Նորություններ

«ԵՍ ԵՄ» ծրագիր. նոր հնարավորություն՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում ծառայողների համար

«ԵՍ ԵՄ» ծրագրի շրջանակներում այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

«Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում:

Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում`

1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),
2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),
3. ուսման վարձի փոխհատուցում:
Երեք նպատակային ծրագրերն էլ միտված են նաև ծառայած երիտասարդին Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն տալուն, երկարատև ծրագրերի միջոցով երկրի հետ իր անբաժան կապը խորացնելու խնդրին:

Նպատակային ծրագրերի ուղղությունները, վճարման կարգը, ծրագրից հրաժարվելու կամ դրա մեջ ծառայության կեսից ներգրավվելու մանրամասները, ինչպես նաև ծրագրի նպատակահարմարությունն առհասարակ կդարձվեն հանրային լայն քննարկման առարկա:

Նախատեսված է, որ ծրագիրը կլինի այլընտրանքային, և քաղաքացին, չընդգրկվելով դրանում, կարող է ընտրել ներկայումս գործող զորակոչի տարբերակը` անցնելով ժամկետային զինծառայության: Այդուհանդերձ, հաջող ընթացքի պարագայում երեք տարվա ընթացքում առաջարկվող ծառայության ձևը կարող է դառնալ գերակշռողն առաջնագծում:

Ծրագիրը քննարկման համար է»։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել