Կանխելով ինքնասպանությունը՝ մեղադրվեց առևանգման համար. ի՞նչ վճիռ կայացրեց դատարանը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 7-ին ոչ սովորական գործ է հանգուցալուծել։ Դատարանն արդարացրել է առևանգման մեջ մեղադրվող Սուրեն Կ․-ին (անունը փոփոխված է)։ Նրա իրավունքների պաշտպան Արմինե Ֆանյանը մեզ տեղեկացրեց, որ Սուրենը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածով։ Անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Գործի նախապատմությունը հետևյալն է՝ Սուրեն Կ.-ն իր ընկերոջ հետ ավտոմեքենայով երթևեկում է Կիևյան կամրջով և տեսնում, որ մի երիտասարդ կին սեփական մեքենայից դուրս է գալիս՝ շարժիչն առանց անջատելու և վազում դեպի կամրջի ճաղավանդակները և կիսով չափ կախվում: Սուրեն Կ.-ն կարծում է, որ նա ցանկանում է ցած նետվել, ուստի ընկերոջը խնդրում է մեքենան կանգնեցնել, դեռևս ընտացքի մեջ դուրս է գալիս և վազում դեպի ինքնասպանություն փորձ կատարել ցանկացող կինը, գրկում է նրան և ետ բերում։

Փաստաբան Արմինե Ֆանյան

«Աղջիկը լացում է, ասում է, որ չի ուզում ապրել, պաշտպանյալս աղջկան բերում և նստացնում է մեքենայի ղեկին ու հորդորում գնալ,- պատմում է Արմինե Ֆանյանը, նրա փոխանցմամբ՝ երիտասարդ կինը եղել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում,- Երբ նրան նստացնում է մեքենայի ղեկին, նա նորից դուրս է գալիս ու գնում դեպի ճաղավանդակները, որ ցատկի, պաշտպանյալս դա տեսնելով, նրան հետ է բերում, քանի որ շտապում էր այլ տեղ, աղջկան նստացնում է մեքենայի հետևի հատվածում ու այդ աղջկա մեքենայով գնում են: Ճանպարհին աղջիկը հորդորում է կանգնել, սակայն պաշտպանյալիս փոխանցմամբ՝ ամբողջ ընթացքում նա արտասվում էր ու հայտնում, որ նորից է ինքնասպանության գնալու: Ճանապարհին մեքենան վթարվում է, աղջիկը պահանջ է ներկայացնում, որ վթարի համար իրեն գումար փոխանցի տղամարդը, սակայն խոշոր չափի գումար է նշում, հակառակ դեպքում սպառնում է հայտնել իրավապահներին, որ իրեն առևանգել են: Բնականաբար, պաշտպանյալս չի կարողանում այդ ծախսը սահմանված ժամկետում հոգալ, ու աղջիկը դիմում է ոստիկանություն»:

Սուրեն Կ.-ին մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով, բացի այդ, նախաքննության ընթացքում իրավապահները թմրամիջոց են հայտնաբերում ամբաստանյալի գրպանից և առաջադրում են ևս մեկ հոդվածի մեղադրանք:

«Դատաքննության ընթացքում մեր կողմից հրավիրված վկաներին լսելով ու մյուս հանգամանքները քննարկելով՝ դատարանը որոշում է, որ 131-րդ հոդվածով անձը ենթակա չէ պատասխանատվության ու նրան արդրարացնում է, բացի այդ պաշտպանյալս մեկ այլ հոդվածով էլ մեղադրանք ուներ, որով ինքը 6 ամիս ազատազրկման էր դատապարտվել, 268 հոդվածի 1-ին մասով դատապարտվեց  9 ամիս ազատազրկման ու դատավորը մյուս պատիժը մասնակի գումարելով՝ մեկ տարի պատիժ նշանակեց: Քանի որ Սուրեն Կ.-ին ձերբակալել էին շուրջ մեկ տարի անց ու նա կալանքի տակ էր մնացել, ապրիլի 30-ին վերջինս ազատ կարձակվի»,- նշեց փաստաբանը:

Մեղադրողը պահանջել էր 5 տարի ազատազրկում, գործի դատաքննությունը նախագահել է դատավոր Մեսրոպ Մակյանը:

Փաստաբանի մանրամասնեց, որ իր պաշտպանյալն ու երիտասարդ կինն իրար չեն ճանաչել մինչ դեպքը. «Նախաքննական մարմինը առաջնորդվել է նրանով, որ փաստը կա ու աղջկա մեքենայով են գնացել, իսկ աղջիկն էլ ասում էր, որ ինքը ոչինչ չի հասկացել այդ օրը, գործում նաև առկա էին աղջկա հարազատների նույնաբովանդակ ցուցմունքները, որոնք հղում էին անում իրենց աղջկա խոսքերին՝ ասելով, որ նա տանն իրենց հայտնել էր, թե իրեն առևանգել են: Այդ աղջիկը դատարանում ասել է, որ ընդհանրապես ինքնասպանության նպատակ չի ունեցել, վատ է զգացել ու գնացել է դեպի ճաղավանդակները, բացի այդ, նաև հայտնել է, որ հնարավոր էր մյուս անցորդների մոտ տպավորություն ստեղծվեր, թե իինքնասպանության է դիմում, քանի որ բարձրացել էր ճաղավանդակների վրա»,- եզրափակեց Արմինե Ֆանյանը:

Հիմնական լուսանկարում՝ դատավոր Մեսրոպ Մակյանը

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել