«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի անդամների և ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի միջև հանդիպում տեղի ունեցավ

Երևանում այսօր տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի անդամների և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի աշխատանքային հանդիպումը։

Հանդիպմանը ԱԼԳ-ից մասնակցում էին Հայաստանի ազգային պլատֆորմի 5 ոլորտային աշխատանքային խմբի ներկայացուցիչները և նույն պլատֆորմի քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանը:

Հանդիպումը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ով ներկայացում էր պատրաստել կազմակերպության և ևս 5 ՀԿ-ների կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի վերաբերյալ։

Կարեն Զադոյանը մանրակրկիտ ներկայացրեց ծրագիրը և դրա նպատակները․ «Ծրագրի առանձնահատուկ նպատակներն են քաղաքացիական հասարակության և նրանց կոալիցիաների կարողությունների ուժեղացումը, ինչպես նաև մենք նպատակադրված ենք աջակցել կազմակերպությունների ու կոալիցիաների մասնակցությամբ հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներին, հանրային վերահսկողության իրականացմանը, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշմանը և հանրային քաղաքականությունների մշակմանը, ՏԻՄ-երի և կառավարության հետ քաղաքականությունների մշակման գործընթացքում ռազմավարական փոխգործակցությանը»,- շեշտեց պարոն Զադոյանը։

Ներկայացումից հետո ծավալվեց արդյունավետ քննարկում ծրագրի շուրջ, Կարեն Զադոյանը պատասխանեց հարցերին, այնուհետև հարցուպատասխանը սահուն կերպով վերածվեց ծանրակշիռ քննարկման։ Արդյունքում, վեր հանվեցին մի շարք խնդիրներ հանրային քաղաքականությունների մշակման և վերահսկողության իրականացման դաշտում, կառավարության հետ երկխոսության ոլորտներում, ինչպես նաև մատնանշվեցին ոլորտային հիմնախնդիրները ու առանձնացվեցին հանրության համար կարևոր և արդիական այլ ոլորտներ։

ԱԼԳ-ի աշխատանքային խմբի անդամները ներկայացրին իրենց ոլորտներում առկա խնդիրները՝ կարևորելով կոալիցիաների ձևավորումն ու դրանց կայունության ապահովումը։

Հիշեցնենք, որ  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն կյանքի է կոչվելու Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների  «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել