Ի՞նչ անել, եթե ավելի շատ կուտակային հատկացում եք կատարել, քան պահանջվում է

Եթե կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը եկամուտ է ստանում միաժամանակ մեկից ավելի աղբյուրներից, և ստացվող համախառն եկամուտը գերազանցում է ամսական 500 000 դրամը, իսկ նոտարների և անհատ ձեռնարկատերերի դեպքում` տարեկան 6 000 000 դրամը, ապա առաջանում է մասնակցի կողմից կատարվող սոցիալական վճարների գերավճար, որը ենթակա է վերադարձման մասնակցին` բանկային փոխանցման միջոցով:

Կուտակային համակարգում 2014 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններից մեկը կուտակային վճարների առավելագույն շեմի սահմանումն էր, ինչի արդյունքում ամսական 500 000 դրամից ավելի եկամուտ ստացող անձինք կատարում են ֆիքսված` 25 000 դրամի չափով հատկացում, ևս այդքան նրանց համար փոխանցում է պետությունը պետական բյուջեից:

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները, եթե տարեկան եկամուտը գերազանցում է 6 000 000 դրամը, կատարում են տարեկան 300 000 դրամ սոցիալական վճար, ևս այդքան նրանց օգտին հատկացվում է պետական բյուջեից:

Եթե Դուք եկամուտ եք ստանում միաժամանակ մեկից ավելի աղբյուրներից, և ստացվող համախառն եկամուտը գերազանցում է ամսական 500 000 և տարեկան 6 000 000 դրամը, ապա յուրաքանչյուր եկամտից առանձին-առաձին կատարված 5 տոկոս հատկացումների արդյունքում Դուք ունենում եք սոցիալական վճարի գերավճար:

Առաջին անգամ գերավճար առաջանալու դեպքում հարկային մարմինը այդ մասին ծանուցում է մասնակցին` նշելով գերավճարի չափը և մասնակցի կողմից իր բանկային տվյալները հարկային մարմին ներկայացնելու  անհրաժեշտությունը:

Ծանուցումը ստանալուց հետո մասնակիցը պետք է իր բանկային տվյալները` ծանուցման հետ միասին, ներկայացնի իր բնակության վայրի հարկային տարածքային տեսչություն:

Մասնակցի բանկային տվյալները ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում  հարկային մարմինը գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական, որից հետո ևս երկու աշխատանքային օրվա ընթացքում գումարը փոխանցվում է մասնակցի բանկային հաշվին:

Հետագայում նույն մասնակցի համար սոցիալական վճարի գերավճար առաջանալու դեպքում հարկային մարմինը այլևս այդ մասին չի ծանուցում, և գերավճարի առաջանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարման հանձնարարական է ուղարկում գանձապետարան:

Այսպիսով, եթե Դուք եկամուտ եք ստանում մեկից ավելի աղբյուրներից, և ամսական համախառն եկամտի չափը 500 000 դրամից ավելի է, ապա վստահացեք, որ ստացել եք հարկային մարմնից ծանուցում սոցիալական վճարի գերավճարի վերադարձի մասին, և Ձեր գումարը վերադարձվել է Ձեզ` Ձեր ներկայացրած բանկային հաշվին:

Բոլոր հարցերով կարող եք դիմել սոցիալական ոլորտի 114 թեժ գծին կամ www.epension.am կայքի առցանց խորհրդատուին:

«Նորք» կենտրոն 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել