Դատարանների ծանրաբեռնվածությունն ամեն ինչի վրա ազդում է. դատավոր Արշակ Վարդանյան

Դատավոր Արշակ Վարդանյանը չի հերքում՝ այո, կալանքի կիրառումը խնդիր է դատական համակարգի համար, այդուհանդերձ, նա վստահ է՝ գործող օրենսդրական կարգավորումները թույլ են տալիս հավասարակշռել կալանքի և գրավի կիրառումը։ Դատավորն անգամ գործ է ունեցել, որի շրջանակներում մի քանի անգամ մերժել է կալանքը, գրավ կիրառել, սակայն վերադաս դատարանը բեկանել իր որոշումները։

Արշակ Վարդանյանը 2011թ․-ից նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնին, այս նույն դատարանը ժամանակին նախագահել է նրա հայրը։

Դատավորի հետ զրուցել ենք իրավական ու պրակտիկ խնդիրներից, բացասական և դրական երևույթներից, ինչպես նաև նրա նախասիրություններից ու ընտանիքից։

Մանրամասները՝ հարցազրույցում։

Պարոն Վարդանյան, ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք դառնալ դատավոր, Ձեր հայրը նույնպես դատավոր է եղել, միգուցե ընտանեկան մասնագիտությո՞ւն է սա։

– Ես ավարտել եմ Հ.Պարոնյանի անվան թիվ 59 միջնակարգ դպրոցը, որը նաև պարսկական թեքումով դպրոց, ծնողներս խորհուրդ էին տալիս ուսումս շարունակել արևելագիտության բնագավառով, կարծես թե վատ չէի տիրապետում այդ լեզվին։ Այդուհանդերձ, ես ընտրեցի հենց իրավաբանի ճանապարհը։Ընտրությունն, ըստ ամենայնի, կապված էր ընտանեկան միջավայրից, մեր տուն հաճախակի այցելող հորս ընկերներիհետ շփումներից, որոնք գլխավորապես իրավաբաններ էին, որի արդյունքում հետաքրքրություն էր առաջացել իրավաբանության, հատկապես քննիչի աշխատանքիհանդեպ։ Բուհն ավարտելուց հետո1999թ. մինչև 2011թ., 10  և ավելի տարիներ աշխատել եմ ՀՀ դատախազության համակարգում, ապա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, ունեցել եմ լավ ղեկավարներ, որոնց պարտական եմ իմ որոշակի առաջընթացով և հաջողություններով: Գլխավորապես ներգրավված են եղել քննչական աշխատանքում,փոփոխությունների ցանկություն կար, ուստի փորձեցի դառնալ դատավոր։ ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական շենքում տեղի ունեցած ՀՀ արդարադատության խորհրդի նիստին, երբ ինձ հարց տվեցին, թե լինելով քննիչ՝ ինչու եմ ցանկանում դատավորդառնալ (ի դեպ հարց տվողը նույն դատարանում ներկայումս աշխատող դատավոր Մ.Մակյանն էր), պատասխանեցի, որ քննիչի պաշտոնում աշխատելիս ինձ մոտկարծես լճացման փուլ է սկսվել, փոփոխությունների կարիք եմ զգում։ Արդյունքում նշանակվեցի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ինչը պարտավորեցնող էր, քանի որ նախ՝ նույն դատարանի նախագահի պաշտոնը տարիներ շարունակ զբաղեցրել էրհայրս՝ Ժորա Վարդանյանը, այսինքն՝ առկա էր և առկա է կենսաթոշակի անցած հայրիկիս հեղինակությունը բարձր պահելու պատասխանատվությունը, բացի այդ՝ դատական դպրոցը նոր ավարտած դատավորի թեկնածուինգերծանրաբեռնված տվյալ վարչական շրջանների դատավորի պաշտոնում նշանակվելու համար ներկայացնելը, առավել ևս՝ նշանակելը, ենթադրում էր նաև վստահության ցուցաբերում, քանի որ այդ դատարանում մշտապես աշխատել են բազմափորձ և իրենց գործին գիտակ դատավորներ: Հավանաբար նշանակություն է ունեցել նաև գիտությունների թկենածուի գիտական աստիճան ունենալը: Ես դատավորի պաշտոնին եմ նշանակվել 2011թ. հոկտեմբերի 31-ին, փաստացի աշխատանքի անցել նոյեմբերի 10-ից և մինչև տվյալ տարվա դեկտեմբերն ըստ էության քննել և ավարտել եմ 10 քրեական գործ, որը նոր դատավորի համար մեծ ձեռքբերում էր: Ծանոթ լինելով հորս աշխատաոճին նաև ղեկավարվելով նրա ամենօրյա խորհուրդներով՝ փորձում էի գործերն արագ քննել՝ իմանալով, որ Կենտրոնում եմ, «հոսքագիծը» խափանվելու է՝ հանգեցնելով գործերի կուտակումների: Մինչև տարվա վերջ դատարանի նախագահի կողմից ինձ մակագրվեցին մոտ 25 քրեական գործեր, ինչը բավականին լուրջ քանակ էր: Ավելին, 2012թ. հունվար ամսից գործերը սկսեցին մակագրվել համակարգչային ծրագրի միջոցով, որը փորձառու կամ ամփորձ դատավոր չէր ճանաչում։ Արդյունքում ինձ բաժին ընկան նաև ծանր և պատասխանատու գործեր՝ սպանությունների, ավազակային հարձակումների, բազմադրվագ հափշտակությունների և այլն։ Հիմա որ հետհայացք եմ նետում, զարմանում եմ, թե ոնց եմ գլուխ հանել (ժպտում է, – Գ․ Թ․), թեև, անկեղծ ասած, վերընթերցելով այդ տարիների կայացրած դատական ակտերս,ներկա պահինդրանք չեմ հավանում, ինչը, կարծում եմ, բնական երևույթ է։

Չեք փոշմանե՞լ, որ դատավոր դարձաք։

– Միանշանակ չեմ փոշմանել։ Դատավորի ու քննիչի աշխատանքի նույնությունն ու տարբերությունը վեր հանելով՝ կարող եմ նշել հետևյալը. միանշանակ քննիչի գործը բարդ է, նա քրեական գործըկառուցող, «գծերի վրա դնող», ըստ էության քրեական գործի հետագա ընթացքը նախաձեռնող պաշտոնատար անձն է, սակայն գերակշռող մեծամասնությամբ քրեական գործները նախաքննությամբ չեն ավարտվում, նույնիսկ ավարտվելու պարագայում ենթակա են դատական վերահսկողության: Քննիչի վրա է դրված առաջին հերթին մեղադրական բնույթի ապացույցներ ձեռք բերելու բեռը, մինչդեռ դատարանը, չեզոք մարմին է, չունի նման կաշկանդվածություն, նա արտա-հայտում է միայն իրավունքի շահերը, փաստացի գնահատում է այն ամենն ինչ ներկայացրել են կողմերը և հետազոտել է դատաքննությամբ: Քննիչն ի սկզբանե գիտակցում է, որ նախաքննության հնարավոր բացերը ծայրահեղ դեպքում կարող են լրացվել նաև դատաքննության ընթացքում, մեղադրողի ջանքերով: Միևնույն ժամանակ Դատարանը, ի համեմատություն քննիչի, ապացույցների գնահատման տեսանկյունով գտնվում է շահեկան վիճակում, սակայն նաև կրում է մեծ պատասխանատվություն, քանի որ այդ վերջնական որոշմամբ է պայմանավորված մարդու ճակատագիրը:

Այո, չեզոք այդ տեսանկյունից, սակայն հանրային գիտակցության տեսանկյունից, մեղադրում են դատավորին։

– Մեր իրականությունն է։ Ես փորձում եմ դատական ակտը հրապարակելուց հետո մարդկանց երկու բառով բացատրել դատավճռի էությունը՝ հատկապես այն պարագայում, երբ դատական ակտը հրապարակումից հետո կողմերին չի հանձնվում (սահմանված է հրապարկամն պահից այն հանձնելու 5-օրյա ժամկետ)։  Հակառակ դեպքում, երբ հրապարակում ես և դահլիճից դուրս ես գալիս, հազվադեպ, բայց հնչում են ռեպլիկներ, իսկ դու, որպես պաշտոնատար անձ, իրավունք չունեսդրանց հակադաարձելու։ Ամեն դեպքում, ճիշտ է կողմերին բացատրել, թե ինչու կայացվեց հենց այդ, և ոչ թե այլ որոշումը, թեև շատ դեպքերում դա էլ արդյունք չի տալիս: Բայցև եղել են դեպքեր, որ այն կողմը, ի վնաս ում որոշում եմ կայացրել, հեռացել է՝ խնդիրը հասկանալով և շնորհակալություն հայտնելով:

Պարոն Վարդանյան, խոսեցիք մարդկային հարաբերություններից, ավելի խորանանք այս հարցում, երբևէ եղե՞լ է, որ կայացնեք իրավական վճիռ, սակայն որին դեմ լինեք որպես մարդ։

– Բարդ հարց տվեցիք, փորձում եմ վերհիշել, թե նման ինչ դեպք է իմ պրակտիկայում եղել։ Ամեն դեպքում նման խնդիրներ ծագում են գրեթե բոլոր գործերով, ընդ որում՝ լուծումները փնտրում ես ոչ թե բացառապես դատական նիստերի դահլիճում գտնվելիս կամ քո աշխատասենյակում, այլ նաև դրանից դուրս: Կոլիզիաներըփորձում եմ լուծել օրենքի շրջանակներում, օրինակ՝ բավարար հիմքերի դեպքում մեղմ պատիժնշանակելու տարբերակով, օրինակ՝ եթե տեսնում ես, որ մարմնական վնասվածք պատճառելու պատճառ են հանդիսացել տուժողի հակաօրինական կամ հակաբարոյական գործողությունները, այդ պարագայում նշանակվող պատիժն էականորեն պետք է տարբերվի վրեժի շարժառիթով կատարված նույն արարքի համար նշանակվող պատժից: Տվյալ պարագայում ես կարևորում եմ դատավորի անձը և մարդկային որակները, իհարկե նաև լուծումը փնտրելու և գտնելու ցանկությունը, կարծում եմ նման պայմաններում միշտ էլ հնարավոր է գտնել ճիշտ համադրություն և ողջամիտ լուծում:

Դուք ինքներդ քանի արդարացման դատավճիռ եք կայացրել։

– եթե չեմ սխալվում,2015թ․-ին կայացրել եմ արդարացման 10 դատավճիռ, իսկ 2016թ․-ին՝ երկուսը, այս տարի արդեն երկու նման դատավճիռ կայացրել եմ։

Փաստաբանները արդարացման դատավճիռներով պայմանավորում են արդարադատության կայացմամբ, իսկ մեղադրողները՝ դա ընկալում են որպես սովորական աշխատանքային գործընթաց, իհարկե կան նրանք, ովքեր շատ ցավոտ են տանում արդարացումները։ Դուք ինչպե՞ս եք վերաբերում այս հանգամանքներին։

– Ես կարծում եմ, որ քրեական գործը կառուցելը, զրոյից սկսելը ավելի բարդ գործընթաց է, քան այնքանդելը և վիճարկելը, այս առումով պաշտպանական կողմը մեղադրող կողմի համեմատ գտնվում է ավելի բարենպաստ պայմաններում: Եթե պաշտպանական կողմը զրկված չէ մարտավարական սխալները դատավարության հետագա փուլերում շտկելու և «ուժերը» վերադասավորվելու հնարավորությունից, ապա քննիչը և դատախազը շատ դեպքում զրկված են այդ «ճոխությունից», մեղադրող կողմի ամեն մի վրիպակ կարող է ճակատագրական լինել, ինչը պարտավորեցնում է ցուցաբերել առավել բարեխիղճ և պարտաճանաչ վերաբերմունք աշխատանքի նկատմամբ: Ես կարծում եմ, որ ներկա պայմաններում իրավիճակը փոխվել է, եթե արդարացման դատական ակտը հիմնավորված և փաստարկված է, մեղադրողները թեև որպես կանոն բողոքարկում, սակայն արդարացումները ցավագին չեն ընդունում, ինչը նկատելի էր տարիներ առաջ: Պաշտպաններն էլ արդարացումը գնահատում են որպես բարեխղճորեն կատարած աշխատանքի արդյունք, որոշակի առումով՝ նաև հաղթանակ: Ես արդարացման դատական ակտերին վերաբերվում եմ որպես աշխատանքային գործընթացի արդյունք: Ասեմ նաև, որ պրակտիկայում ունեցել եմ դեպք, որ արդարացման դատական ակտ եմ կայացրել ամբաստանյալի նկատմամբ, ով դատաքննության սկզբնական պահից պաշտպան չուներ։

Ոչ էլ հանրային պաշտպա՞ն։

– Այո, ես ունեցել եմ գործ, որով անցնող ամբաստանյալն ապօրինաբար թմրամիջոց իրացնելու մեղադրանքով շուրջ երկու տարի գտնվում էրկալանքի տակ է, բայց ար-դարացվել և դատական նիստերի դահլիճից ազատ է արձակել, մեղադրողի վե-րաքննիչ բողոք էլ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է։ Այնպես չէ, որ այդ անձն իրավաբան էր կամ գրագիտորեն պաշտպանվում էր, որի արդյունքում էլ արդարացվեց։ Այս ամենով հանդերձ՝ կցանկանայի նշել, որ դա չի նսեմացնում փաստաբանների ակտիվ դերը՝ բացերը վեր հանելու և արդարացման դատական ակտ կայացնելու գործում, ինչն անժխտելի է։

Ձեզ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացր՞ել են։

– Ինձ բազմաթիվ անգամ նման միջնորդություններ ներկայացրել են, սակայն գերակշռող դեպքերում դրանք ներկայացվել են պաշտպանական կողմում հանդես եկող անձանց կողմից, մարտավարական նպատակով։ Եղել են նաև դեպքեր, որ ինքնաբացարկ է ներկայացվել այն հիմքով, որ նույն կողմին վերաբերող վճիռը, որը անչվում էր նաև իմ վարույթում քննվող բողոքին, նախկինում կայացրել էր հայրս՝ Ժորա Վարդանյանը: Նման ինքնաբացարկները մշտապես բավարարել եմ: Տպավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով բողոքի քննարկման ժամանակ իմ կուրսեցու նախկին ամուսնու ներկայացրած բացարկը: Տվյալ բողոքը ստացել էի, համակուրսեցուս ամուսնուն չէի ճանաչում, իսկ ԵՊՀ-ն ավարտելուց հետո կուրսեցուս հազիվ թե մեկ կամ երկու անգամ տեսած լինեի։ Նիստի ժամանակդիմողը նշեց, որ նախկին ամուսինների միջև ծագած վեճի հիմքում ընկած է փոքրահասակ երեխայի խնամքի հարցը, ուստի ցանկալի չէ, որ ես քննեմ վերոնշյալ բողոքը: Ըստ էության դա ինքնաբացարկի հիմք չէր, բայց ես ինքնաբացարկի միջնորդությունը բավարարեցի։ Ինքնաբացարկը օգտագործվում է որպես մարտավարական հնարք, որպես կանոն հաջորդում է մինչ այդ հարուցված և մերժված այլ միջնորդությանը՝ դրանով իսկ կարծես կողմի դժգոհությունն արտահայտելով Դատա-րանի կայացրած նախորդ որոշման առնչությամբ:Գրեթե առանց բացառության այդ միջնորդությունները մերժել եմ: Մի գործ ունեի, որը քննել եմ շուրջ երեք տարի, ինչն աննախադեպ էր իմ պրակտիկայում: Խոսքս փոխանակման կետերի աշխատողների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներիկամ մամուլում «Բանդա 2» անվամբ հիշատակվող գործի մասին է, որով ի սկզբանե ամբաստանվում էին 9 անձ, վերջում՝ միայն 4-ը։ Այդ գործով, երևի շուրջ 10 և ավելի անգամ ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացվել, պաշտպան կար, որդատաքննության ընթացքում երեք անգամ ինձ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ Ո՞րն է խնդիրը, նման գործերով որպես կանոն շատ ուշադիր ենք և բծախնդիր, հատկապեսերբ ամբաստանյալին վերագրված արարքները ծանր կամ առանձնապես ծանր են, վերագրվում է սպանության կատարում, որպես կանոն լարվածությունը գագաթնակետին է հասնում։ Ամեն մի փոքր կայծիցդահլիճում կարող է «հրդեհ» ծագել, ինչը շատ դեպքերում կարող է պայմանավորված լինել նաև նիստը նախագահող դատավորի ոչ ադեկվատ գործողություններով։ Ակնհայտ էր, որ այդ գործով ի սկզբանե բացակայում են իմ դեմ ինքնաբացարկ հայտնելու հիմքերը, դրանք ներկայացվում էին մարտավարական նպատակներով, սակայն որպես դատավոր չես կարող այդ միջնորդությունը բավարարել.  ինքնաբացարկն ընդունելու դեպքում կարող ես ազատվել բավականին ծավալուն գործից, սակայն այդ քայլով խախտում եմ ամբաստանայլենի արդար դատաքննության իրավունքը (գործը ողջամիտ ժամկետում քննելու և լուծելու տեսանկյոունով), փաստի առաջ ես կանգնեցնում դատավարության մյուսմասնակիցներին, նաև վարչական նույն շրջանների այլ դատավորներին, քանզի նոր կազմով գործի քննությունը ենթադրում է նաև դատաքննության վերսկսում, այսինքն՝ նույնիսկ հետազոտված ապացույցների վերստին հետազոտություն, վկաների համար դատական քաշքշուկ:

– Պարոն Վարդանյան, հատկապես հանրությանը հայտնի Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվանից հետո, հաճախ է խոսվում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վտանգներից։ Շեշտվում է, որ հենց կալանավորումը ու կալանքի ժամանակ հացադուլը ստիպեց, որ նա մահանա։ Այս մասին մշտապես է խոսվում, Արթուր Սարգյանն այս արատավորված ինստիտուտի միակ զոհը չէ, դուք դատավորներդ փորձո՞ւմ եք որևէ կերպ փոխել մոտեցումները։

– ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում դրան տրվել է որոշակի լուծում, նախատեսվել են նոր խափանման միջոցներ, կարծում եմ, որ այդ խնդրի լուծումը ժամանակի հարց է։

Այո, բայց բավականին երկար ժամանակ է ինչ անորոշ վիճակում նոր օրենսգրքի ընդունումը, 2012թից Ազգային ժողովում է ու դեռ քննարկվում է։

– Ճիշտ եք, այդուհանդերձ, այդ հարցի լուծումը նոր օրենսգրքում որոշակիորեն  տրվել է, իրականում կարծում եմ, որ կալանավորման միջնորդությունները բավարա-րելու որոշումների քանակը շատ է, այդ թվում նաև մեր դատարանում։ Կոնկրետ այս դեպքով, որքանով որ ես տեղեկացված եմ, դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չկա, այսինքն՝ ոչ թե մամուլում շրջանառվող վարկածների, այլ մասնագիտական տեսանկյունով Արթուր Սարգսյանի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ, որի պայմաններում հնարավոր չէ որևէ դատողություններ անել:

Մենք փորձում ենք լուծումներ տալ կալանքի և դրա այլընտրանքային տեսակը հանդիսացող գրավի խնդիրներին, մասնավորապես՝թեև ՄԻ եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ վերագրված հանցանքի ծանրությունն ինքնին անձին կալանավորելու բավարար և հիմնավոր փաստարկ չէ, սակայն պրակտիկայում կալանավորման միջնորդություն-ները քննարկելիս և/կամ գրավի թույլատրելիության հարցը պարզելիս դատավորներս այդ հանգամանքը հաշվի ենք առնում:  Ընդ որում, նման միջնորդությունների մերժ-մանն անմիջապես հաջորդում է հսկող դատախազի վերաքննիչ բողոքը, որը միշտ չէ, որ մերժվում է: Օրինակ, տարիներ առաջմերժել էի հետախուզման մեջ գտնվող ՀՀ քրեական օրենսգքրի 193-րդ հոդվածով մեղադրվող անձի վերաբերյալ կալանավոր-ման միջնորդությունը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այն բեկանել էր, որպես խափանման միջոց էր ընտրել կալանք: Այդ անձը հայտնաբերվելէր և նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացենլու վերաբերյալ հերթական միջնորդությունը քննարկելիս կիրառել էի գրավ: Վերջինս գրավի գումարը վճարել և հայտնվել էր ազատության մեջ, սակայն դատախազի վերաքննիչ բողոքը վերստին բավարարվել և մեղադրյալը հայտնվել էր անազատության մեջ: Այս նույն գործով կալանքի ժամկետի երկարացման հերթական միջնորդությունը վերստին  մակագրվել էր ինձ, ու թեև համոզված էի, որ տվյալ մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի էր, սակայն այդ անգամ կալանավորման ժամկետը երկարացրի, քանի որ դեռևս նախորդ միջնորդությունից հայտնի էր Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը:Հետո թե ինչ եղավ այդ գործը, տեղյակ չեմ, քանի որ այդ գործը կարծես ընդդատյա չէր մեր դատարանին։ Ամեն դեպքում հաշվի ենք առնում տվյալ հարցով նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիրքորոշումները: Մյուս կողմից հասկանում ես, որ կալանա-վորված անձանց քանակը շատ է, այն դեպքում, երբ դատարանին, ինչպես և քննիչին ձեռնտու է, որ ամբաստանյալըկամմեղադրյալը գտնվեն ազատության մեջ, նրանց ավելի դյուրին է նիստերին ապահովել։ Կարծում եմ, որ տվյալ հարցը հիմնավո-րապես կլուծվի ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով։

Ի՞նչ է այսօր խանգարում դատական համակարգի կայունացմանը։

– Նախ ասեմ, որ դատական համակարգի կայունացման հիմնական գրավականը բանիմաց կադրերն են, նման կադրերով համակարգը համալրելը, այդ առումով այսօր դրական առաջընթաց եմ նկատում:  Անշուշտ, հին սերնդի դատավորներից շատ բան ենք սովորել և սովորում, ինչպես մասնագիտական, այնպես էլ մարդկային հարաբերությունների բնագավառներում, դա անուրանալի է։ Իմ կարծիքով դատական համակարգի կայունացմանը կնպաստի դատավորների գերծանրաբեռնվածության նվազե-ցումը։

Այդ, մասին բոլոր դատավորներն են ինձ ասել, ում հետ հարցազրույց եմ ունեցել։

– Այո, խնդիրը շատ լուրջ է։ Այս պահին մեր վարչական շրջանների ընդհանուր իրավասութ¬յան դատարանի յուրաքանչյուր դատավոր իր վարույթում ունի շուրջ 40 գործ, ինչն ամենևին էլ պայմանավորված չէ գործերը քննությունը ձգձգելու հան-գամանքով: Որքանով որ ես տեղյակ եմ, մարզերում կան դատարաններ, որտեղտարվա ընթացքում 50 քրեական գործ էմուտք լինում։ Ստացվում է, որ մեկ-երկու ամսվա կտրվածքով նիստերն արդեն նշա¬նակ¬ված են: Նման ծանրաբեռնվածությունն ազդում է ամեն ինչի, այդ թվում՝ գործերի քննության ժամկետների, դատական ակտերի որակի վրա: Զարմանալի է, բայց ունենք նաև դատական նիստերի դահլիճի խնդիր, այսինքն՝ ոչ բոլոր դատավորներն ունեն իրենց դահլիճը։

Թե չեմ սխալվում, ժամանակին Կենտրոնի դատարանում եղել են առանձին սենյակներ դատախազների ու փաստաբանների համար, որոնք վերածվել են նիստերի դահլիճների։

– Այո, այդպես է։ Մենք ունեինք համապատասխան սենյակ, որը պայմանա¬կանորեն կարող ենք դատական նիստերի դահլիճ համարել, շատ փոքր է՝ մոտ 6մ2, թեև դրանում դատական նիստեր են կայանում։ Ներկայումս խնդիրը կարգավորում ենք իրար հետ նիստերի ժամերը համաձայնեցնելով։ Զվարճալի դեպքեր էլ են գրանցվել, երբ նիստ ես անում, կարգադրիչների միջոցով հիշեցնում են, որ «ժամդ» ավարտվում է, տվյալ դահլիճում այլ դատավորը նիստ ունի: Եվ դա այն պայմաններում, երբ շատ դեպքերում գործերը մեծածավալ են կամ վկաները մարզերից են գալիս և նրանց հնարավոր չէ ողջամիտ պարզաբանում տալ, թե ինչպես է, որ դատա¬վորը դահլիճ չունի և նիստը այդ պատճառաբանությամբ է հետաձգվում: Կարծում եմ, որ դատա-րանի նյութատեխնիկական ապահովվածությունը ևս շատ կարևոր է։

Իսկ օրենսդրական կարգավորումները արդյոք չեն խանգարում ձեզ։

– Ոչ, խնդիրն ավելի շատ ոչ թե օրենքների որակի, այլկիրառման ոլորտում է։ Եթե ցանկացած պաշտոնատար անձ կամ պետական մարմին իր գործա¬ռույթն բարեխղճորրեն և հստակ իրականացնի, այսինքն՝ “զբաղվի իր գործով> /ինչպես հայրս էր սիրում ասել/, կարծում եմ, որ որևէ բան, նույն¬իսկ՝ օրենքի են¬թադրյալ անկատար լինելը, չի կարող այդ մարմիններին և պաշտոնատար անձանց խանգարել: Խոսքը վերաբերում է նաև դատա¬րանին, ում գործու¬նեությունը պայմանավորված է նաև վերոնշյալ պաշտոնատար անձանց և մարմինների արդյունավետ գործուենութ-յամբ։

Ինչպե՞ս եք վերաբերում, երբ դատավորը հայտնվում է կոռուպիոն սկանդալի կենտրոնում։

– Կոռուպցիան, նաև նման սկանդալներն եղել են և կմնան յուրաքանչյուր հասարա-կության ուղեկիցը, կոռուպցիայի դեմ թեև տարվում է ակտիվ պայքար նույնիսկ առաջադեմ երկրներում, սակայն նման երևույթները չենբացառվում և կարող են լինել բոլոր պետական մարմիններում, նաև մեր համակարգում։ Նման սկանդալներին վերաբերում եմ երկակի, մի բան է, որ այն հաստատվում է պատշաճ ընթացակարգով, այն է՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով, մեկ այլ բան է, երբ ինչ-որ շարժառիթով ուղղակի անձին վարկաբեկում են:

Նույն խնդիրն ունենք նաև այլ ոլորտներում, շատ հաճախ մարդկանց բերման են ենթարկում կամ կալանավորում, ոստիկանությունը նկարահանում է, հրապարակում լուսանկարներ, հայտարարում, որ հանցագործը հենց այդ անձն է, սակայն լինում են դեպքեր, երբ անձը արդարացվում է։

– Հնարավոր է նաև նմանատիպ հանգուցալուծում, ապացույցի կամ ապացույցների գնահատման խնդիր է, եթե վարույթը հարուցվել, ապացույցները ձեռք են բերվել և դատավարական գործողություն¬ները կատարվել են քրեադատավարական օրենքի պահանջների պահպանմամբ, չեմ կարծում, որ տվյալ անձի արդարացման հավանա-կանությունը մեծ լինի: Նախ, ոստիկանությունը նման հայտարարություն անելով ըստ էության խախտում է անմեղության կանխավարկածը, քանզի մեղավորության հարցը կարող է  հաստատել միայն դատարանը, այն էլ՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Բացի այդ, տեսագրությունը դիտող քաղաքացու համար միգուցե և ամեն ինչ պարզ է և հասկանալի՝ հանցանք կատարելու և այն կատարող անձի վերաբերյալ, սակայն Դատարանում նույն տեսագրությունը որպես ապացույց օգտագործելու համար սահմանված են մի շարք պայմաններ ՀՀ քրեական դատավորության օրենսգրքի 105-րդ հոդված և այլն, որոնց չպահպանումը և այդ «ապացույցը» կուրորեն ընդունելն ու վերջնական դատական ակտի հիմքում դնելը կարող է հանգեցնել չարաշահումների և կամայականության, իսկ որպես դրա հետևանք՝ անհիմն արդարացումների կամ դատապարտումների:

Մի քանի անձնական հարցեր տամ, նախ խնդրում եմ պատմել ձեր ընտանիքի մասին։

– Մայրս, ով հայոց լեզվի մասնագետ է, ներկայումս կենսաթոշակառու է, կինս դասախոս է, դասավանդում է ԵՊՀ-ում, գիտութ¬յունների թեկնածու է, երեխաներս դպրոցական են, աղջիկս՝ Անին 14 տարեկան է, որդիս՝ Գևորգը՝ 10 տարեկան:

Ի՞նչ նախասիրություններ ունեք։

– Մինչև դատավոր դառնալը, շախմատ եմ պարապել, վարպետության թեկնածու էի, սակայն 1993 թվականից, այսինքն՝ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդուն¬վելուց ի վեր այդ սպորտաձևով չեմ զբաղվում։ Ի դեպ, ես խաղացել և խաղաղ դաշն եմ կնքել նույնիսկ երջանկահիշատակ Կարեն Ասրյանի (Կարեն Ասրյանը հայ շախմատի միջազգային գրոսմայստեր է, մահացել է 2008թ․-ին)։ Շախմաատի տանը կազմակերպվող մեր մրցույթներին երբեմն մասնակցել էնույնիսկ Լևոն Արոնյանը, սակայն այդ տարիներին անգամ նաշատ ուժեղ շախմատիստ էր։

Իսկ ներկայումս խաղո՞ւմ եք շախմատ։

– Առաջին ուսուցիչը և հիմնական մրցակիցը երջանկահիշատակ հայրս էր։ Երբ ուժեղացա և սկսեցի պարբերաբար նրան հաղթել, դադարեց իմ հետ խաղալը, խաղում էր բակի ուժերով հավասարազոր մրցակիցների հետ։ Ներկայում համակարգչի հետ կամ համացանցով եմ խաղում, սակայն հազվադեպ, քանի որ դատավորի ազատ ժամանակը խիստ սահմանափակ է։ Գրեթե շաբաթ-կիրակի էլ չունեմ, գործերով գերծանրաբեռնված լինելու պատճառով, ինչպես և մեր դատարանի մյուս դատավորները, աշխատավայր եմ գնում նույնսիկ շաբաթ օրերին, գործի մի մասն էլ շարունակում եմ տանը։

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Մտահղացման հեղինակ Կարեն Զադոյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել