Նորություններ

Ուժի մեջ են մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները

2017 թվականի մարտի 1-ին ընդունվել է «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքը, համաձայն որի՝

ՀՈԴՎԱԾ 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15) կենսաթոշակային հաշիվ` մասնակիցների ռեեստրը վարողի մոտ սոցիալական վճար կատարող կամ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերած անձի անունով բացված հաշիվ, որտեղ հաշվառվում են ձեռք բերված պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերը, ինչպես նաև տեղեկություններ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի, այդ փայերի հաշվարկային արժեքի, այդ փայերը ձեռք բերելու համար կատարված կուտակային հատկացումների վերաբերյալ, օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված այլ տեղեկություններ.».
2) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28) մասնակից` սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական վճար կատարող (կատարած) անձ, որի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվել է կուտակային հատկացում, կամ որի համար (օգտին) կատարվում են կամավոր կենսաթոշակային վճարներ, կամ անձ, որն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր: Սույն օրենքի իմաստով` մասնակից չի հանդիսանում կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը.».
3) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29) մասնակիցների ռեեստր` մասնակիցների և նրանց անունով բացված կենսաթոշակային հաշիվներում հաշվառվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տվյալների միասնական համակարգ: Մասնակիցների ռեեստրում առկա ամբողջ տեղեկատվությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը.»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանված առավելագույն սահմանաչափերը չեն տարածվում սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերի վրա:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ և 12-րդ մասերով.

«11. Անձը կարող է ընտրել իր նկատմամբ չկիրառելու` սույն հոդվածի 6-րդ մասով և 81-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված առավելագույն սահմանաչափերը` այդ մասին ներկայացնելով դիմում հարկային մարմին: Սույն մասով սահմանված դիմումը ներկայացրած անձի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի գումարը չի կարող գերազանցել սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» և 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված սահմանաչափերը: Անձը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել սույն մասով կատարված ընտրությունից` ներկայացնելով դիմում հարկային մարմին: Սույն մասում նշված դիմումները վարձու աշխատողը (բացի հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողից) հարկային մարմին է ներկայացնում գործատուի միջոցով:
12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դիմումները հարկային մարմին ներկայացնելու կարգը, դիմումի ձևը սահմանում է հարկային ոլորտի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 8-րդ մասի 1-ին կետը «սերիան» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով.

2) 8-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցի չափը.»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «եթե կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի» բառերից հետո լրացնել «կամ սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումի հիման վրա կամ դատարանի որոշման հիման վրա» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Օտարերկրյա պետությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադառնալու և (կամ) բնակություն հաստատելու դեպքում այդ պետությունում նրանց անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից այդ անձանց` Հայաստանի Հանրապետությունում բացված կուտակային կենսաթոշակային հաշիվներին գումարները փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության պետական լիազոր մարմինը:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը առաջին անգամ անձին ներկայացվում է կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումում նշված հասցեով` թղթային տարբերակով, եթե նա այլ տարբերակ չի ընտրել: Երկրորդ անգամ և հետագայում սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը թղթային տարբերակով ստանալու համար անձը յուրաքանչյուր անգամ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.

«2.1. Եթե անձը մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող որևէ դիմումում մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն ստանալու համար ընտրել է էլեկտրոնային եղանակը, ապա առաջին անգամ և հետագայում սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը անձին ներկայացվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որևէ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Եթե անձը ցանկանում է դադարեցնել սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվության ստացումը, ապա սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին:

2.2. Եթե անձը սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը թղթային տարբերակով ստանալու համար մասնակիցների ռեեստրը վարողին դիմում չի ներկայացրել, և մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա չէ տվյալ անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցե, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը անձին կարող է ներկայացվել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով (առկայության դեպքում):».

3) 3-րդ մասի առաջին նախադասության «բնակչության պետական ռեգիստրում նշված`» բառերը փոխարինել «մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա`» բառերով.

4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձն իրավունք չունի սույն օրենքով սահմանված կարգով ընտրելու պարտադիր կենսաթոշակային ֆոնդ կամ ֆոնդի կառավարիչ, փոխանակելու փայերը, դիմելու կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված դրամական միջոցները ստանալու համար, ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդի փայերը մարելու և արդյունքում ձևավորված դրամական միջոցները փոխանցելու օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին մինչև մասնակիցների ռեեստրը վարողին սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դիմումը ներկայացնելը:».

2) 14-րդ մասի «կենսաթոշակային տարիքը լրանալը» բառերը փոխարինել «կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) ժառանգների կամահայտնության հիման վրա փոխանցում է մահացած մասնակցի կենսաթոշակային հաշվին պահվող փայերը ժառանգի կենսաթոշակային հաշվին կամ մարում է այդ փայերը և արդյունքում ձևավորված դրամական միջոցները փոխանցում ժառանգի բանկային հաշվին, իսկ փայերն անժառանգ ճանաչվելու դեպքում մարում է կենսաթոշակային փայերը և ձևավորված դրամական միջոցները փոխանցում պետական բյուջե.»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10) այն մասնակիցների թիվը, որոնց համար (օգտին) տվյալ կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդին կատարվում են կուտակային հատկացումներ տարեկան պարբերականությամբ:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) վերնագիրը «ժառանգներին» բառից հետո լրացնել «և նոտարին» բառերով.

2) 1-ին մասը «ներկայացրել» բառից հետո լրացնել «, և նոտարներին, եթե ժառանգական գործի շրջանակներում վերջիններիս կողմից համապատասխան հարցում է ներկայացվել» բառերով:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ֆինանսական տարվա ավարտից հետո` մինչև մայիսի 1-ը, http://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի տարեկան ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը:»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը «համար» բառից հետո լրացնել «` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) 1-ին կետի «անձնագրի սերիան» բառերը փոխարինել «անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում)» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) մասնակցի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), մասնակցի կողմից նշված հասցեն և այլն).»:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Եթե անձը չի ներկայացրել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում, ապա մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային ֆոնդի ընտրությունից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին թղթային` մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով կամ էլեկտրոնային (առկայության դեպքում) ձևով տեղեկացում է ուղարկում տվյալ անձին (բացառությամբ այն դեպքի, երբ անձը ներկայացրել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմում): Ընդ որում, սույն մասի առաջին նախադասությամբ նախատեսված տեղեկացումը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տեղեկությունները:»:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) 7-րդ մասի «10 օրվա» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա» բառերով.

2) 10-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կանոնների համաձայն` ֆոնդի կանոններով սահմանված հիմքերով: Ընդ որում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կանոններով կարող են սահմանվել միայն Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ որոշմամբ սահմանված փայերի հետգնման (մարման) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկման կասեցման հիմքերը: Սույն կետով սահմանված դեպքում փոխանակման ենթակա փայերի հետգնումը (մարումը) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկումը կարող է կասեցվել ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով` նախապես տեղեկացնելով Կենտրոնական բանկին, մասնակիցների ռեեստրը վարողին և պահառուին փայերի հետգնման (մարման) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկման կասեցման մասին` նշելով դրա հիմքերը, ինչպես նաև այդ մասին տեղեկատվությունը երեք օրվա ընթացքում հրապարակելով մասնակիցների ռեեստրը վարողի և կառավարչի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերի իմաստով բաժնային արժեթղթերը չեն ներառում այն ներդրումային ֆոնդերի փայերը (բաժնետոմսերը), որոնց կանոնների (կանոնադրության) համաձայն` ֆոնդի ակտիվների առնվազն 90 տոկոսը կարող է ներդրվել միայն սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված բանկային ավանդներում, պարտքային արժեթղթերում:»

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 39-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը «Հայաստանի Հանրապետության,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության համայնքների,» բառերով.

2) 9-րդ մասի երկրորդ նախադասության «2 տոկոսը» բառերը փոխարինել «10 տոկոսը» բառերով.

3) 15-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մեկ անձի հետ ածանցյալ գործիքով կնքված գործարքի չափը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների արժեքի 10 տոկոսը, եթե գործարքի կողմը բանկ է, կամ գործարքը կնքվել է կարգավորվող շուկայում, և չի կարող գերազանցել 5 տոկոսը մնացած այլ դեպքերում:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ մասով.

«24. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել նոր թողարկված արժեթղթերում, որոնց թողարկման և (կամ) առաջարկի պայմանների համաձայն` դրանք պետք է թույլատրվեն սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված որևէ կարգավորվող շուկայում դրանց թողարկմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում:»:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը «ժառանգված» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր ֆոնդի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Եթե հատուցման դեպքն առաջացել է որևէ անձի անօրինական գործողությունների կամ անգործության (այդ թվում` կառավարչի ֆիդուցիար պարտականությունների խախտման) հետևանքով, ապա երաշխավորված պարտադիր կուտակային հատկացումների` ճշգրտված տարեկան գնաճով հատուցումն իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը և երաշխիքային ֆոնդը հետադարձ պահանջի իրավունք են ձեռք բերում տվյալ անձի նկատմամբ այն վնասի չափով, որի համար տվյալ անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:»:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 52-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.

«7. Անուիտետի միջոցով կենսաթոշակ ստանալու մասնակցի իրավունքը իրացնելու և մասնակիցների ռեեստրը վարողի կողմից նշված գործընթացը կազմակերպելու նպատակով ապահովագրական ընկերությունը պարտավոր է մասնակցի հետ սույն հոդվածով նախատեսված անուիտետի պայմանագիրը կնքելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնել հետևյալ տեղեկությունները.

1) մասնակցի անունը և ազգանունը.

2) մասնակցի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

3) կնքված անուիտետի պայմանագրի համարը.

4) պայմանագրի կնքման ամսաթիվը և գործողության ժամկետը:

8. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում ապահովել ստացված տվյալների գրանցումը:»:

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության մասին համապատասխան բնագավառի (սոցիալական ապահովության կամ առողջապահության) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը տեղեկացնում է մասնակիցների ռեեստրը վարողին` այդ հիմքերի առկայությունը հավաստող փաստաթուղթը անձին տրամադրելու օրվանից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկատվության տրամադրման կարգը և կազմը սահմանում է սույն մասով սահմանված համապատասխան բնագավառի` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:»:

ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 58-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 1-ին կետի «անձնագրի սերիան» բառերը փոխարինել «անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Կենսաթոշակային փայերի ժառանգման գործընթացը կազմակերպելու նպատակով նոտարը պարտավոր է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգելու մասին ժառանգության իրավունքի վկայագրում առկա տեղեկատվությունը տրամադրել մասնակիցների ռեեստրը վարողին` դրանք ժառանգին տրամադրելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Դիմումը մերժելու և դրա պատճառների մասին մասնակիցների ռեեստրը վարողը տեղեկացնում է դիմում ներկայացրած ժառանգին այն եղանակով, որ եղանակով դիմումը ներկայացվել է:»:

ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 81-րդ հոդվածի 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանված առավելագույն սահմանաչափերը (շեմերը) չեն տարածվում սույն օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերի վրա:»:

ՀՈԴՎԱԾ 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դիմումի ձևն ու ներկայացման կարգը հարկային ոլորտի` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի սահմանած նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո, և սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող 2.2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

23 մարտի 2017 թվականի
ՀՕ-71-Ն

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել