բիզնեսի կերպարը փոխել, ոչ թե հնարավորինս շատ շահույթ հետապնդող մոդելներ ունենալ, այլ ստեղծել այնպիսիք՝ որոնք միտված կլնեն համայնքային խնդիրների լուծմանը։

Սոցիալական ձեռնարկատիրությունը նոր երևույթ է մեր իրականությունում, որի մասին պետկերացումները հանրության շրջանում բավականին սուղ են։

Թեև սոցիալական ձեռներեցության մասին բազմաթիվ սահմանումներ կան, սակայն այդ բոլորի միջով կարմիր թելով անցնում է մեկ սկզբունք՝ ձեռներեցություն, որը ուղղված է համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը, որն իր եկամուտի կեսը և ավելին ներդնում է հենց այդ գործում, ընդ որում պետք չէ շփոթել բարեգործությամբ զբաղվող կազմակերպությունների հետ։

«Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի շրջանակներում արդեն ընտրվել են ընկերություններ, որոնք պետք է իրականացնեն սոցիալական ձեռնարկատիրության գաղափարները։

Եվրոպական միությունը ֆինանսավորել է այս ծրագիրը, սակայն այս ընկերություններին աջակցելու համար նոր եկամուտներ են հարկավոր, ուստի ծրագրի հեղինակները Indiegogo հարթակում դրամահավաք-արշավ են մեկնարկել։

Վեց օր առաջ մեկնարկած դրամահավաքի արդյունքում արդեն պահանջվող գումարի՝ 20 հազար դոլարի 20 տոկոսը հավաքագրվել է։ Մենք զրուցել ենք ծրագրի ղեկավար Արեգ Թադեւոսյանի հետ։

– Ի՞նչ նախապատմություն ունի ծրագիրը։

– Մենք Եվրոպական միության ֆինանսավորմամբ ծրագիր ենք իրականացնում, որի շրջանակներում է այդ ամենը տեղի ունենալու։ Եվրոպական միությունն արդեն իսկ որոշակի ռեսուրսներ տրամադրել է, գումարի մի մասն առկա է, իսկ պակասով մասը փորձում ենք հայթայթել դրամահավաքի միջոցով։ Բավականին երկարաժամկետ աշխատանքներ են իրականացվել առ այսօր․ 260 համայնքային խմբեր ու ՀԿ-ներ դիմել էին մեզ, հայտնելով, որ ցանկանում են ներգրավվել ծրագրում, արդյունքում 60-ին ընտրել էին ու ներգրավվել նախնական ուսուցումների, այնուհետև նրանցից 27-ի հետ մոտ մեկ տարի աշխատել ենք՝ պատկերավոր ասեմ «Ա-ից Բ» բացատրել ենք, թե ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը, օգնել ենք, որ ձևավորեն իրենց բիզնես գաղափարները, նրանցից ռեյտինգավորել ենք։ Վերջնարդյունքում 10 ու մինչև 5 ձեռներեցների համար փորձում ենք ֆինանսավորում հայթայթել, մի մասն առկա է։

– Ի՞նչ է իրենից ներկայացնում սոցիալական ձեռնարկատիրությունը։

– Համայնքային խումբը կամ ՀԿ-ն որոշում է բիզնես մոդել ստեղծել և այն այնպես կառուցել, որ անգամ առանց շահույթի աշխատելու պարագայում խնդիրներ լուծի․ օրինակ՝ էկոլոգիական մաքրության տարածքների, երեխաների զարգացման կամ էլ հաշմանդամների զբաղվածության խնդիրներ, այսինքն՝ եթե անգամ այն ինքն իրեն էլ միայն ապահովի, որևէ սոցիալական խնդրին լուծում է տալիս։ Իսկ շահույթ հետապնդելիս ի սկզբանե որոշում են, որ իրենց շահույթի 50 տոկոսից ավելին պետք է ներդնեն համայնքային խնդիրների լուծմանը։ Դրամահավաքի հիմնական նպատակն այն է, որ մարդիկ, ովքեր պետք է դիմեն պետությանը, սփյուռքին և դոնորներին, որպեսզի իրենց խնդիրների լուծման համար գումար տան, փոխարեն համախմվեն արդեն իսկ ձևավորված ընկերությունների ու գաղափարների շուրջ, որոնք կգեներացնեն միջոցներն իրենց համայնքների խնդիրների լուծման նպատակով։ Մենք հենց այդ տեսլականով ենք ընտրել կազմակերպություններին, այսինքն՝ նրանց ովքեր իրատեսական բիզնես նախագծեր ունեն ու խոցելի համայնքներից են։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել