Սպանություն Ջրվեժում (լրացված)

Երեկ սպանություն է տեղի ունեցել Ջրվեժի Մայակ թաղամասում։ Ոստիկանության լրատվության բաժնից մեզ հաղորդեցին, որ ժամը 23:50-ին ահազանգ է գրանցվել, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը և Ջրվեժի Մայակ թաղամասի տներից մեկում հայտնաբերել 30-35 տարեկան տղամարդու դի։ Պարզվել է, որ մահացածը Ա․Հ․-ն է, Ջրվեժի բնակիչ։

Նրա մարմնի տարբեր մասերում կտրած ու ծածկած հետքեր են եղել։

Մեզ հետ զրույցում Ջրվեժի բնակիչներից մի քանիսը հայտնեցին, որ սպանվածի անունը Արո է, նա գործազուրկ էր։

Ջրվեժում տարածված լուրերի համաձայն՝ տղամարդուն կին է դանակահարել, թե ինչ պատճառով՝ բնակիչները չկարողացան մանրամասնել։ Նշված հանգամանքը փորձեցինք պարզել ոստիկանությունից, սակայն հայտնեցին, որ այս պահին այլ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։

Այս տեղեկատվությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկած անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում  պարզվել է 35-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ։  Մեկ անձ ձերբակալվել է: 2017թ. ապրիլի 11-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Ջրվեժի Մայակ թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Երևան քաղաքի  35-ամյա բնակչի դին՝ կրծքավանդակի առաջային և հետին մասում կտրած-ծակած վնասվածքներով:

Նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել͵ որ նշված բնակարանում͵ որտեղ սպանվել է տղամարդը͵ վարձակալական  հիմունքներով բնակվել է 42-ամյա մի կին։ Վերջինիս ինքնությունը և նրա առնչությունն սպանված տղամարդու հետ պարզվել է։

Կինը ձերբակալվել է և հարցաքննվել։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք վկաներ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները͵ կասկածյալի մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Նկատի ունենալով քրեական գործի առանձնահատկությունները՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի պաշտպանության նպատակով այլ մանրամասներ͵ այդ թվում՝ տուժողի և կասկածյալի անհատական տվյալները հրապարակման ենթակա չեն։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել