Նորություններ

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ ԱԼԳ 5 աշխատանքային խմբերի անդամների հետ

Իրավաբանների հայկական ասոցիացիայում այսօր տեղի ունեցավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչների և Արևելյան գործընկերության (ԱԼԳ) Քաղաքացիական հասարակության ֆորում, Հայաստանի ազգային պլատֆորմի աշխատանքային 5 խմբերի հանդիպումը։

Նշենք, որ ԱԼԳ-ի աշխատանքային խմբերը ներառում են մի շարք ոլորտներ՝ ժողովրդավարություն, տնտեսական ինտեգրում, հանրային կապեր, սոցիալական երկխոսություն և այլն։

Ողջ օրվա ընթացքում ընթացող քննարկումների շրջանակներում վեր հանվեցին բազմաթիվ խնդիրներ։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները գտնում են, որ կառավարության որոշումների վրա ազդելու նոր գործիքներ են անհրաժեշտ։

«Մինչև 2008թ․ սոցիալական գործընկերություն հաստատվեց կառավարության հետ, սակայն իրականացման ժամանակ այն արդեն մոռացության մատնվեց։ Մենք ստեղծել ենք կառավարության հետ հսկայական ցանց, բայց դա մոռացության է մատնվում»,- օրինակ էին բերում ԱԼԳ անդամ ՀԿ-ների անդամները։

Խնդիրների լուծման ճանապարհին նման խոչընդոտներ հազվադեպ են լինում, դրանք պայմանավորված են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով։

Մեզ հետ զրույցում ԱԼԳ-ի աշխատանքային խմբի անդամ ՀԿ ներկայացուցիչները մանրամասնեցին, որ կառավարության հետ ստեղծված երկխոսությունը հաճախ կասեցվում է՝ գործադիրի փոփոխության արդյունքում, մյուս կողմից որպես բացասական երևույթ դիտարկվեց Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը։

Իր մեղքի բաժին ունի նաև քաղաքացիական հասարակությունը․ հետևողական չէ, իսկ օբյեկտիվ պատճառները՝ ֆինանսների և կարողությունների բացակայությունն են։

Այս և այլ խնդիրների լուծմանը միտված է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը։

Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 15-ից մեկնարկած ծրագրի շրջանակներում իրականացվող քարտեզագրման գործընթացն արդեն իսկ մոտենում է իր ավարտին։

Ծրագրի ղեկավար կազմը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպել և անցկացրել է 36  ֆոկուս խմբեր՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Ֆոկուս խմբերին մասնակցել են  ավելի քան 300 ՀԿ-ների ներկայացուցիչներ։

Բացի այդ, ծրագրի շրջանակներում հարցաթերթիկներ են ուղարկվել շուրջ 1000 ՔՀԿ-ների, 200 կազմակերպություններ պատասխաններ են տվել, հարցաթերթիկները ուղարկվել են նաև հասարակական կազմակերպությունների կոալիցիաներին և ցանցերին։ Համագործակցություն է ձևավորվել կառավարության և ՏՒՄ-երի հետ։

Ծրագրի շրջանակներում ընտրվել են երեք թիրախային ոլորտներ, ևս 6-ը դեռ պետք է ընտրվեն՝ ծրագրի նախապատրաստական շրջանի արդյունքները ամփոփելիս։

Հիշեցնենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների՝ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել